Իշխանության թվային պաշտպանությունը քաղաքական վակուումի պայմաններում

Հայաստանյան սոցիալական մեդիայի, մասնավորապես՝ Ֆեյսբուքի հատվածում, արդեն տարիներ շարունակ նկատվում է օգտատերերի արձագանքների ակնհայտ անհամաչափություն՝ կապված իշխանության տարբեր ինստիտուտների քննադատության հետ։ Այս անհամաչափությունը հատկապես ակնհայտ է դառնում ընտրությունների մոտենալու, եկեղեցու և ընդդիմության վրա ճնշումների ուժգնացման, ինչպես նաև իշխող թիմի համար իրական քաղաքական հակակշռի բացակայության պայմաններում։

Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ուղղված քննադատությունը, նույնիսկ եթե այն չափավոր է տոնայնությամբ, առաջացնում է ագրեսիվ և ակնթարթային արձագանք։ Բնորոշ օրինաչափություն է. պաշտպանողական մեկնաբանությունների հեղեղ հաշիվներից, որոնք մեծամասամբ չեն ցուցաբերում օրգանական, իրական ակտիվության նշաններ` հաճախ բացակայում են անձնական լուսանկարներ, գրառումներ, ընկերներ, իսկ նրանց բովանդակությունը հիմնականում կայանում է իշխանամետ նյութերի վերահրապարակումներից, կարգախոսներից և մեմերից։ Սրանք պարտադիր չէ, որ տեխնիկական ֆեյքեր լինեն, սակայն դրանք գործում են որպես թվային միջնորդներ՝ ապահովելով «զանգվածային աջակցության» և «հանրային համաձայնության» տեսողական էֆեկտ։

Փաշինյանի հասցեին քննադատություն պարունակող գրառումների կամ հրապարակումների մեկնաբանությունները հիմնականում կառուցվածքով նույնական արտահայտություններ են պարունակում, ինչպիսիք են՝ «ուրիշ ո՞վ, եթե ոչ նա», «դուք ավելի լավ առաջարկեք», «իսկ նախկինները» և իհարկե հայհոյանքներ, որոնք ոչ մի կապ չունեն նյութի էության և բովանդակության հետ։ Նմանատիպ, բայց պակաս ակտիվ իրավիճակ է նկատվում նաև խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի դեպքում, ում մեդիակերպարը, կարծես, նույնպես ընդգրկված է թվային ակտիվ պաշտպանության գոտում։

Սակայն ամենամեծ անջրպետը նկատվում է իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հանդեպ վերաբերմունքում։ Կուսակցության՝ որպես կառույցի, քաղաքական բրենդի կամ որոշումների կայացման մեխանիզմի հասցեին քննադատող գրառումները գրեթե երբեք չեն առաջացնում համեմատելի մասշտաբի թվային դիմադրություն։ Ընդ որում, նման գրառումները նաև չեն ստանում օգտատերերի աջակցությունը։Այսինքն կուսակցությունը՝ ինչպես հասարակության, այնպես էլ, հավանաբար, հենց իշխանության գիտակցության մեջ, չի ընկալվում որպես ինքնուրույն սուբյեկտ։ Այն զուրկ է քաղաքական հեղինակությունից և ընտրական կշռից՝ առանց իր առաջնորդի ։ Ինչպես այսօրվա, այնպես էլ նախկին իշխանությունների կառուցվածքն ինքնին սա արտացոլում էր. ուղղահայացը կառուցված էր և կառուցված է ոչ թե կուսակցության ինստիտուտի, այլ անհատի շուրջ, և տեղեկատվական պաշտպանության ջանքերն ուղղված են հիմնականում անհատին, այլ ոչ թե կառույցին։ Այդ իսկ պատճառով «առաջնորդի» թվային պաշտպանությունն աշխատում է արագ, համակարգված և մասշտաբային, մինչդեռ կուսակցությունը  ընկալվում է որպես երկրորդական, տեխնիկական կառույց։

«Քաղաքացիական պայմանագիրը» գործում է որպես գործիք՝ խորհրդարանական մեծամասնություն պահպանելու համար, քան որպես ծրագրի կամ արժեքների համակարգի կրող։ Նման կառույցը կարող է ապահովել կառավարելիություն, սակայն չի ապահովում կայունություն, հատկապես արտակարգ իրավիճակներում, միջազգային ճնշման կամ ներկուսակցական հակամարտության դեպքում։ Սա առաջնորդակենտրոն մոդել է, որը քողարկված է ինստիտուցիոնալ ժողովրդավարության տակ։ Այստեղ քաղաքական պատասխանատվությունը խամրած է, քանի որ կուսակցությունը չի ասոցացվում կոնկրետ որոշումների հետ։ Ողջ պատասխանատվությունն ու լեգիտիմությունը կենտրոնացված են մեկ անձի շուրջ։ Սակայն խորհրդարանական հանրապետությունը, իր էությամբ, կոչված է ճիշտ հակառակն ապահովելու։

«Քաղաքացիական պայմանագիրը» իր էությամբ և ֆունկցիոնալությամբ հիշեցնում է այտոջլի նիմփա, որը չի անցել փոխակերպման ոչ մի փուլ։ Սա հասունացման փուլ չէ, այլ սառած, դեգեներացված ձև է, որը ֆունկցիոնալ է ճիշտ այնքան, որքան սնվում է շրջակա միջավայրից՝ այս դեպքում առաջնորդի շուրջ ձևավորված մեդիայի և ընտրական աուրայից։ Համակարգում, որտեղ չկա ո՛չ ուժեղ ընդդիմություն, ո՛չ կուսակցական մրցակցություն, «նիմփան» կարող է երկար գոյատևել։ Սակայն այն չի դառնա լիարժեք քաղաքական օրգանիզմ։ Իսկ դա նշանակում է, որ այն չի կարող ո՛չ դիմակայել ճգնաժամին, ո՛չ ապահովել առաջընթաց, ո՛չ էլ պաշտպանել երկիրը։

Scroll to Top