ԱՄՆ-ն պատրաստում է Ադրբեջանին Իրանի դեմ գործողությունների

ԱՄՆ-ն պատրաստում է Ադրբեջանին Իրանի դեմ գործողությունների

Հարավային Կովկասի տարածաշրջանը կանգնած է չափազանց վճռորոշ և պայթյունավտանգ փուլի առաջ։ Նման կարծիքի է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ 

Ադրբեջանը՝ որպես գործիք Իրանի դեմ 

Նրա խոսքով՝ այսօր արդեն ակնհայտ է, որ Արևմուտքը՝ առաջին հերթին Միացյալ Նահանգները, իրականացնում է Իրանի վերջնական չեզոքացման քաղաքականություն, որն ուղղակիորեն թիրախավորում է նաև Հարավային Կովկասը։

Դեսպանը շեշտում է, որ Իրանը դիտարկվում է որպես խոչընդոտ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում արևմտյան գերակայության հաստատման ճանապարհին։ Այդ նպատակով, նրա գնահատմամբ, ԱՄՆ-ն քաղաքական և դիվանագիտական «ժեստերով» քողարկվում է այն ռազմական օգնությունը, որը տրամադրվում է Ադրբեջանին՝ հետագայում Իրանի դեմ հնարավոր գործողություններ իրականացնելու համար։

Աղաջանյանի խոսքով՝ արդեն իսկ գոյություն ունեն բոլոր նախադրյալները ենթադրելու, որ առաջիկայում Ադրբեջանի միջոցով կարող են իրականացվել կոնկրետ քայլեր Իրանի դեմ։ Ըստ նրա՝ սա պարզապես հիպոթեզ չէ, այլ քաղաքական գործընթացների տրամաբանական շարունակություն։

Դեսպանը ընդգծում է, որ այս զարգացումների համատեքստում Հայաստանը ևս հայտնվում է ծայրահեղ բարդ և վտանգավոր իրավիճակում, քանի որ տարածաշրջանային ցանկացած էսկալացիա անխուսափելիորեն անդրադառնալու է նաև մեր երկրի անվտանգության վրա։

ՆԱՏՕ-ն՝ որպես ԱՄՆ գլոբալ գործիք

Աղաջանյանը կասկածի տակ է դնում այն խոսույթը, թե Արևմուտքում առկա են իրական բաժանումներ կամ ՆԱՏՕ-ի փլուզման վտանգ։ Նրա համոզմամբ՝ այդ խոսակցությունները սին են և չեն արտացոլում իրականությունը։

«Միացյալ Նահանգները պարզապես չի կարող իրեն թույլ տալ ներքին պառակտում արևմտյան դաշինքի ներսում, որովհետև այդ համակարգը շղթայված է և փոխկապակցված», — նշում է դեսպանը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն Վաշինգտոնի համար գործիք է ոչ միայն Եվրոպային վերահսկելու, այլև ամբողջ աշխարհում իր ռազմական գործողություններն իրականացնելու համար։

Նրա խոսքով՝ եվրոպական երկրների ղեկավարների դժգոհ հայտարարությունները կամ նույնիսկ որոշ խորհրդանշական քայլեր՝ օրինակ զորամիավորումների տեղաշարժերը, ուղղված են բացառապես եվրոպական հասարակություններին «հանգստացնելուն» և իրական քաղաքական բովանդակություն չեն կրում։

Դավոսը՝ քաղաքական նվաստացման բացահայտ ցուցադրություն

Դեսպան Աղաջանյանը առանձնահատուկ անդրադառնում է Դավոսի տնտեսական ֆորումին, որտեղ, նրա գնահատմամբ, Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն նվաստացրեց եվրոպական առաջնորդներին։ Այդ դրվագը, ըստ նրա, բացահայտեց իրական հարաբերությունների բնույթը Արևմուտքի ներսում։

«Այն, ինչ տեղի ունեցավ Դավոսում, ես կկոչեի քաղաքական բուլինգ», — նշում է նա՝ օգտագործելով ժամանակակից քաղաքական տերմինաբանությունը։ Աղաջանյանի բնորոշմամբ՝ Թրամփը հստակ ուղերձ հղեց եվրոպական էլիտաներին՝ անկախ իր հռետորաբանությունից, նրանք պարտավոր են հնազանդվել, հակառակ դեպքում խնդիրներ կունենան արդեն սեփական երկրներում։

Դեսպանի համոզմամբ՝ սա ոչ թե դիվանագիտական էպիզոդ էր, այլ ուժի բացահայտ ցուցադրում, որը պետք է լուրջ ազդակ լինի նաև փոքր պետությունների համար՝ հասկանալու գլոբալ քաղաքական իրականության կոշտ տրամաբանությունը։

Scroll to Top