Ասածիս ի ապացույց նշեմ՝ սրանք բառացի մեջբերումներ են Իլհամի այսօրվա ելույթից։ Այս թեման աննախադեպ տարածում է ստանում Ադրբեջանում, իսկ ՀՀ-ի եկող լռությունը ինքնին շատ խոսուն է․․․

Հայաստանին տրվել է ընդամենը երեք տարվա «թայմ աութ»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը վստահ է՝ իրական, երկարաժամկետ խաղաղությունը չի պահանջում քարոզչություն։ Երբ այն գոյություն ունի, մարդիկ դա զգում են ամենօրյա կյանքում՝ առանց բացատրությունների։ Սակայն նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս գտնվում է ժամանակավոր, պայմանական «թայմ աութի» մեջ՝ մոտ երեք տարվա ժամանակահատված, որը կարող է դառնալ թե՛ իրական խաղաղության հիմք, թե՛ հերթական ծանր բախման նախերգանք։

Ըստ Հայրապետյանի՝ այդ ժամանակահատվածի օգտագործումը ունի երկու ձև. կամ՝ լրջորեն աշխատել երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ՝ դիվանագիտության, անվտանգային համակարգերի համալիր բարեփոխման և բանակի մոդեռնիզացիայի միջոցով, կամ՝ այն վատնել անիմաստ ու վտանգավոր օրակարգերով՝ զբաղվելով ցուցադրական միջոցառումներով, քարոզչական աղմուկով և ներքին մանևրներով։

Անվտանգության բաց թողնված հնարավորություններն ու արտաքին գործոնները

Հայրապետյանը հիշեցնում է անցած տարվա մարտ–ապրիլ ամիսների իրավիճակը, երբ, իր խոսքով, ամերիկյան միջնորդությունը թույլ տվեց խուսափել պատերազմից։ Սակայն նա շեշտում է՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել նման սցենարի կրկնությունը հատկապես ներկայիս մշտապես փոփոխվող և ցինիկ աշխարհում, որտեղ միջազգային իրավունքի նորմերը հաճախ դրվում են հարցականի տակ։

«Ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ-ում վարչակազմ փոխվի։ Ի՞նչ կլինի, եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա որոշակի համագործակցությունը վերածվի սուր առճակատման, այդ թվում՝ մեր տարածաշրջանում»,— հարցադրում է Հայրապետյանը՝ ընդգծելով, որ նման անորոշ միջավայրում Հայաստանը պարտավոր է ինքնուրույն լուծումներ գտնել և հույսը չդնել բացառապես արտաքին երաշխիքների վրա։

Ուժի լեզուն և անկախության գինը

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը երբեք չի ստորագրվելու, և դա կանխատեսելի էր դեռ երեք տարի առաջ։Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ինքնին տարածքային պահանջ է Ադրբեջանի կողմից դրվող։ Նրա գնահատմամբ՝ հայկական կողմը պարտավոր է կոշտորեն հակադարձել այդ օրակարգին։ Ըստ նրա տեղեկությունների՝ ամերիկյան կողմն ինքն էլ այդ ձևակերպումը միանշանակ չի ընդունում, քանի որ այն հակասում է նույնիսկ իրենց նախաձեռնությունների տրամաբանությանը։

Միաժամանակ նա ընդգծում է, որ Միացյալ Նահանգները ներկայումս գլոբալ բազմաթիվ խնդիրների մեջ է ներգրավված, և Հայաստանի շահերը առաջնահերթ չեն լինելու, եթե Հայաստանը ինքը բավարար ճնշում չգործադրի։ Այդ ճնշման առանցքում, նրա համոզմամբ, պետք է լինի անվտանգությունը և բանակի վերականգնումը։

Բանակը որպես զսպման միակ գործիք

Հայրապետյանի համոզված է՝  եթե Հայաստանը Ադրբեջանին չցույց տա, որ ցանկացած նոր պատերազմ իր համար չափազանց թանկ գին է ունենալու՝ լինի դա երեք, հինգ կամ տասը տարի անց, ապա վտանգը շարունակելու է կախված մնալ երկրի վրա։

Նա ընդգծում է՝ իշխանությունները հավերժ չեն, սակայն պետության անվտանգությունը պետք է կառուցվի երկարաժամկետ հաշվարկներով։ Այսօր Հայաստանին ընձեռված «թայմ աութը» կամ կօգտագործվի խելամտորեն՝ ի շահ երկրի, կամ կկորչի՝ ստեղծելով նոր, ավելի ծանր հետևանքներ։ «Ընտրությունը մերն է»,— եզրափակում է ադրբեջանագետը։

Scroll to Top