Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը կմասնակցի ինքնուրույն ձևաչափով։ Նման կարծիքի է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Նրա համոզմամբ՝ ընտրական օրենսգիրքի վերջին փոփոխությունները փոխել է քաղաքական հաշվարկների տրամաբանությունը՝ խթանելով ոչ թե դաշինքների, այլ կուսակցությունների ինքնուրույն մասնակցությունը։
Ղևոնդյանը նշում է, որ բացառություն կարող է կազմել Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Նրա խոսքով՝ Դաշնակցությունը, մեծ հավանականությամբ, կհամախմբվի այլ քաղաքական ուժի հետ՝ կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջարկվող քաղաքական նախագծի, կամ «Մեր ձևով» շարժման հիման վրա ձևավորվող ուժի հետ։ Առանձին մասնակցության պարագայում, ըստ քաղաքագետի, Հայ հեղափոխական դաշնակցությունը դժվար թե կարողանա հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։
Օրենսդրական բարեփոխումների ազդեցությունը քաղաքական հաշվարկների վրա
Ղևոնդյանի խոսքով՝ քաղաքական ուժերի մեծ մասը հակված է առանձին մասնակցության, քանի որ նոր ընտրական օրենսգրքով կուսակցությունների համար սահմանված շեմը նվազել է՝ դառնալով 4% նախկին 5%-ի փոխարեն։ Սա, նրա գնահատմամբ, զգալիորեն հեշտացնում է խորհրդարան անցնելու հնարավորությունը կուսակցությունների ինքնուրույն մասնակցության պարագայում։
Միևնույն ժամանակ, քաղաքագետը շեշտում է, որ դաշինքների համար շեմը բարձրացվել է՝ հասնելով 8%, ինչն իր հերթին նվազեցնում է այդ ձևաչափի գրավչությունը։ 2021 թվականի ընտրությունները, ըստ նրա, արդեն ցույց են տվել, որ նույնիսկ դաշինքների դեպքում շեմին մոտենալը բարդ խնդիր էր դարձել։ Ղևոնդյանը հիշեցնում է, որ Ազգային ժողովում ներկայում ներկայացված երրորդ քաղաքական ուժը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, խորհրդարան է անցել ոչ թե ընտրական շեմը հաղթահարելով, այլ օրենքի հատուկ մեխանիզմի կիրառմամբ։
Թաքնված դաշինքներ և ցուցակների նոր մոդել
Քաղաքագետի գնահատմամբ՝ առաջիկա ընտրություններում հնարավոր է կիրառվի մասնակցության նոր, «թաքնված դաշինքային» մոդել։ Խոսքը վերաբերում է այն տարբերակին, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կընդգրկվեն մեկ կուսակցության ցուցակում՝ ֆորմալ առումով պահպանելով կուսակցական ձևաչափով մասնակցությունը, սակայն իրականում ապահովելով բազմակուսակցական ներգրավվածություն։
Այս մոտեցման նպատակը, ըստ Ղևոնդյանի, 4 տոկոսանոց շեմը հաղթահարելն է և խորհրդարանում ներկայություն ապահովելը՝ առանց դաշինքների համար սահմանված բարձր շեմի ռիսկերի։
Ընդդիմության մարտավարությունը և «անսպասելիության» խաղարկումը
Ղևոնդյանը ուշադրություն է հրավիրում նաև ընդդիմադիր ուժերի կիրառած մարտավարությունների վրա։ Նրա խոսքով՝ որոշ քաղաքական ուժեր փորձում են խաղարկել «անսպասելիության գործոնը»՝ հանրային հետաքրքրություն և քաղաքական դիվիդենդներ ապահովելու նպատակով։
Որպես օրինակ նա նշում է Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական ուժը, որը հայտարարել է փետրվարի 12-ին որոշակի կարևոր հայտարարություն անելու մասին՝ խոստանալով ներկայացնե վարչապետի թեկնածու և քաղաքական տեսլական։ Թեև, ինչպես ընդգծում է Ղևոնդյանը, ընդհանուր առմամբ պատկերացվում է, թե ինչի մասին կարող է խոսքը լինել, այդուհանդերձ «անսպասելիության» մթնոլորտը դիտարկվում է որպես գործիք՝ լրացուցիչ ուշադրություն և աջակցություն գրավելու համար։
Նման մոտեցում, ըստ քաղաքագետի, ցուցաբերում են նաև այլ քաղաքական ուժեր՝ խուսափելով վաղաժամ հայտարարություններից։
Իշխող ուժի կանխատեսելի մասնակցությունը
Ի տարբերություն ընդդիմադիր դաշտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նման խնդիրների առաջ կանգնած չէ։ Նրա խոսքով՝ իշխող ուժի մասնակցության ձևաչափը վաղուց պարզ է եղել․ նրանք անպայման մասնակցելու են ընտրություններին և դա անելու են միայնակ՝ առանց դաշինք կազմելու։
Այս հանգամանքը, ըստ քաղաքագետի, ևս մեկ անգամ ընդգծում է, որ առաջիկա ընտրությունները բնութագրվելու են առավելապես անհատական կուսակցական պայքարով, ոչ թե լայն քաղաքական համախմբումներով։
