Պատերազմի սպառնալի՞ք, թե ճնշման խաղ․ ԱՄՆ–Իրան վտանգավոր դիմակայություն

Պատերազմի սպառնալի՞ք, թե ճնշման խաղ․ ԱՄՆ–Իրան վտանգավոր դիմակայություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանի շուրջ շարունակում են մնալ հակասական ու երբեմն՝ իրար բացառող։ Մեկ նա ակնարկում է հնարավոր ռազմական գործողությունների մասին, մեկ այլ դեպքում հայտարարում է, թե Թեհրանը պատրաստ է բանակցությունների։ Այս դիվանագիտական «փոխհրաձգությունը» բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ ինչի՞ն է իրականում ձգտում Թրամփը, և ի՞նչ ուղերձներ է փորձում փոխանցել պաշտոնական Թեհրանին։ Ստեղծված իրավիճակը մեկնաբանում է Իրանի հարցերով փորձագետ Փույա Հոսեինին։

Նրա գնահատմամբ՝ Թրամփը տարբեր տարածաշրջաններում որդեգրել է նույն քաղաքական գիծը․ սկզբում՝ առավելագույն ճնշում, իսկ դիմադրության դեպքում՝ նահանջ։ Նրա խոսքով՝ դա տեսանելի էր ինչպես Գրենլանդիայի շուրջ հռետորաբանության, այնպես էլ Իրանի հետ առճակատման ժամանակ։

Փորձագետը հիշեցնում է, որ Իրանի հետ «12-օրյա պատերազմի» ընթացքում Թրամփը կոշտ հայտարարություններ էր անում՝ պահանջելով, որ Իրանի իշխանությունները «ձեռքերը բարձրացնեն» և հրաժարվեն իրենց միջուկային ծրագրերից։ Սակայն գործնականում ԱՄՆ-ն սահմանափակվեց մի քանի օբյեկտների նկատմամբ սիմվոլիկ հարվածներով, որից հետո ճնշման քաղաքականությունը մեղմվեց։

«Այսօր ևս Թրամփը նույն մեթոդն է կիրառում․ փորձում է առավելագույն ճնշում գործադրել, սակայն եթե տեսնի լուրջ դիմադրություն, բավականին արագ հետ կկանգնի», — նշում է Հոսեինին։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ ներկայում իրավիճակը չափազանց լարված է․ ԱՄՆ-ի ռազմական ուժերի զգալի մասը կենտրոնացած է Իրանի շուրջ, և զարգացումները կարող են անկանխատեսելի լինել։

Փորձագետը հիշեցնում է նաև Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ Թեհրանը պատրաստ է թե՛ բանակցություններին, թե՛ պատերազմի։ Նրա խոսքով՝ ներկայում կողմերը փոխադարձ ուղերձներ են փոխանցում միմյանց, և առաջիկա փուլը կախված կլինի նրանից, թե բանակցությունները որքանով արդյունավետ կլինեն։

«Եթե բանակցությունները արդյունք չտան, ապա Թեհրանը արդեն նախազգուշացրել է․ այս անգամ չի լինի սահմանափակ գործողությունների և համաչափ պատասխանի սցենար։ Իրանի դեմ հարձակման դեպքում հակամարտությունը կարող է դուրս գալ տեղական շրջանակներից, ընդգրկել ամբողջ տարածաշրջանը և վերածվել երկարատև պատերազմի։

Scroll to Top