Խոսքի ազատություն գերությունից հետո

Խոսքի ազատություն գերությունից հետո

Պետությունը որևէ իրավական հիմք չունի սահմանափակելու խոսքի ազատությունը, այդ թվում՝ հայրենադարձված անձանց կամ նախկինում գերության մեջ գտնվող քաղաքացիների պարագայում։ Այս մասին նշում է իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ Նրա խոսքով՝ անկախ հանգամանքներից, այդ անձինք ունեն արտահայտվելու նույն իրավունքը, ինչ ցանկացած այլ քաղաքացի։

Փորձագետը շեշտում է, արտահայտվելու իրավունքը երաշխավորված է, և պետական մարմինները չեն կարող միջամտել՝ անգամ այն դեպքում, երբ հնչեցվող մտքերը չեն համընկնում իշխանությունների կամ հասարակության մի մասի պատկերացումների հետ։

Պետական մոտեցման հակասությունները

Մելիքյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին նկատվում է հակառակ միտում, երբ պետությունը ոչ թե խրախուսում, այլ փաստացի փորձում է սահմանափակել հայրենադարձված անձանց հրապարակային խոսքը։ Նրա խոսքով՝ ստեղծվում է մի միջավայր, որտեղ հարցազրույցները, ելույթները կամ անձնական պատմությունները դառնում են անցանկալի, հատկապես եթե դրանք կարող են առաջացնել հանրային քննարկում։

Միևնույն ժամանակ փորձագետը ընդգծում է, որ այդ անձինք, ինչպես ցանկացած քաղաքացի, ազատ են ինքնուրույն որոշելու՝ խոսել, թե ոչ։ Հաշվի առնելով նրանց խոցելի հոգեվիճակը և վերապրած փորձը՝ շատ դեպքերում խոսելուց հրաժարվելը կարող է լինել գիտակցված և իրենց շահերից բխող որոշում։ Սակայն դա չի կարող վերածվել պարտադրանքի կամ լռեցման։

ԶԼՄ-ների դերը և էթիկական սահմանները

Առանձին ուշադրության է արժանանում ԶԼՄ-ների պատասխանատվության հարցը։ Մելիքյանի խոսքով՝ այստեղ խնդիրը ոչ միայն իրավական, այլև խորապես էթիկական է։ Նա հիշեցնում է, որ Ժնևյան կոնվենցիան հստակ արգելում է ռազմագերիներին հասարակական հետաքրքրության օբյեկտ դարձնել, ինչը լայնորեն խախտվել է հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։

Փորձագետը նշում է, որ ադրբեջանական աղբյուրների կողմից տարածված բազմաթիվ տեսանյութեր, որոնք հետագայում հայտնվել են նաև հայկական սոցիալական հարթակներում, պարունակում էին ոչ միայն նվաստացնող տարրեր, այլև պատերազմական հանցագործության հատկանիշներ։ Այդպիսի նյութերի անզգույշ տարածումը կարող է լուրջ վնաս հասցնել թե՛ այդ անձանց, թե՛ նրանց ընտանիքներին։

Ապացույցներ ընդդեմ վնասի․ բարդ հավասարակշռություն

Միևնույն ժամանակ Մելիքյանը մատնանշում է երկրորդ, ոչ պակաս կարևոր խնդիր՝ փաստահավաք գործունեությունը։ Նրա խոսքով՝ իրավապաշտպան կազմակերպությունների համար սոցիալական ցանցերում տարածված այդ նյութերը հաճախ դարձել են առանցքային ապացույցներ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային գանգատներ ներկայացնելու գործընթացում։

Այսպիսով, առաջանում է բարդ երկընտրանք․ մի կողմից՝ անձի արժանապատվության և անվտանգության պաշտպանությունը, մյուս կողմից՝ արդարադատության շահը։ Փորձագետի համոզմամբ՝ յուրաքանչյուր նյութ պետք է գնահատվի անհատապես՝ հաշվի առնելով, թե դրա չտարածումը կամ տարածումը որ դեպքում է ավելի մեծ վնաս կամ օգուտ բերում։

Սենսացիայի փոխարեն՝ պատասխանատու քաղաքականություն

Մելիքյանը հատկապես կարևոր է համարում, որ հայկական ԶԼՄ-ները ունենան հստակ քաղաքականություն այս թեմաների լուսաբանման հարցում։ Նրա խոսքով՝ անընդունելի է սենսացիայի, սկանդալի կամ «քլիքբեյթի» հետևից ընկնելը՝ հատկապես երբ խոսքը խոցելի վիճակում գտնվող անձանց մասին է։

Նա հիշեցնում է, որ միջազգային հարթակները, այդ թվում՝ Meta ընկերությունը, ունեն հստակ կանոնակարգեր գերիներին առնչվող բովանդակության վերաբերյալ։ Հայ գերիների մասով անգամ եղել են դեպքեր, երբ հարցը քննարկվել է Meta-ի վերահսկիչ հանձնաժողովի մակարդակով, և որոշումը կայացվել է արդարադատության գերակա շահից ելնելով։

Կյանք վերադարձից հետո և հանրային ճնշում

Վերջին շրջանում հասարակության բարձր հետաքրքրությունը հայրենադարձված անձանց ճակատագրի նկատմամբ, ըստ փորձագետի, հաճախ վերածվում է ավելորդ ճնշման։ Եթե անձը նախաձեռնությամբ չի ցանկանում խոսել, դա պետք է հարգվի։ Նրա խոսքով՝ այս փուլում առաջնային է այդ մարդկանց վերականգնումը, հանգիստը և հասարակության մեջ վերաինտեգրումը։

Փորձագետը ընդգծում է, որ հենց այդ նպատակով են Ժնևյան կոնվենցիայի դրույթները նախատեսում պաշտպանություն ոչ միայն գերության ընթացքում, այլև դրանից հետո՝ հայրենիքում հնարավոր բացասական արձագանքներից խուսափելու համար։ Այդ համատեքստում քաղաքական և հասարակական գործիչների պատասխանատվությունը կրկնապատկվում է․ նրանք պարտավոր են պահպանել էթիկան, չմիջամտել անձնական կյանքին և չխորացնել արդեն իսկ բարդ վերաինտեգրման գործընթացը։

Scroll to Top