Լուռ զանգերը հնչեցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱԵ) միջև վերսկսված լարվածությունն արդեն անցնում է քաղաքական-հոգևոր դիմակայության նոր հարթություն։

Վեհափառ Գարեգին Բ-ն, երկար լռությունից հետո դիմեց նրան դիմավորելու եկած քաղաքացիներին՝ խոսելով զգուշությամբ, բայց միաժամանակ հստակ շեշտադրումներով։ Վեհափառը ընդգծեց հասարակության վրդովմունքը՝ վարչապետի արտահայտությունների կապակցությամբ, սակայն զսպվածության կոչ արեց՝ շեշտելով միասնականության անհրաժեշտությունը։ Իր ուղերձով նա ցույց տվեց, որ ՀԱԵ-ն պատրաստ է արժանապատվորեն դիմակայել քաղաքական ճնշումներին՝ առանց վիճաբանության սրման, բայց առանց նաեւ հետքայլ անելու։
Փաշինյանի պատասխանը չուշացավ, բայց այն նաև օրիգինալ չէր։ Նա կրկին կրկնեց կուսակրոնության երդման մասին նույն հին կրկներգը՝ պարզաբանում պահանջելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից. “Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել”, — գրում է նա։ Վարչապետի այս գրառումը ոչ այլ ինչ է, քան հերթական խղճուկ փորձ հասարակական ուշադրությունը շեղելու և Վեհափառի վերադարձի շուրջ ձեւավորված աջակցությունն իջեցնելու։

Վերջին զարգացումները ի ցույց են դնում անհերքելի մի փաստ՝ Եկեղեցու և իշխանության միջև հակասությունները քաղաքականացված են այնքան, որ կարող են վերաճել համազգային ճգնաժամի։ Երբ իշխանությունը փորձում է քրքրել եկեղեցու ներքին գործերը, իսկ եկեղեցին հանդես է գալիս որպես ազգապահպան կառույց՝ պայքարելով իր հեղինակության համար, դա արդեն ոչ թե անհատների, այլ արժեհամակարգերի հակադրություն է։

Այս իրադրությունում խիստ կարևոր է՝ ինչպես կարձագանքի հասարակությունը։ Արդյո՞ք քաղաքացիները կհամախմբվեն եկեղեցու շուրջ՝ որպես իրենց ինքնության կրողի, թե՞ քաղաքական հիասթափությունները կսառեցնեն այդ աջակցությունը։ Եվ արդյո՞ք իշխանությունը կգա գիտակցման, որ ազգային միասնականությունը չի կարող ամրապնդվել՝ նվաստացնելով ազգային ինստիտուտներից մեկը։

Scroll to Top