Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ հայկական բեռների մի մասը խցանվել է Իրանի Բանդար-Աբբաս նավահանգստում և ավտոմայրուղիներին, նշում է փորձագետ Վահե Դավթյանը։
«Սովորական պայմաններում նման իրավիճակը կդիտարկվեր որպես լոգիստիկ համակարգի ժամանակավոր խափանում: Սակայն ընթացիկ տարածաշրջանային համատեքստում այն կարող է վկայել ավելի խորքային և մտահոգիչ գործընթացների մասին:
Հաշվի առնելով ցամաքային ելքերի սահմանափակ թիվը և ծովային ելքի բացակայությունը՝ Իրանի հետ լոգիստիկ կապը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի արտաքին տնտեսական գործառնությունների համար, հատկապես միջազգային անկայունության պայմաններում:
2024 թվականին Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 737,4 մլն ԱՄՆ դոլար՝ 2023 թվականի համեմատ աճելով 6,5%-ով: Այնուամենայնիվ, ընթացիկ իրավիճակը լուրջ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ներքին շուկայի համար զանգվածային անկայունության առումով: Պատճառը պարզ է՝ հայ-իրանական առևտրի կառուցվածքային կարևոր մասը բաժին է ընկնում ոչ թե բեռնափոխադրումներին, այլ էներգետիկ փոխանակմանը՝ «գազը էլեկտրաէներգիայի դիմաց»: Հենց այստեղ են առաջանում հիմնական ռիսկերը:
Իրանը Հայաստանի համար ավանդաբար դիտարկվում է որպես էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացման կարևոր ուղղություն: Իսրայելի հարվածի հետևանքով կասեցվել է Իրանի խոշորագույն գազային հանքավայրի՝ Հարավային Փարսի արդյունահանումը: Իրանի արդեն իսկ առկա էներգետիկ սահմանափակումների ֆոնին արդյունահանման կրճատումը կարող է վտանգի տակ դնել հայ-իրանական «գազը էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային սխեման (1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա): Չի բացառվում, որ բարտերը ժամանակավորապես կդադարեցվի: Ինչևէ, նախկինում քննարկվող մատակարարումների ընդլայնման հարցը, փաստորեն, հանվում է օրակարգից:
Լրացուցիչ մտահոգություն է առաջացնում Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի ճակատագիրը: Այս նախագծի իրականացումն արդեն տարիներ շարունակ հետաձգվում է, և ներկայիս պայմաններում դրա ավարտը կարող է կասկածի տակ դրվել: Սա սպառնում է նաև ավելի հավակնոտ ծրագրին՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ստեղծմանը:
Այս բոլոր գործընթացները կարող են հանգեցնել Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացման ներուժի զգալի կրճատմանը: Հայ-իրանական էներգետիկ ուղղության թուլացումը կարող է օբյեկտիվորեն նվազեցնել Հայաստանի էներգահամակարգի կայունությունը և սահմանափակել դրա դիմակայունության պաշարը», — նշում է նա:

