Իրանը թեև կանգնած է լուրջ արտաքին մարտահրավերների առջև, սակայն միևնույն ժամանակ, ունի աջակցություն՝ մի շարք խոշոր խաղացողների կողմից։ Այս մասին նշում է Հ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը։
«Ռուսաստանը, Չինաստանը և Ճապոնիան հանդես են եկել դատապարտող հայտարարություններով Իսրայելի գործողությունների դեմ։ Իսկ երեկ տարածվեց տեղեկատվություն, որ Չինաստանից ռազմական ինքնաթիռներ են վայրէջք կատարել Իրանում։ Թեև պաշտոնապես չի նշվում, թե ինչ են բերել այդ ինքնաթիռները, բայց կարելի է ողջամիտ ենթադրել, որ օգնություն տրամադրվում է», — ասում է Իսկանդարյանը։
Նրա խոսքով, չպետք է անտեսել նաև Իրանի ռազմական ինքնաբավության հնարավորությունը. «Իրանը տարիներ շարունակ զարգացրել է հրթիռաշինությունը։ Իրենք բազմիցս նշել են, որ կարող են բավարարել իրենց պաշտպանական կարիքները՝ առանց արտաքին օգնության»։
Անդրադառնալով միջուկային հարցին՝ Իսկանդարյանը ընդգծում է՝ Իրանն իր պաշտոնական քաղաքականության մեջ մշտապես հերքել է միջուկային զենք ունենալու ցանկությունը։ «Իրանի հոգևոր առաջնորդը՝ Խոմեինին, ֆետվա է արձակել, որ միջուկային զենք ունենալը հակասում է իսլամին։ Դա ոչ միայն քաղաքական, այլև բարոյական դիրքորոշում է», — ասում է նա։
Միևնույն ժամանակ, Իսկանդարյանը նշում է, որ Նեթանյահուի և Իրանի ղեկավարության փոխադարձ կոչերն ակնհայտորեն ուղղված են բնակչությանը. «Սա հոգեբանական ճնշման տարր է, բայց ցույց է տալիս նաև, որ կողմերը պատրաստվում են լուրջ դիմակայության»։

