Միացյալ Նահանգների ուղիղ միջամտությունը իրանա-իսրաելական կոնֆլիկտին կարող է լուրջ էսկալացիայի պատճառ դառնա։ Նմամ կարծիքի է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով, դժվար է խոցել Իրանի ատոմային զենքի զարգացման օբյեկտները, քանի որ ուրանի հարստացման կենտրոնները գտնվում են մոտ 80 մետր խորության վրա»։ Միևնույն ժամանակ, ըստ Մանուկյանի, ամերիկյան հարվածային ռումբերը 60-70 մետր են իջնում բետոնով՝ նախքան պայթելը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը իր հերթին հավելոիմ է․ «Չնայած ԱՄՆ-ում հայտարարում են, թե ոչնչացրել են իրանական միջուկային ծրագիրը, դրան զուգահեռ՝ Վաշինգտոնի կոչը Իրանին՝ բանակցել միջուկային ծրագրի շուրջ, անուղղակի ցուցիչ է, որ այդ երկրի միջուկային ներուժը պահպանվում է։ Հակառակ դեպքում, եթե միջուկային ծրագիրը ոչնչացված է, ապա չեղած բանի շուրջ բանակցելու անհրաժեշտություն չի կարող լինել։ Ըստ էության, ամերիկյան հարվածները վնասել, բայց չեն ոչնչացրել Իրանի միջուկային ներուժը, իսկ սրանից հետո շատ դժվար, եթե ոչ անհնարին է լինելու Թեհրանին հավաստիացնել, որ այն կարիք չունի միջուկային զենքի»։
Իրանագետ Ժաննա Վարդանյանը իր հերթին տեղեկացնում է․ «Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովն արտահերթ նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու են ԱՄՆ գործողությանը պատասխանելու Իրանի տարբերակները։ Հանձնաժողովի անդամներից մեկի խոսքով՝ քննարկվող տարբերակներից են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալը, Հորմուզի նեղուցը փակելը»։
Հորմուզի նեղուցը փակելը, Մանուկյանի գնահատմամբ, կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի։ Նա նշում է, որ Հորմուզի նեղուցով անցնում է տարածաշրջանի առևտրատնտեսական շրջանառության շուրջ 60%-ը, իսկ համաշխարհային նավթի և գազի առևտրի՝ 20-25%-ը։ «Եթե էսկալացիա լինի այդ ուղղությամբ, կլինի ամենավատ սցենարը՝ համաշխարհային պատերազմի սկիզբ», — ընդգծում է նա։

