Հայ-ամերիկյան հարաբերություններում որոշ գործընթացներ շարունակվում են։ Չնայած ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորմանը՝ դեռևս հունվարին ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիան շարունակում է գործել և լինել օրակարգային նաև նախագահ Դոնալդ Թրամփի նոր կառավարությունում։
Այս մասին հայտնեց փորձագետ Տիգրան Գրիգորյանը՝ հիմնվելով Միացյալ Նահանգներում պետական մարմինների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ իր ունեցած հանդիպումներից։
«Այդ խարտիայով նախատեսված մի շարք գործողություններ կամ այդ գործողությունների շուրջ բանակցություններ արդեն ընթանում են։ Եթե հիշում եք՝ Թրամփի ընտրվելուց հետո լուրջ կասկածներ կային, թե արդյոք այս օրակարգը շարունակելու է գործել, և որոշ այցեր հետաձգվել էին։ Սակայն մեզ տեղեկացրին, որ այդ այցերը, ի վերջո, կայանալու են, և միաժամանակ շարունակվում են բանակցություններ նաև այլ ռազմավարական ուղղություններով», – ասել է Գրիգորյանը։
Փորձագետը նաև նշել է, որ ԱՄՆ պետական կառույցներում և վերլուծական կենտրոններում իր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ հստակ արձանագրվել է մի դիտարկում. չնայած այն փաստին, որ Թրամփի վարչակազմը արագությամբ կարողացել է նշանակել բարձր մակարդակի պաշտոնյաներ, սակայն միջին և ցածր օղակներում դեռևս լուրջ բացեր կան։
Ըստ նրա՝ հատկապես արտաքին քաղաքական որոշումների կայացման գործընթացում բյուրոկրատական աջակցության պակաս է նկատվում։ «Օրինակ՝ նույն Ազգային անվտանգության խորհրդում վերջին շրջանում կրճատումներ են եղել, և արտաքին քաղաքականությունը վերջին ամիսներին դարձել է ավելի տրանզակցիոն՝ շեղվելով ավանդական ինստիտուցիոնալ ճանապարհներից։ Այժմ շատ հարցերում ավելի մեծ դեր ունեն նախագահի հատուկ ներկայացուցիչները, քան, օրինակ, պետքարտուղարությունը կամ այլ հաստատություններ», – նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքերով՝ այս փոփոխությունները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը վերապրում է նոր վերաձևակերպման փուլ, ինչը նաև իր ազդեցությունն է ունենում Հայաստանի հետ հարաբերությունների վրա։

