Իրանի համար վատագույն սցենարի դեպքում հատկապես ի՞նչ սպառնալիքներ կկախվեն Հայաստանի գլխին: Ինչպես կտուժի ՀՀ-ից արտահանումը, էներգետիկ ենթակառուցվածքները:
Վատագույն սցենարը Իրանի ներսում անկայունությունն է, ներքին տրոհումը կամ լայնամասշտաբ պատերազմը: Հայաստանին կարող են հարվածել մի քանի առանցքային ուղղությամբ հետևյալ ռիսկերը: Առաջինը՝ տրանսպորտ և արտահանում, Իրանի տարածքով անվցնող ցանկացած արտահանվող կամ ներմուծվող ապրանք կամ այդ ուղիները կդառնան ֆիզիկապես անհասանելի կամ վտանգավոր, Հայաստանը կկորցնի վերջին մնացած շնչող ճանապարհը դեպի Արևելք և Մերձավոր Արևելք:
Երկրորդ՝ էներգետիկ ենթակառուցվածքներ: Իրանի հետ էներգետիկ փոխանակման գործարքը՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց կարող է կասեցվել և դա լուրջ հարված կլինի էներգետիկ բալանսին: Հաջորդը՝ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից կտրուկ կխորանա, ինչը մեզ կվերածի լիարժեք էներգետիկ պատանդի: Նաև Մեղրիի ուղղությամբ ցանկացած լարում կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումներով. Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիքի մասին է խոսքը: Այսինքն, Իրանի անկայունությունը, բնականաբար, ուժեղացնում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի տարածաշրջանային դիրքերը, ինչը կարող է վերածվել ուղիղ սպառնալիքի Սյունիքի համար:

