Գործող իշխանությունը իր առջև մի նպատակ է դրել՝ վերարտադրվել և հավերժ մնալ իշխանության մեջ, իշխող ուժի բոլոր քայլերն ուղղված են հենց այդ նպատակին: Այս մասին հայտարարել է իրավաբան Երվանդ Վարոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում իշխանությանը զսպող որևէ արդյունավետ մեխանիզմ չի գործում:
Ըստ փորձագետի՝ Հայաստանում չկան ոչ ներքին, ոչ էլ արտաքին զսպման մեխանիզմներ: «Ձեռքը բռնող կառույց գոյություն չունի», — նշել է նա: Սովորաբար նման մեխանիզմները կամ սահմանադրորեն են ապահովված (զսպման և հակակշիռների համակարգ), կամ գործում են արտաքին գործոնների միջոցով: Սակայն Հայաստանում երկուսն էլ բացակայում են:
Վարոսյանի խորին համոզմամբ՝ գործող Սահմանադրությունը այնպես է կառուցված, որ ստեղծում է հավերժ իշխանության վերարտադրության հնարավորություն: «Եթե չլինեին այսօրվա կարգավորումները, մենք արդեն կիմանայինք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մնացել է առավելագույնը 2 տարի», — ասել է իրավաբանը: Նա հիշեցրել է, որ նախկին սահմանադրական կարգով Փաշինյանը կունենար առավելագույնը տաս տարի իշխանություն, սակայն ներկայիս կարգավորումները թույլ են տալիս այդ ժամկետը անորոշ ժամանակով երկարացնել:
Իրավաբանը նշել է, որ Սահմանադրությունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում մեկ անձին հավերժ մնալ իշխանության մեջ, այլ նաև հստակ ազդակ է պետական ապարատին, այդ թվում՝ իրավապահ մարմիններին «այս իշխանությունը հավերժ է, ուստի կատարեք բոլոր հրահանգները»:
«Եթե պաշտոնյաները իմանային, որ երկու տարի հետո այս մարդը պիտի գնա, նրանք ամեն ինչ չէին կատարի: Կլիներ հակազդեցություն, քանի որ կմտածեին, որ հետո կարող են պատասխանատվության ենթարկվել», — ընդգծել է Վարոսյանը:
Փորձագետի գնահատմամբ՝ այսճրվա պայմաններում ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ անձի ձեռքում: «Տպավորություն է, որ մենք դարձել ենք պառլամենտական երկիր, որտեղ իշխանությունը տեղափոխվել է Ազգային ժողով, բայց Ազգային ժողով չկա: Կա միայն մեկ մարդ, ում ասածը Ազգային ժողովը չի կարող չկատարել»:
Վարոսյանի գնահատմամբ՝ հայկական պառլամենտարիզմի մասին խոսակցությունները՝ ծիծաղելի են: Իրական պառլամենտարիզմը ենթադրում է, որ կուսակցությունը ընտրում է առաջնորդ և վարչապետի թեկնածու, իսկ Հայաստանում հակառակն է տեղի ունենում՝ մեկ անձն է կազմում ցուցակները և որոշում ամեն ինչ:
Դատական իշխանության վերաբերյալ իրավաբանը նշել է, որ Ազգային ժողովը (փաստորեն՝ իշխող անձը) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, որոնք էլ թելադրում են դատական համակարգի ոճը: Այսպիսով՝ զսպման որևէ մեխանիզմ չի մնացել. ոչ ոք չի զսպում երկրի ղեկավարի ցանկությունները, բոլորը դարձել են պարզապես կատարողներ:
«Մի կողմից բոլորը դարձել են կատարողներ, մյուս կողմից՝ բոլորը գիտեն, որ ժամկետ չկա: Սա կարող է անժամկետ տևել», — ընդգծեց Վարոսյանը:

