Հայաստանում նախընտրական քարոզարշավը փաստացի վաղուց է մեկնարկել, հատկապես «Քաղաքացիական պայմանագրի» կողմից։ Գործող իշխանությունը արդեն շուրջ երկու տարի իրականացնում է շարունակական քարոզարշավ՝ տարբեր ձևերով և տարբեր քաղաքական դրվագների միջոցով։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով նախընտրական գործընթացներին։
«Քաղաքացուն կաշառելու պրոյեկտ»
Նրա խոսքով՝ գորշող իշխանությունը քարոզարշավից ամիսներ առաջ սկսեց գործարկել «քաղաքացուն կաշառելու պրոյեկտը»։ Խոսքը տարբեր սոցիալական և հանրային նախաձեռնությունների միջոցով ընտրազանգվածի վրա ազդելու փորձերի մասին է։ Որպես օրինակ նա մատնանշել է զինծառայության ժամկետի կրճատման նախագիծը՝ ընդգծելով, որ այն նախատեսվում էր գործարկել ընթացիկ տարվա սեպտեմբերից, սակայն իշխանությունները որոշեցին այն կիրառել արդեն հունվարից։
Նա անդրադարձել է նաև կենսաթոշակների բարձրացման թեմային՝ հիշեցնելով, որ ի սկզբանե բյուջեյով բարձրացում նախատեսված չէր, համապատասխան որոշումը ընդունվեց հասարակական դժգոհության ֆոնին։ Ղևոնդյանի խոսքով՝ թեկուզ և ուշացած այս որոշումը իշխանությունների համար այնուամենայնիվ ստեղծեց շահավետ էլեկտորալ իրավիճակ։
Քաղաքագետը խոսել է նաև պարտադիր ապահովագրության համակարգի շուրջ քննարկումների մասին՝ նշելով, որ այն հասարակության տարբեր շերտերի մոտ հիմնականում դրական էմոցիոնալ արձագանք է առաջացնում, ինչը նույնպես կարելի է դիտարկել որպես հանրային տրամադրությունների վրա ազդելու գործիք։
Հասարակական դիմադրություն
Դիտարկելով ներկայիս փուլի նախընտրական գործընթացը, Ղևոնդյանը նշեց, որ այն չափազանց ակտիվ և դինամիկ է, սակայն դրա ընթացքում հատկապես վարչապետի խոսույթում գերակշռում է ատելության խոսքը։ Ըստ նրա, որ խնդիրը դրվագային չէ, այլ դրսևորվում է թե՛ հանրային ելույթներում, թե՛ առօրյա շփումներում։ Միաժամանակ, Ղևոնդյանի խոսքով, չնայած իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերի՝ հասարակության տարբեր շերտերում նկատվում է դիմադրություն։ Նա նշել է, որ մարդիկ փողոցներում, կանգառներում, մետրոյում և տարբեր համայնքներում հաճախ քննադատական վերաբերմունք են ցուցաբերում վարչապետի նկատմամբ և սուր հարցեր բարձրացնում։
23-25 տոկոս կայուն աջակցություն
Քաղաքագետի գնահատմամբ՝ գործող իշխանությունն այսօր շարունակում է ունենալ մոտ 23-25 տոկոս կայուն աջակցություն, սակայն դա, ըստ նրա, զգալիորեն ցածր է նախորդ ընտրությունների համեմատ, վարչապետի վարկանիշը գտնվում է «պատմական մինիմումի» մակարդակում։
Նա անդրադարձել է նաև առաջիկա քաղաքական միջոցառումներին՝ նշելով, որ իշխանության կողմից կազմակերպվող լայնամասշտաբ հանրային միջոցառումները, այդ թվում՝ մայիսի 28-ի նախատեսվող նախաձեռնությունը, կարող են որոշակի դրական ազդեցություն ունենալ ընտրազանգվածի վրա։
Հաջողության համար անհրաժեշտ են նոր գործիքներ
Միևնույն ժամանակ Ղևոնդյանը շեշտել է, որ վարչական ռեսուրսների և մեծ ֆինանսական ծախսերի առկայությունը դեռևս չի նշանակում ընտրական վերջնական հաջողություն, քանի որ, ըստ նրա, շատ քաղաքացիներ հրապարակայնորեն չեն արտահայտում իրենց իրական քաղաքական նախընտրությունները։ Այդուհանդերձ պետք է հասկանալ, որ ավանդական քաղաքական PR մեթոդներն այլևս չեն գործում, նոր գործիքների և հակաքարոզչական մոտեցումների մշակում այլևս դարձել է անհրաժեշտություն հաջողության հասնելու համար ։

