Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նարատիվները, թեև մեծ քանակությամբ կեղծիքներ են պարունակում և զգալիորեն հակասում են Հայաստանի և հայության շահերին, մեծ արձագանք են ստանում հասարակության կողմից, քանի որ տարածվում են համակարգված ձևով՝ հեռուստատեսության, սոցիալական ցանցերի և YouTube-յան ալիքների միջոցով։ Այս մասին նշել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Նրա խոսքով՝ իշխանական նարատիվների տարածման համար գործում է ամբողջական համակարգ, որը, ըստ նրա, ստեղծվել է արտաքին ուժերի կողմից դեռ մինչև ներկայիս թիմի իշխանության գալը։ Արդյունքում մարդիկ մեկ տասնամյակից ավել այս աղբյուրներից տեղեկատվություն են քաղել և երկար տարիներ գտնվել են այդ աղբյուրներով տարածվող նարատիվների ազդեցության տակ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այս համակարգով կիրառվել է երկու հիմնական մեխանիզմ։ Առաջինը, ըստ նրա, քանակական ազդեցությունն է։ «Իրենք աշխատում են քանակի վրա, որովհետև շատ դեպքերում քանակը ստեղծում է որակ։ Առհասարակ քանակը շատ դեպքերում որոշիչ է, որովհետև մարդը լսում է՝ այս մեկը ասեց, այն մեկը ասեց, և իրեն թվում է, որ բոլորը այդպես են ասում, հետևաբար տեղեկատվությունը ճիշտ է։ Իրականում դա Փաշինյանի «էխո-խցիկի» աշխատանքն է՝ ստեղծել տպավորություն, որ «բոլորն են խոսում», բայց իրականում այդ բոլորի աղբյուրը հենց ինքը իշխանությունն է»,- ասել է Միքայելյանը։
Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, կապված է հասարակության տեղեկատվական գրագիտության հետ։
«Օրինակ, երբ ես մտնում եմ իմ լրահոսը և տեսնում եմ, որ լուրերը սկսում են միանման դառնալ, ես հասկանում եմ, որ ինչ-որ տեղ ընկնում եմ էխո-խցիկի մեջ և պետք է դրա տակից դուրս գամ։ Իսկ մարդիկ դրան շատ հեշտ հարմարվում են։ Իրականում անհրաժեշտ է դուրս գալ դրանից, որովհետև հենց դու այդտեղ ընկար, իրական տեղեկատվությունն արդեն չես կարող ստանալ։ Քեզ սկսում են խաբել՝ կամ ալգորիթմները, կամ իշխանությունը, կամ այլ ուժեր»,- ընդգծել է նա։
Այս ամենի ֆոնին, նշեց Միքայելյանը, իշխանական նարատիվներին ընդդիմության արձագանքները հիմնականում հատվածական բնույթ են կրում, և սա, ըստ նրա, գլխավոր խնդիրն է։
«Ընդդիմությունը պետք է աշխատի գաղափարախոսական մակարդակով, ռազմավարական մակարդակով և երկարատև։ Եթե այս երեք բաղադրիչը լինի, ապա ամեն հայտարարությանը հակազդելն ու արձագանքելը շատ ավելի քիչ էական կլինի, իշխանությունը կդադարի լինել օրակարգ ձևավորող հիմնական խաղացուղը, քանի որ ընդդիմությունն արդեն կունենա իր համակարգը, որի անունից կդիմի հասարակությանը»,- ասել է քաղաքագետը։
Նա ընդգծել է, որ ընդդիմությունը պետք է ակտիվ գործի սոցիալական ցանցերում՝ Facebook-ում և YouTube-յան ալիքներում, որպեսզի կարողանա մարդկանց «կտրել իշխանական նարատիվների դաշտից և բերել իր կողմ»։

