Հայաստանում ընթացող նախընտրակոն քարոզարշավը զարգանում է սպասելի տրամաբանությամբ, սակայն իշխանության վարքագիծը ցույց է տալիս, որ նախապես ընտրված հիմնական քարոզչական շեշտադրումները բավարար արդյունավետություն չեն ապահովում։ Նման կարծիքի է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով՝ սկզբնական փուլում իշխանությունը փորձել է քաղաքական օրակարգը կառուցել «խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» դիլեմայի վրա, որը եղել է «արհեստածին և կեղծ»։ Ըստ Բադալյանի՝ այդ մոտեցումը կիրառվել է նաև շանտաժի տրամաբանությամբ, ինչը բացասաբար է ազդել ընդհանուր տրամադրությունների վրա։ Այդ պատճառով միգուցե վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի է վերադառնում «նախկինների» թեմային։
«Սա թույլ է տալիս ենթադրել, որ խաղաղության և պատերազմի շանտաժը բավարար արդյունավետ չի դիտվել իշխանության համար, և այժմ փորձ է արվում վերադառնալ ավանդական քաղաքական բանաձևին՝ նախկինների թեմային», — նշել է նա։
Բադալյանի կարծիքով՝ Փաշինյանը ութ տարվա ընթացքում ոչ միայն չի կարողացել, այլև իրականում չի փորձել դուրս գալ այդ քաղաքական հռետորաբանությունից, քանի որ այն իշխանության համար ստեղծել է քաղաքական հարմարավետ միջավայր։ Սակայն այժմ, ըստ մեկնաբանի, այդ մեխանիզմը ևս բախվում է խնդիրների։
Նրա համոզմամբ՝ գործընթացում գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ներգրավվածությունը կոտրում է իշխանության ավանդական «նախկիններ–թալան» քարոզչական սխեման։ Բադալյանը նշում է, որ Կարապետյանին դժվար է նույնացնել նախկին իշխանական համակարգի կամ թալանի հետ, քանի որ վերջինս հանրության համար ասոցացվում է խոշոր ներդրումների և բարեգործության հետ։
Քաղաքական մեկնաբանը անդրադարձել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» թեմային՝ նշելով, որ իշխանության փորձերը ընկերությունը ներկայացնել որպես «թալանի խորհրդանիշ», ըստ էության, չեն աշխատում հասարակության լայն շրջանակների վրա։
«Հասարակությունը անմիջականորեն առնչվել է նույն ՀԷՑ-ի հետ, և մարդիկ իրենց փորձից գիտեն ու զգացել են իրավիճակը։ Հետևաբար միայն հայտարարություններով հնարավոր չէ ստեղծել այնպիսի մթնոլորտ, թե տեղի է ունեցել համատարած թալան», — ասել է նա։
Նրա գնահատմամբ՝ հենց այստեղ է իշխանության հիմնական քաղաքական խնդիրը ներկայիս քաղաքական գործընթացներում։ Ըստ Բադալյանի՝ Սամվել Կարապետյանի մասնակցությունը ստեղծում է իրավիճակ, որտեղ ավանդական հակադրությունները կորցնում են իրենց նախկին ազդեցությունը։
«Կարելի է ամեն ինչ ասել, բայց միայն ասելով դա չի աշխատի։ Հանրությունը պետք է առնվազն շոշափելիորեն ինչ-որ բան զգացած լինի», — նշել է մեկնաբանը։
Բադալյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը կարող է դառնալ քաղաքական միջավայրի փոփոխության հնարավորություն, իսկ Հայաստանի համար, նրա խոսքով, իրավիճակի փոփոխությունը դարձել է կենսական անհրաժեշտություն։

