Այս փուլում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին ինքնախաբեություն է։ Նման կարծիքի է ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է ընդամենը հրադադար։ Արզումանյանը ընդգծեց, որ իրական խաղաղությունը ենթադրում է երկու կողմերի միջև ստորագրված խաղաղության պայմանագիր, որը պաշտոնապես արձանագրում է պատերազմի ավարտը։ Նրա գնահատմամբ՝ այն պայմաններում, երբ նման փաստաթուղթ ստորագրված չէ, «խաղաղության» մասին խոսակցությունները ընդհամենը նախընտրական հնարք է, ուրիշ ոչինչ։
Փորձագետի խոսքով՝ այսօր ավանդական ռազմական գործողություններ չեն ընթանում, սակայն պատերազմը շարունակվում է այլ ձևաչափերով։ Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում առավել տարածված է դարձել «հիբրիդային պատերազմ» հասկացությունը, որը ներառում է ոչ միայն ռազմական գործողությունները, այլև տեղեկատվական, հոգեբանական, կոգնիտիվ, տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ճնշումները։
«Այդ բոլոր ոլորտներում պատերազմը շարունակվում է», — հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են վարում այն բոլոլ ուժային կենտրոնները, որոնք մասնակցել են նաև 2020 թվականի պատերազմին հայկական պետականության դեմ իրականացված ագրեսիային։
Դրանց շարքում Արզումանյանը նշել է Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին և Իսրայելին։ Նրա խոսքով՝ հատկապես Իսրայելը երկար տարիներ հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական գործընկերը և օգտագործում է Ադրբեջանի տարածքը որպես հենակետ Իրանի, Հյուսիսային Կովկասի և Հայաստանի ուղղությամբ գործողությունների համար։
Փորձագետը շեշտել է, որ Իսրայելը գիտակցաբար ընտրել է Ադրբեջանին որպես իր դաշնակից և այդ ընտրությունը ժամանակի ընթացքում դարձել է «տրամաբանական ռազմավարություն» Թել Ավիվի համար։ Արզումանյանի խոսքով՝ Իսրայելը մասնակցել է 2020–2023 թվականների ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից՝ ինչպես սպառազինությունների մատակարարմամբ, այնպես էլ անմիջական ներգրավվածությամբ։
«Իսրայելը ընտրել է Հայաստանին որպես թշնամի։ Դա մեր ընտրությունը չէ», — նշել է փորձագետը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է ընդունի այդ իրողությունը և համապատասխան քաղաքականություն վարի։
Արզումանյանի խոսքով՝ նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների և պաշտոնական խոսույթների պայմաններում չպետք է անտեսել իրական քաղաքականությունը։ Նրա համոզմամբ՝ Իսրայելի ռազմավարությունը վերջին տասնամյակներում էական փոփոխության չի ենթարկվել և շարունակում է հիմնված մնալ նույն աշխարհաքաղաքական հաշվարկների վրա։
«Իսրայելը չի փոխվել, և մինչև Իսրայելը չփոխվի, մենք պետք է ընդունենք այդ իրականությունը», — եզրափակել է Արզումանյանը՝ հավելելով, որ միայն տարածաշրջանային ուժային հավասարակշռության փոփոխության դեպքում կարող են առաջանալ նոր հնարավորություններ Հայաստանի համար։

