Երեկվանից համացանցում լայն տարածում է ստացել մի տեսանյութ, որտեղ մի քանի դիմակավորված անձինք սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ են հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Տեսանյութում հնչում են նաև ուղիղ սպառնալիքներ, իսկ կադրերում երևում են անձինք, որոնց ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ կան։
«Մասկի-շոուն» ցուցադրվել է դեռ շաբաթ օրը
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, անդրադառնալով տարածված տեսանյութին, առաջարկել է նման դեպքերում ավելի մանրակրկիտ ուսումնասիրել այն աղբյուրները, որոնք ակտիվորեն տարածում են նյութը, և հետևություններ անել գործերի իրական վիճակի մասին։
«Փաստացի, այդ «մասկի-շոուն» ցուցադրվել է դեռ շաբաթ օրը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը պատկանող և երկրի սահմաններից դուրս հեռարձակվող ալիքով։ Այնուհետև իշխանամետ տելեգրամյան ալիքը տեղադրում է դրա սքրինշոթը, մատ թափ տալիս մարդկանց վրա, իսկ մի փոքր ուշ՝ ջնջում հրապարակումը:
Եվ ահա, երկու օր անց, նրանք իշխանամետ ալիքներով այս պատմությունը զրոյից վերագործարկում են՝ հատուկ նրա համար, որպեսզի Փաշինյանը հիմքեր ունենա հարձակվելու արցախցիների և արցախյան ծագումով ընդդիմադիր առաջնորդների վրա», – հայտարարել է նա։
Տեղեկատվական հարձակմանը հակադարձելու փոխարեն, Հայաստանում սկսվել են փոխադարձ մեղադրանքներ
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի խոսքով՝ համացանցում տարածված տեսանյութի իրական նշանակությունը գնահատելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն բովանդակությանը, այլև դրա հրապարակման ժամանակագրությանը և հնարավոր քաղաքական հետևանքներին։
Նա հիշեցրել է, որ տեսանյութի հրապարակումից ընդամենը օրեր առաջ ՄԱԿ-ում շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական իշխանությունների նախաձեռնած մի բանաձև, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։
Պրոֆեսորի խոսքով՝ ադրբեջանական մամուլը վաղուց է մասնագիտացել հայերեն լեզվով հայատյաց բովանդակությամբ տեսանյութերի պատրաստման և տարածման գործում։ Սակայն, նրա գնահատմամբ, այդ տեղեկատվական քաղաքականությանը հակադարձելու փոխարեն, Հայաստանում սկսվել են փոխադարձ մեղադրանքներ և նույնիսկ հնչել են ընտրությունները չեղարկելու մասին հայտարարություններ։
«Դրան հակադարձելու փոխարեն մեր երկրում անմիջապես հաջորդեցին հիշյալ տեսանյութի առնչությամբ փոխադարձ մեղադրանքները և ընտրությունները չեղարկելու սպառնալիքը», — նշել է Դանիելյանը՝ հավելելով, որ ներկայիս ուժային հարաբերակցության պայմաններում մնացած հարցերը, ըստ էության, ավելորդ են դառնում։

