Նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումն ավելի է սրվում։ Վանաձորում մայիսի 20-ին կայացած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն Քննչական կոմիտե է ուղարկել հանցագործության մասին հաղորդում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Անդրանիկ Թևանյանի դեմ՝ պետական դավաճանության հոդվածով։ Փաշինյանը ընդդիմությանը որակեց որպես «լրտեսական ցանց», որը իշխանությունը մտադիր է «արմատախիլ անել»։
Մեկ օր անց Քննչական կոմիտեն հայտնեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնման մասին՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։ Այսօր ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Թևանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։
Ինչում է կասկածվում Թևանյանը
Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրութան համաձայն՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր եղած Թևանյանը 2024 թվականին օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է և նրանց հանձնարարությամբ զբաղվել է լրտեսությամբ։
Մասնավորապես, իրավապահների պնդմամբ՝ նա «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել Հայաստանի Ազգային ժողովում 2024 թվականի ապրիլին կայացած գաղտնի, փակ նիստի ընթացքի և արդյունքների վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ ռուսերեն թարգմանությամբ։ Դրա դիմաց, ըստ ՔԿ-ի, նա ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 622 հազար ԱՄՆ դոլար գումար։ Այս հիմքով Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության (ՀՈ 418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (ՀՈ 424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։
Քաղաքական նպատակներով ստեղծված «հեքիաթ»
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը իշխանությունների կողմից ներկայացված մեղադրանքները Անդրանիկ Թևանյանի հասցեին անվանել է անհավանական և քաղաքական նպատակներով ստեղծված «հեքիաթ»։ Նրա խոսքով՝ իշխանությունների հիմնական նպատակը Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրարշավը խափանելն է։
Բոզոյանը նշել է, որ Հայաստանում «քիչ թե շատ ողջամիտ մարդ չկա», ով կհավատա իշխանությունների ներկայացրած վարկածին։ Նա հիշեցրել է, որ Թևանյանը դեռ 2023 թվականից Ազգային ժողովի պատգամավոր չէ, մինչդեռ իշխանությունները խոսում են իբր 2024 թվականի փակ նիստերից գաղտնի տեղեկություններ ստանալու և փոխանցելու մասին։
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում վաղուց գաղտնիք չէ, որ փակ նիստերից հետո դրանց բովանդակությունը հաջորդ օրը հայտնվում է լրատվամիջոցներում։ Այդ պատճառով, ըստ նրա, պնդումը, թե ինչ-որ գաղտնի տեղեկություն է փոխանցվել արտասահման և դրա դիմաց վճարվել հարյուր հազարավոր դոլարներ, պարզապես ծիծաղելի է։
ԲՀԿ-ի վարկանիշը կտրուկ աճել է, իշխանությունները խուճապի են մատնվել
Նրա գնահատմամբ՝ Անդրանիկ Թևանյանի շուրջ ստեղծված պատմությունը նպատակ ունի կանխել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մայր Հայաստան» ուժի ընտրական ակտիվությունը։ Բոզոյանի խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ի վարկանիշը կտրուկ աճել է, ինչը նկատել են նաև իշխանությունները և, ըստ նրա, խուճապի են մատնվել։
Քաղաքագետը պնդել է, որ իշխանությունները նախկինում արդեն փորձել են Գագիկ Ծառուկյանին ներկայացնել որպես «լրտես», իսկ այժմ նույն կերպ փորձում են թիրախավորել նաև Անդրանիկ Թևանյանին՝ պետական դավաճանության հոդվածներով ընտրարշավը վնասելու նպատակով։
Նրա խոսքով՝ իշխանություններին անհանգստացրել են ինչպես Թևանյանի հանրային հանդիպումների արձագանքները, այնպես էլ YouTube-ում արձանագրվող բարձր դիտումները և Գագիկ Ծառուկյանի մարզային այցերի ակտիվությունը։ Բոզոյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ընդդիմադիր ուժերի վարկանիշների աճը լուրջ անհանգստություն է առաջացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։

