Իշխանությունները ընտրությունները չեղարկելու ու հատուկ դրություն մտցնելու հիմք են ստեղծում

Իշխանությունները ընտրությունները չեղարկելու ու հատուկ դրություն մտցնելու հիմք են ստեղծում

Հայաստանում նախընտրական քարոզարշավը վերջնականապես կորցրել է քաղաքական մրցակցության հատկանիշները և վերածվել ընդդիմադիր դաշտի զտման կոշտ գործողության։ Իշխանությունը, զգալով վերահսկողության կորստի աճող սպառնալիքը, գործի է դնում ուժային կառույցները։ Անցանկալի թեկնածուների դեմ «պետական դավաճանություն» և «լրտեսություն» հոդվածներով կայծակնային արագությամբ հարուցվող քրեական գործերն այլևս դառնում են համակարգային ռազմավարության մաս։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունները կանգնած են քաղաքական փակուղու առաջ և, տեսնելով վերարտադրվելու հնարավորությունների բացակայությունը, կարող են գնալ ծայրահեղ սցենարների։ Նրա խոսքով՝ ընտրողների տրամադրություններից ելնելով՝ իշխող թիմի մոտ կա պարզ ընկալում, որ այս կամ այն ընդդիմադիր ուժին ընտրապայքարից հեռացնելը այլևս չի կարող արդյունավետ լուծում ծառայել  իշխանությունը պահպանելու գործում։ 

Դանիելյանի կարծիքով՝ իշխանությունները լավատեղյակ են իրենց իրական վարկանիշից, քանի որ ամենօրյա սոցիոլոգիական հարցումներ են անցկացվում և տեղերից տեղեկատվություն է հավաքվում։ Այդ տվյալների հիման վրա, ըստ նրա, իշխանությունը հասկանում է, որ «արդար ընտրությունների միջոցով վերարտադրվել չի կարող»։ Այս պարագայում իրենք ունեն միայն մեկ գործիք՝ ընտրությունների չեղարկում։ 

Դանիելյանը ուշադրությունը  հրավիրեց վերջին օրերին տարածված այն տեսանյութի վրա, որտեղ մի խումբ անձինք իբր սպառնալիքներ էին հնչեցնում վարչապետի հասցեին։ Քաղաքագետի խոսքով՝ նման նյութի ընտրություններից անմիջապես առաջ ի հայտ գալը կարող լինել իր կողմից մատնանշած սցենարի մաս։ «Կանխամտածված ստեղծվում է լարվածության մթնոլորտ։ Ես չեմ զարմանա, եթե ընտրությունների ժամանակ բախումներ կազմակերպվեն, կրակոցներ լինեն, նույնիսկ զոհեր լինեն, և դա օգտագործվի որպես հիմք՝ ընտրությունները չեղարկելու և արտակարգ դրություն մտցնելու համար», — նշել է նա։

Քաղաքագետը պնդում է, որ արդեն իսկ անհնար է խոսել ազատ և մրցակցային ընտրությունների մասին, երբ քաղաքական դաշտում առկա են թիրախավորումներ, ձերբակալություններ և սպառնալիքներ։ Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակում կոալիցիաների կամ ապագա վարչապետի շուրջ քննարկումները երկրորդական են, քանի որ «խնդիրը պետականության խնդիր է»։ Դանիելյանը նաև կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորել ջանքերը՝ կազմակերպելով համատեղ ասուլիսներ, երթեր և հանրահավաքներ։ Նրա համոզմամբ՝ իշխանության թիրախում հայտնված երեք հիմնական քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն ներքին հակասություններն ու «տարօրինակ ամբիցիաները»՝ ստեղծված իրավիճակին միասնական պատասխան տալու համար։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top