Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումները շարունակում են ակտիվ քննարկումների առիթ դառնալ քաղաքական դաշտում։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և GALLUP Armenia-ի ներկայացրած տվյալները մի շարք էական տարբերություններ են արձանագրում թե՛ քաղաքական ուժերի վարկանիշների, թե՛ չկողմնորոշված ընտրողների թվի առումով։ Միաժամանակ, քաղաքական շրջանակներում քննարկվում է ոչ միայն թվերի ճշգրտությունը, այլ նաև այն, թե ինչ միտումներ և քաղաքական տրամադրություններ են թաքնված դրանց հետևում։
8 տոկոսը թեև հիմնականում կողմնորոշված է, կարող է փոխել որոշումը
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցման արդյունքներով՝ հարցվածների 32 տոկոսը պատրաստ է ձայն տալ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Միաժամանակ, ընտրությանը մասնակցելու հստակ մտադրություն ունեցող քաղաքացիների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 38 տոկոսի։
Հարցման տվյալներով՝ 7 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի օգտին, 4 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Գուրգեն Սիմոնյանի ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցության, ևս 2 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյան-ի ԲՀԿ-ի օգտին։ 1-ական տոկոս աջակցություն ունեն Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը, ԱՄՆ-ում կալանավորված Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։ Միաժամանակ, հարցվածների 43 տոկոսը հրաժարվել է նշել իր նախընտրած ուժին կամ հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել։
Հարցվածների 81 տոկոսը նշել է, որ վստահ է իր ընտրության հարցում, մինչդեռ 8 տոկոսը պատասխանել է, որ թեև հիմնականում կողմնորոշված է, սակայն մինչև ընտրության օրը կարող է փոխել որոշումը։ Ընտրությունների ազատ ու արդար լինելու վերաբերյալ հարցին 34 տոկոսը պատասխանել է, որ դրանք միանշանակ կլինեն ազատ և արդար, ևս 37 տոկոսը՝ հավանաբար ազատ և արդար։
«Ո՞ր քաղաքական գործչին եք ամենաշատը վստահում» հարցին 29 տոկոսը նշել է Նիկոլ Փաշինյանին, 9 տոկոսը՝ Սամվել Կարապետյանին, 5 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, իսկ 4 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին։ Փետրվարյան հարցման համեմատությամբ Փաշինյանի նկատմամբ վստահությունն աճել է 9 տոկոսով, մինչդեռ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ցուցանիշները նվազել են 1-ական տոկոսով։
ՔՊ-ին ամենաքիչը պատրաստ են ընտրել երիտասարդները
Հարցման համաձայն՝ ՔՊ-ին ամենաքիչը պատրաստ են ընտրել երիտասարդները, մինչդեռ ամենաբարձր աջակցությունը կուսակցությունը ստանում է 56 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։ Նույն պատկերն արձանագրվել է նաև քաղաքական գործիչների նկատմամբ վստահության հարցում․ երիտասարդների միայն 15 տոկոսն է նշել Նիկոլ Փաշինյանի անունը, իսկ 56-ից բարձր տարիքային խմբում այդ ցուցանիշը հասնում է 45 տոկոսի։
Միևնույն ժամանակ, հարցվածների 61 տոկոսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 28 տոկոսը՝ սխալ։ Փետրվարի համեմատությամբ «ճիշտ ուղղության» կողմնակիցների թիվն աճել է 14 տոկոսով։
Անվտանգային և սահմանային խնդիրները հարցվածների 17 տոկոսի համար շարունակում են մնալ Հայաստանի գլխավոր մարտահրավերը։ Տնտեսությունն ու գործազրկությունը որպես հիմնական խնդիր նշել է 15 տոկոսը, իսկ 10 տոկոսը մտահոգված է բարձր գներով։
GALLUP Armenia-ի հարցումը՝ այլ պատկեր
Միևնույն ժամանակ, Հայաստանում անցկացված մեկ այլ՝ GALLUP Armenia-ի հարցումը ներկայացրել է էականորեն տարբերվող պատկեր։
Ըստ GALLUP Armenia-ի հրապարակած տվյալների՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ապա ընտրողների 28.8 տոկոսը կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 14.9 տոկոսով, իսկ երրորդում՝ «Հայաստան» դաշինքը՝ 12.1 տոկոսով։
Հարցման տվյալներով խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն ևս 2 ուժՒ Այսպես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 8.7 տոկոսը, իսկ «Միասնության թևեր» կուսակցության օգտին՝ 5.8 տոկոսը։ Կան ուժեր, որոնք այս պահի դրությամբ չեն հաղթահարել անցողիկ շեմը, բայց շատ մոտ են դրան։ Դրանց թվում է «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, որին պարտաստ են քվեարկեկ հարցվոծների է 3.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2.9 տոկոս, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ 2.8 տոկոս, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն-ը՝ 2.7 տոկոս։
1.9 տոկոսը նշել է, որ կքվեարկի «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության օգտին, իսկ մյուս քաղաքական ուժերի ցուցանիշները չեն գերազանցել 1 տոկոսը։ Հարցվածների 8.6 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 3.4 տոկոսը դժվարացել է ընտրություն կատարել, 0,9 տոկոսը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը։
Որտե՞ղ է ճշմարտությունը
IRI-ի և GALLUP Armenia-ի հարցումների միջև եղած տարբերություններին անդրադարձել է Գագիկ Մինասյան-ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն Գործադիր մարմնի անդամը նշել է, որ առաջին կարևոր տարբերությունը հարցումների անցկացման ժամանակահատվածն է։
Նրա խոսքով՝ IRI-ի հարցումն իրականացվել է մայիսի 5-11-ը, երբ նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր միայն մայիսի 8-ին, մինչդեռ GALLUP Armenia-ի հարցումները կատարվել են մայիսի 20-21-ին՝ արդեն ակտիվ քարոզչական փուլի ընթացքում։
Մինասյանը ուշադրություն է հրավիրել նաև չկողմնորոշված և պատասխանելուց հրաժարված քաղաքացիների տարբեր ցուցանիշների վրա։ Նրա տվյալներով՝ IRI-ի հարցման մեջ չկողմնորոշվածները կազմել են 20 տոկոս, իսկ պատասխանելուց հրաժարվածները՝ 23 տոկոս, մինչդեռ GALLUP Armenia-ի հարցման դեպքում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 8 և 8.6 տոկոս։
ՀՀԿ ներկայացուցիչը եզրակացրել է, որ երկու հարցումների միջև տարբերությունները կարող են պայմանավորված լինել ինչպես ժամանակային գործոնով, այնպես էլ ընտրողների կողմնորոշման աստիճանի փոփոխությամբ՝ նախընտրական գործընթացի ակտիվացման պայմաններում։
Այս փուլում բարձր մասնակցությունը աշխատելու է իշխանության օգտին
IRI-ի հրապարակած տվյալներին արձագանքել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ հարցումների «բացարձակ թվերին» չի վերաբերվում որպես անվերապահ ճշմարտության, սակայն կարևորում է դրանցում առկա միտումներն ու տողատակերը։ Իսկ IRI-ի հարցման ամենաուշագրավ ցուցանիշը, ըստ նրա, մասնակցության աճի և իշխանության օգտին քվեարկելու պատրաստակամության միջև եղած փոխկապակցվածությունն է։
Նրա գնահատմամբ՝ այս փուլում բարձր մասնակցությունը, եթե ապահովվի, առավելապես աշխատելու է «կոնսոլիդացված իշխանական ընտրազանգվածի» օգտին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ընդդիմության առաջնային խնդիրը սեփական ընտրազանգվածի համախմբումն ու ընտրատեղամասեր տանելու կարողությունն է։
«Մենք ձեզնից լավն ենք» թեզը չի կարող հաղթել
Հովհաննիսյանը քննադատել է ընդդիմադիր դաշտում առկա որոշ մոտեցումներ՝ նշելով, որ ընտրողների առօրյայի, լեզվի կամ կենցաղի նկատմամբ վերամբարձ վերաբերմունքը վանում է մարդկանց։ Նրա խոսքով՝ «մենք ձեզնից լավն ենք» թեզը չի կարող հաղթել «ես ձեզնից մեկն եմ» մոտեցմանը։
Նախկին նախարարը նաև զգուշացրել է չափազանցված սպասումներ ձևավորելու վտանգի մասին՝ հիշեցնելով պատերազմի տարիներին տարածված «Արծրունական խոսույթի» հետևանքները, որոնք հանգեցրել էին հիասթափության և ապատիայի։
«Հունիսի 7-ից հետո էլ կյանք կա», — նշել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ոչ միայն հաղթանակի սցենարին, այլ նաև անցանկալի արդյունքի դեպքում հետագա քայլերի հստակ ծրագրին։

