Իշխանությունը փորձում է պահպանել հասարակության մեջ հետպատերազմյան շոկը

Իշխանությունը փորձում է պահպանել հասարակության մեջ հետպատերազմյան շոկը

Հայաստանում իշխանությունները շարունակում են օգտագործել հասարակությունը բաժանող հին քաղաքական տեխնոլոգիաները, քանի որ չեն կարողացել ձևավորել նոր օրակարգ և նոր քաղաքական բովանդակություն։ Այս կարծիքն է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

Նրա գնահատմամբ՝ պատերազմից հետո իշխանության հիմնական նպատակներից մեկը դարձել է հասարակության մեջ հետպատերազմյան հոգեբանական շոկի պահպանությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իշխանությանը սեփական հասարակության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրել։

«Այն, ինչի ականատեսն ենք այսօր, սեփական հանրության հանդեպ իրականացվող  հոգեբանական ահաբեկչություն է», — հայտարարել է նա։  Եթե ասվում է, որ իշխանության չվերընտրվելու դեպքում պատերազմ է լինելու, ապա դա ինչպե՞ս կարելի է այլ կերպ գնահատել, եթե ոչ որպես հանրության նկատմամբ հոգեբանական ճնշման դրսևորում, նշում է Բեքարյանը։ 

Նրա խոսքով՝ նույն տրամաբանության մեջ են տեղավորվում նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի հասցեին հնչող սպառնալիքներն ու վիրավորանքները։

«Երբ քաղաքական գործընթացում վիրավորում կամ թիրախավորում են որևէ անձի, խնդիրը միայն այդ մարդը չէ։ Քաղաքական մշակույթ ունեցող երկրներում հասկանում են, որ կան արժեքներ, որոնք տոկոսներով չեն չափվում։ Յուրաքանչյուր քաղաքական ուժի հետևում կանգնած են քաղաքացիներ, և ցանկացած հարձակում կամ սպառնալիք ուղղված է նաև այդ մարդկանց», — ընդգծել է նա։

Դրա հետ մեկտեղ իշխանությունը կրկին վերադարձել է այն նույն բաժանարար գծերին, որոնք տարիներ շարունակ օգտագործել է հանրության վրա ազդելու համար, նշել է նա։ Բեքորյանը նշում է, որ իշխանությունը կրկին շրջանառության մեջ է դնում «նախկիններ-ներկաներ», «թալան», «թալանի վերադարձ» և նմանատիպ քաղաքական թեզերը, որոնք նախկինում օգտագործվել են հասարակությունը բևեռացնելու նպատակով։ 

«Երբ իշխանությունը վերադառնում է իր հին օրակարգերին, դա ցույց է տալիս, որ նոր ասելիք չի ստեղծվել կամ չի աշխատում։ Երկու դեպքում էլ արդյունքը նույնն է՝ վերադարձ նախկին մեթոդներին», — նշել է Բեքարյանը։

Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը վկայում է քաղաքական մշակույթի խոր ճգնաժամի մասին և չի համապատասխանում ժողովրդավարական պետությանը բնորոշ քաղաքական վարքագծին։

«Ցանկացած տեսանկյունից սա անոմալ իրավիճակ է։ Այն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում, չի կարող դիտարկվել որպես բնական և առողջ քաղաքական գործընթաց», — եզրափակել է Բեքարյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top