Team Telecom Armenia-ի և AzerTelecom-ի միջև տրաֆիկի տարանցման վերաբերյալ կնքված համաձայնագիրը հանրային քննարկումների առարկա է դարձել, սակայն այն ունի նաև մի շարք դրական կողմեր Հայաստանի համար։ Այս մասին խոսել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով երկու ընկերությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին կարևոր է հասկանալ, որ խոսքը զուտ կոմերցիոն համագործակցության մասին է։ Ինչպես նշված է պաշտոնական հայտարարության մեջ, համաձայնագիրը վերաբերում է տարանցիկ ինտերնետային տրաֆիկի վաճառքին և իրականացվում է առևտրային հիմունքներով։
Մարտիրոսյանի գնահատմամբ՝ այս համագործակցության արդյունքում Ադրբեջանը որոշ առումներով նույնիսկ ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Հայաստանից, մասնավորապես՝ Նախիջևանի և Մերձավոր Արևելքի ուղղությամբ կապի ապահովման տեսանկյունից։
Փորձագետը նշում է, որ, ըստ առկա տեղեկությունների, հայ-ադրբեջանական սահմանի միջոցով կանցնեն երկու օպտիկամանրաթելային մալուխներ։ Սա նոր իրավիճակ է տարածաշրջանի համար, քանի որ մինչ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական տրանզիտային կապը հիմնականում սահմանափակվել է երկաթուղային հաղորդակցությամբ։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այդ ոլորտում Հայաստանն արդեն որոշակի կախվածություն ունի Ադրբեջանից, քանի որ ռուսական որոշ ապրանքներ երկիր են հասնում հենց այդ ճանապարհով։ Հատկապես զգայուն է այս հարցը Վերին Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրների և վառելիքի շուկայում հնարավոր դժվարությունների պայմաններում։
Սակայն ինտերնետային տրաֆիկի դեպքում իրավիճակը, ըստ նրա, այլ է։ Այստեղ հենց Ադրբեջանն է շահագրգռված նոր տրանզիտային ուղու ստեղծմամբ։ Թեև երկու կողմերն էլ կառուցում են փոխկապակցված ենթակառուցվածք, այդ երթուղին առաջին հերթին անհրաժեշտ է ադրբեջանական կողմին։
Մարտիրոսյանը հիշեցնում է, որ Team Telecom Armenia-ի նախկին հայտարարություններից հետևում էր, որ ընկերության մալուխներով անցնող տրաֆիկի ընդամենը 10-15 տոկոսն է հայկական։ Սա, նրա խոսքով, նշանակում է, որ ընկերությունն արդեն այսօր տարածաշրջանում կարևոր դեր է խաղում որպես տարանցիկ օպերատոր։
Հայաստանի տարածքով այժմ իրականացվում են հյուսիս-հարավ ուղղությամբ տվյալների փոխանցման հոսքեր, որոնցից օգտվում են նաև Մերձավոր Արևելքի երկրները։ Նոր համաձայնագիրը, փորձագետի կարծիքով, կարող է Հայաստանին ներգրավել նաև արևելք-արևմուտք տրանզիտային ուղղության մեջ՝ ընդլայնելով երկրի նշանակությունը միջազգային հեռահաղորդակցային ենթակառուցվածքներում։
Նա ընդգծում է, որ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ Հնարավոր է, որ ապագայում Հայաստանի տարածքով անցնի նաև Ղազախստանից եկող տրաֆիկը, ինչը լրացուցիչ կբարձրացնի երկրի դերը տարածաշրջանային կապուղիների համակարգում։
Փորձագետը կարևորում է նաև ենթակառուցվածքների կայունության հարցը։ Նրա խոսքով՝ Հայաստանը երկար տարիներ զգալիորեն կախված է եղել Վրաստանի տարածքով անցնող կապուղիներից, իսկ այնտեղ պարբերաբար տեղի են ունեցել վթարներ և մալուխների վնասումներ։ Նոր ուղղության առկայությունը կարող է ապահովել պահուստային կապուղի և նվազեցնել նման դեպքերի հետևանքները։
Այդուհանդերձ մեդիափորձագետ Ռուբեն Մուրադյանը նման համագործակցությունը համարում է ռիսկային․ «Team Telecom-ը և AzerTelecom-ը փոխադարձաբար օգտագործելու են կապուղիները համացանցին հասանելիություն ապահովելու համար։ Այս համագործակցության շրջանակներում Team Telecom-ի ենթակառուցվածքով անցնելու է Ադրբեջանից Նախիջևան գնացող տրաֆիկը։ Ինտերնետ-տրանզիտի փոխադարձ օգտագործման մասին համաձայնագիրը նշանակում է, որ հայկական տրաֆիկը նույնպես կարող է անցնել AzerTelecom-ի ենթակառուցվածքով»,- հիշեցրել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ սա մի շարք ռիսկեր է պարունակում․ «AzerTelecom-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել։ Հաղորդակցության բովանդակությունը, ամենայն հավանականությամբ, հասանելի չի լինի․ այսօր գրեթե ողջ հաղորդակցությունը ծածկագրված է TLS-ով։ Այնտեղ կա MITM (Man-in-the-Middle) հարձակումների հավանականություն, բայց այն մեծ չէ։ Փոխարենը՝ AzerTelecom-ը հնարավորություն կստանա հայկական տրաֆիկն անցկացնել DPI համակարգերով, ինչը թույլ կտա պրոֆիլավորել և վերլուծել հայաստանյան օգտատերերի վարքագիծը։ Կրկնում եմ՝ ոչ թե հենց փոխանցվող տվյալներին հասանելիություն ստանալու, այլ միացման մետատվյալներին հասանելիության համատեքստում»։
Նրա խոսքով՝ ամենառիսկային գոտում հայտնվում են ֆիքսված IP հասցեներ օգտագործող անձինք ու կազմակերպությունները։ Նրանց IP հասցեները բավականին հեշտ է կապել կոնկրետ օգտատերերի հետ և բացահայտել ինքնությունը: Բացի այդ, AzerTelecom-ը ավելի մեծ հնարավորություններ կստանա BGP r երթուղիների թունավորման համար՝ իրեն հետաքրքրող տրաֆիկը վերահասցեագրելով սեփական ցանցերի միջոցով։
«Այս պահին այդ ռիսկերը վերաբերում են Team Telecom-ի օգտատերերին։ Բայց ես չափազանց մեծ հույսեր չէի կապի լիակատար անվտանգության հետ։ Այն անձինք, ովքեր հետաքրքրություն են ներկայացնում՝ քաղաքական գործիչները, լրագրողները, ՀԿ անդամները, առանցքային ընկերությունների աշխատակիցները, պետք է մտածեն մշտական հիմունքներով և իրենց բոլոր սարքերում VPN օգտագործելու մասին»,- կարծում է փորձագետը։

