Իրան–ԱՄՆ հուշագիր․ բեկում, թե՞ ժամանակ շահելու միջոց

ԱՄՆ–Իրան 60-օրյա բանակցային մարաթոն․ Հորմուզից մինչև միջուկային ծրագիր

Շվեյցարիայում շարունակվում են ԱՄՆ–Իրան բանակցությունները, որոնք արդեն իսկ բնութագրվում են որպես վերջին տարիների ամենափակ և ամենագաղտնի դիվանագիտական գործընթացներից մեկը։ Թեև կողմերը ավարտել են բանակցությունների առաջին փուլը և հայտարարել երկխոսության շարունակման մասին, ակնհայտ է, որ գործընթացը հեշտ չի ընթանում․ ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Թեհրանում պահպանվում է զգալի լարվածություն։

Բանակցությունների շուրջ առկա գաղտնիության պայմաններում փորձագետներն ու քաղաքական շրջանակները փորձում են հասկանալ, թե ինչ հարցերի շուրջ կողմերը դեռևս չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ինչու է բանակցային գործընթացը տևելու շուրջ 60 օր և որոնք են այն առանցքային թեմաները, որոնք այսօր գտնվում են բանակցային սեղանին։ 

Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի գնահատմամբ՝ մեկնարկած բանակցային գործընթացը չափազանց բարդ է, և ակնկալել, որ կողմերը 60 օրվա ընթացքում կհասնեն արագ ու համապարփակ համաձայնության, իրատեսական չէ։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ հակասություններ, իսկ հատկապես Իրանի կողմից ձևակերպված «կարմիր գծերը» զգալիորեն բարդացնում են փոխընդունելի լուծումների որոնումը։

Փորձագետը նշում է, որ այս փուլում կողմերը հիմնականում համաձայնության են եկել ռազմական գործողությունների դադարեցման և մի շարք նախնական պայմանավորվածությունների շուրջ։ Խոսքը վերաբերում է նաև Իրանի նկատմամբ կիրառված որոշ սահմանափակումների մեղմացմանը, նավթի արտահանման հետ կապված խոչընդոտների վերացմանը և Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովմանը 60-օրյա ժամկետում։ Շահնազարյանի խոսքով՝ հենց այս հարցերն են դարձել առաջին փուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքը։

Միաժամանակ, բանակցությունների հիմնական և ամենաբարդ թեման շարունակում է մնալ Իրանի միջուկային ծրագիրը։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել, սակայն նաև չի պատրաստվում հրաժարվել խաղաղ ատոմի ծրագրից։ Փորձագետի խոսքով՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է մինչև 60 տոկոս հարստացված շուրջ 460 կիլոգրամ ուրանի ճակատագիրը։ Եթե սկզբնական շրջանում Վաշինգտոնը պնդում էր, որ այդ պաշարները պետք է դուրս բերվեն Իրանից, ապա այժմ, ըստ Շահնազարյանի, քննարկվում է փոխզիջումային տարբերակ, որի համաձայն ուրանը կարող է նոսրացվել և պահպանվել հենց Իրանի տարածքում։

Մեկ այլ զգայուն հարց վերաբերում է Հորմուզի նեղուցի ապագա կարգավիճակին։ Փորձագետի կարծիքով՝ բանակցությունների ընթացքում անհրաժեշտ կլինի հստակեցնել, թե ինչ մեխանիզմներով է իրականացվելու նեղուցի վերահսկողությունը և ինչպես են բաշխվելու տարանցիկ փոխադրումների հետ կապված վճարներն ու հարկերը։

Շահնազարյանը չի բացառում նաև, որ ԱՄՆ-ն փորձի բանակցությունների օրակարգ բերել այնպիսի թեմաներ, որոնք Թեհրանը համարում է անընդունելի։ Խոսքը վերաբերում է ոչ միայն միջուկային ծրագրի սահմանափակումներին, այլև Իրանի տարածաշրջանային ազդեցությանը և նրա հետ կապված ուժերի գործունեությանը Մերձավոր Արևելքում։ Փորձագետի համոզմամբ՝ հենց այս հարցերն են, որ առաջիկա շաբաթներին կարող են դառնալ բանակցային գործընթացի գլխավոր խոչընդոտներն ու առավել լուրջ փորձությունը կողմերի համար։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top