Ռուսաստանի շուկայում հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները, որքան էլ զգայուն լինեն առանձին ոլորտների համար, չեն հանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը։ Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ՝ տնտեսությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող է դիվերսիֆիկացնել իր արտահանման ուղղությունները, թեև այդ ճանապարհը հեշտ չի լինելու։
Նրա խոսքով՝ որոշ ընկերություններ չեն դիմանա նոր պայմաններին, մի մասը կխոշորանա, որոշ բիզնեսներ կդադարեն գործել, սակայն ընդհանուր առմամբ տնտեսությունը կկարողանա հարմարվել նոր իրողություններին։ Միևնույն ժամանակ նա չի կարծում, որ ստեղծված սահմանափակումները մշտական բնույթ են կրելու, քանի որ ցանկացած նման իրավիճակ վաղ թե ուշ քաղաքական կամ տնտեսական հանգուցալուծում է ստանում։
Արտահանման հիմնական խնդիրը միայն արտադրանքը չէ
Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանի համար առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ արտադրանք է երկիրը կարողանում առաջարկել համաշխարհային շուկային և որքանով է այդ արտադրանքը մրցունակ։
Նրա գնահատմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվել են ներդրումներ, զարգացել են ինտենսիվ այգիները, առանձին արտադրություններ սկսել են աշխատել ավելի ժամանակակից մեթոդներով։ Սակայն այս ամենը դեռևս չի նշանակում, որ Հայաստանը հասել է այնպիսի արտադրական ծավալների, որոնք հնարավորություն կտան մեծ քանակությամբ և կայուն կերպով մատակարարել արտասահմանյան շուկաներ։
Նրա խոսքով՝ արտահանման հաջողությունը որոշվում է ոչ միայն արտադրանքի առկայությամբ, այլ ամբողջ ենթակառուցվածքով, որն ապահովում է դրա ճանապարհը մինչև վերջնական սպառող։
Առանց լոգիստիկայի և վստահելի սերտիֆիկացման նոր շուկաներ մտնել հնարավոր չէ
Գաբրիելյանի գնահատմամբ՝ արտահանման համար վճռորոշ նշանակություն ունեն լոգիստիկան, որակի վերահսկման համակարգը և միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկացման մեխանիզմները։
Նրա խոսքով՝ ցանկացած երկիր, որը ցանկանում է իր արտադրանքը վաճառել արտասահմանում, պետք է ունենա այնպիսի լաբորատորիաներ, որոնց տված եզրակացություններին վստահում են արտասահմանյան գործընկերները։ Այդ դեպքում սահմանին յուրաքանչյուր խմբաքանակի նկատմամբ անվստահություն չի առաջանում, և ապրանքը կարողանում է ազատ շրջանառվել։
Գաբրիելյանը նշում է, որ Հայաստանում արդեն կան նման հնարավորություններ ունեցող առանձին լաբորատորիաներ և արտադրողներ, սակայն խնդիրն այն է, որ արտադրողների մեծ մասը դեռևս չի համապատասխանում այդ չափանիշներին։ Արդյունքում ամբողջ համակարգը չի կարողանում աշխատել նույն մակարդակով։
Տարիներ շարունակ արտահանումը խրախուսվել է նույնիսկ այն դեպքում, երբ որակի հետ խնդիրներ կային
Նախկին փոխվարչապետը նշեց, որ երկար տարիներ գերակշռել է այն մոտեցումը, որ եթե արտադրանքը վաճառվում և արտահանվում է, ապա դա արդեն օգտակար է տնտեսության համար։ Այդ պատճառով պետությունը հաճախ նախընտրել է չխստացնել վերահսկողությունը՝ հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում արտադրողները աստիճանաբար կբարձրացնեն որակի մակարդակը։
Նրա խոսքով՝ այս մոտեցումը որոշ դեպքերում արդյունք տվել է, սակայն շատ դեպքերում՝ ոչ։ Հատկապես փոքր արտադրողները, եթե արդեն ունեն կայուն շուկա, սովորաբար չեն շտապում ներդրումներ կատարել որակի ապահովման, միջազգային ստանդարտների ներդրման կամ արտադրության արդիականացման ուղղությամբ։
Գաբրիելյանը նշում է, որ այսօր հենց այդ մոտեցման հետևանքներն են ի հայտ գալիս, քանի որ նոր շուկաները շատ ավելի բարձր պահանջներ են ներկայացնում արտադրանքի նկատմամբ, և այդ կարգի արտադրողները դուրս են մնում մրցակցությունից։
Ո՞ր արտադրողներն են վտանգված
Գաբրիելյանի խոսքով՝ ռուսական շուկայի հետ կապված խնդիրները պետք է բաժանել մի քանի մասի։ Դրանցից մեկը ֆիտոսանիտարական վերահսկողությունն է, որը վերաբերում է բուսական և կենդանական ծագման արտադրանքին։
Նրա գնահատմամբ՝ ամենաբարդ իրավիճակում հայտնվել են այն ընկերությունները, որոնք տարիներ շարունակ խոշոր խմբաքանակներով արտադրանք էին մատակարարում Ռուսաստանի մանրածախ ցանցերին։ Այդպիսի բիզնեսները կառուցել էին ամբողջ արտադրական համակարգը մեկ շուկայի պահանջներին համապատասխան և այժմ առավել զգայուն են ցանկացած սահմանափակման նկատմամբ։
Նրա խոսքով՝ կառավարությունը որոշ չափով աջակցել է այդ ընկերություններին՝ հետաձգելով վարկային պարտավորությունները, սակայն դա միայն ժամանակավոր օգնություն է։
«Խնդիրը կառուցվածքային է»,- փաստում է նախկին փոխվարչապետը՝ նշելով, որ ֆինանսական աջակցությունը չի փոխարինում շուկաների վերակառուցման անհրաժեշտությանը։
Եվրոպական շուկա մտնելու համար միայն սերտիֆիկատ ունենալը բավարար չէ
Գաբրիելյանի խոսքով՝ շատերը կարծում են, թե բավական է արտադրանքը համապատասխանի եվրոպական պահանջներին, և հնարավոր կլինի անմիջապես սկսել արտահանումը։ Իրականում, նրա կարծիքով, դա միայն առաջին քայլն է։
Արտադրողը պետք է ունենա նաև վաճառքի կայացած ցանց, գործընկերներ, դիստրիբյուտորներ, որոնք պատրաստ կլինեն ներկայացնել տվյալ ապրանքը, ինչպես նաև սպառողներ, որոնք արդեն ճանաչում և վստահում են այդ ապրանքանիշին։
Նրա խոսքով՝ եթե նման համակարգ գոյություն չունի, ապա նույնիսկ բարձրորակ արտադրանքը կարող է երկար ժամանակ չկարողանալ իր տեղը գտնել նոր շուկայում։ Հենց այդ պատճառով արտահանման դիվերսիֆիկացիան հնարավոր չէ իրականացնել մի քանի ամսվա ընթացքում։ Դա պահանջում է տարիների հետևողական աշխատանք։
Հայաստանը ժամանակին չի զբաղվել շուկաների դիվերսիֆիկացմամբ
Գաբրիելյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը փաստացի չի իրականացրել այն աշխատանքը, որը պետք էր նոր շուկաներում հայկական արտադրանքը ճանաչելի դարձնելու համար։
Նրա գնահատմամբ՝ դրա պատճառը տնտեսական տրամաբանությունն էր։ Եթե արտադրողն արդեն ունի կայուն պահանջարկ, կանխատեսելի շահույթ և հաստատված վաճառքի շուկա, ապա բնական է, որ նա չի ցանկանա մեծ ծախսեր կատարել նոր շուկաներ նվաճելու համար։
Նրա խոսքով՝ միայն առանձին ընկերություններ տարիներ առաջ հասկացել էին, որ մեկ շուկայից ամբողջությամբ կախված մնալը վտանգավոր է և սկսել էին աստիճանաբար դիվերսիֆիկացնել արտահանումը։ Սակայն արտադրողների մեծ մասն այդ հնարավորությունները, անհրաժեշտ կապերը կամ գիտելիքները չուներ և շարունակեց աշխատել արդեն գոյություն ունեցող սխեմայով։
Դիվերսիֆիկացիան հնարավոր է, բայց արագ արդյունքներ ակնկալել պետք չէ
Ամփոփելով՝ Գաբրիելյանը նշում է, որ Հայաստանի տնտեսությունն ունի դիվերսիֆիկացվելու ներուժ, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի երկարատև և հետևողական աշխատանք, ինչպես նաև ներդրումներ։
Նրա խոսքով՝ այդ ճանապարհին որոշ ընկերություններ կվերակազմավորվեն, որոշները կմիանան ավելի խոշոր կառույցների, իսկ մի մասն ընդհանրապես կդադարի գործել։ Այդուհանդերձ, գլոբալ առումով տնտեսությունը կարող է հարմարվել նոր պայմաններին և աստիճանաբար ձևավորել ավելի բազմազան արտահանման կառուցվածք։
Միաժամանակ նա նշում է, որ առանձին ռիսկեր կարող են առաջանալ նաև վառելիքի մատակարարումների ոլորտում, սակայն այդ հարցերն արդեն պայմանավորված են ավելի լայն միջպետական համաձայնագրերով և դուրս են առանձին արտահանողների խնդիրների շրջանակից։

