Հորմուզի նեղուցի շուրջ էսկալացիան ԱՄՆ-ի համար աշխարհատնտեսական նոր հնարավորություններ է բացում․ քաղաքագետի կարծիքը

Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի սրումը նոր հնարավորություններ է բացում ԱՄՆ-ի համար

Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի սրումը Միացյալ Նահանգների համար միանգամից մի քանի ռազմավարական առավելություններ է ստեղծում և տեղավորվում է համաշխարհային էներգետիկ շուկաներում ամերիկյան ազդեցության ուժեղացման երկարաժամկետ տրամաբանության մեջ։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վահե Դավթյանը։

Նրա գնահատմամբ՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության հարցում Վաշինգտոնի շահագրգռվածության գլխավոր պատճառներից մեկը ասիական տնտեսություններին լուրջ հարված հասցնելու հնարավորությունն է։ Խոսքն առաջին հերթին Չինաստանի մասին է, որը շարունակում է մնալ այս ռազմավարական նշանակություն ունեցող ծովային երթուղով անցնող նավթի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ամենախոշոր ներկրողը։ Դավթյանի խոսքով՝ Հորմուզով նավագնացության ցանկացած խափանում ուղղակիորեն անդրադառնում է Պեկինի էներգետիկ անվտանգության վրա։

Որպես երկրորդ կարևոր գործոն՝ փորձագետը համարում է համաշխարհային շուկա կատարական գազի մատակարարումների կրճատման հեռանկարը։ Նման իրավիճակում Միացյալ Նահանգները լրացուցիչ հնարավորություն է ստանում զգալիորեն մեծացնելու սեփական հեղուկացված բնական գազի արտահանումը Եվրոպա։

Քաղաքագետը նշում է, որ Վաշինգտոնն արդեն ակտիվորեն օգտագործում է այդ շանսը։ Կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին եվրոպական ՀԲԳ-ի ողջ ներկրման շուրջ 66%-ը բաժին է ընկնելու հենց ամերիկյան մատակարարումներին։ Ընդ որում, 2022 թվականից հետո եվրոպական շուկայում ամերիկյան հեղուկացված գազի բաժնեմասն աճել է ավելի քան երեք անգամ։

Հորմուզի նեղուցի հնարավոր կաթվածահարման ևս մեկ ռազմավարական հետևանք Դավթյանն անվանում է ՕՊԵԿ-ի դիրքերի թուլացումը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում այդ կազմակերպությունն ավանդաբար դիտարկում են որպես կարտելային համաձայնության արդյունք, ինչի վկայությունն է, մասնավորապես, նավթ արտահանող երկրների դեմ ուղղված NOPEC (No Oil Producing and Exporting Cartels Act) բազմամյա օրենսդրական նախաձեռնությունը։

Քաղաքագետի կարծիքով՝ ՕՊԵԿ-ի զսպումը համապատասխանում է Դոնալդ Թրամփի վարչակազմի ավելի լայն էներգետիկ ռազմավարությանը, որը հիմնված է «Ամերիկյան էներգետիկ գերիշխանության ոսկե դարաշրջան» (The Golden Age of American Energy Dominance) հայեցակարգի վրա։ Այս տրամաբանության մեջ մրցակիցների թուլացումը պետք է նպաստի համաշխարհային էներգետիկ շուկայում ԱՄՆ առաջատար դիրքերի ամրապնդմանը։

Չորրորդ ուղղությունը, որին ուշադրություն է դարձնում Դավթյանը, նոր ենթակառուցվածքային նախագծերի զարգացումն է։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի սրումը Միացյալ Նահանգներին թույլ է տալիս առաջ մղել էներգակիրների փոխադրման այլընտրանքային երթուղիներ։

Որպես օրինակ՝ փորձագետը բերում է վերջերս հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ-ը, Իրաքը և Սիրիան պատրաստվում են վերականգնել Կիրկուկ-Բանիաս նավթամուղը, որը միացնում է Հյուսիսային Իրաքի նավթավայրերը Սիրիայի միջերկրածովյան ափի հետ։

Դավթյանի կարծիքով՝ նման նախագծերը աշխարհատնտեսական ազդեցության ձևավորման լուրջ գործիք է։ Քաղաքագետը համարում է, որ հենց էներգակիրների մատակարարման նոր երթուղիների ստեղծման միջոցով է Վաշինգտոնը ձգտում ամրապնդել իր դիրքերը համաշխարհային էներգետիկայում՝ միաժամանակ ուժեղացնելով ազդեցությունը դաշնակիցների վրա և սահմանափակելով իր աշխարհաքաղաքական մրցակիցների հնարավորությունները։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top