Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության խորացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ոչ միայն զինված ուժերի արդիականացման, այլև Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման համար։ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ ԱՄՆ-ում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը կարևոր է նրանով, որ առաջին անգամ Հայաստանի անունը հիշատակվում է ռազմական համագործակցության ավելի լայն շրջանակում։
Փորձագետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները փոխվել են՝ անցնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։ «Վերջին փաստաթղթերում արդեն բավական լուրջ հատված կա ռազմական համագործակցության և ռազմարդյունաբերության ոլորտում։ Սա այն ոլորտն է, որը նախկինում մենք գրեթե չենք ունեցել»,- ասել է Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ Սենատը հաստատի օրինագիծը, դա չի նշանակի հսկայական ռազմական օգնության տրամադրում, սակայն կարող է բացել համագործակցության նոր հնարավորություններ՝ կրթական ծրագրերից մինչև զորավարժություններ, տեխնոլոգիական փոխանակում և որոշակի ռազմական արտադրության զարգացում։ Փորձագետը շեշտել է, որ Հայաստանում հաճախ սխալ են ընկալում ռազմական համագործակցության տրամաբանությունը։ «Երբ ասում են՝ եկան, չորս դրոն տվեցին, դա ճիշտ ձևակերպում չէ։ Ոչ ոք ոչինչ պարզապես չի տալիս։ Հայաստանը ձեռք է բերում, գնում է։ Բայց առաջին գործարքները կարևոր են, որովհետև դրանից հետո հաջորդ քայլերը դառնում են ավելի հեշտ, արագ և արդյունավետ»,- նշել է նա։
Ներսիսյանի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ նաև Հայաստանի ռազմարդյունաբերության համար, քանի որ հնարավորություն կտա ստանալ որոշակի տեխնոլոգիաներ և բաղադրիչներ։ Նա նշել է, որ Հայաստանը մոտ ապագայում չի կարող ինքնուրույն արտադրել բոլոր անհրաժեշտ բարձր տեխնոլոգիական բաղադրիչները, սակայն կարող է ձեռք բերել կարևոր մասեր և դրանք ինտեգրել տեղական արտադրության մեջ։ «Օրինակ՝ դրոնների օպտիկան ամբողջությամբ այստեղ արտադրելը շատ արագ հնարավոր չէ, բայց ճիշտ կոմպոնենտներ ձեռք բերելն ու համադրելն իրական է»,- ասել է նա։ Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության ընդլայնումը կարող է նաև ազդանշան լինել այլ երկրների համար։
«Շատ ՆԱՏՕ-ի երկրներ հետևում են, թե ինչ մակարդակի հարաբերություններ ունի երկիրը Միացյալ Նահանգների հետ։ Եթե այդ համագործակցությունը հասնում է որոշակի մակարդակի, շատերի համար դա դառնում է կանաչ լույս՝ Հայաստանի հետ աշխատելու համար»,- նշել է նա։
Բազմազան զինատեսակների կառավարման խնդիր
Հայաստանի զինված ուժերում այսօր առկա են տարբեր երկրների արտադրության զինատեսակներ՝ ռուսական, ֆրանսիական, հնդկական, չինական և առաջիկայում նաև ամերիկյան տեխնոլոգիաներ։ Ներսիսյանի խոսքով՝ նման բազմազանությունը հնարավոր է կառավարել, սակայն դրա համար անհրաժեշտ է փոխել բանակի կառավարման համակարգը։
«Խնդիրը ոչ թե միայն տարբեր զենքեր ունենալն է, այլ դրանք միասնական համակարգում աշխատեցնելը։ Դրա համար անհրաժեշտ է կառավարման համակարգ, որը կարող է ինտեգրել տարբեր ստանդարտներ»,- ասել է նա։ Փորձագետը նշել է, որ այս հարցում կարևոր է հրամանատարության ապակենտրոնացումը։ Նրա խոսքով՝ խորհրդային ժամանակներից մնացած խիստ կենտրոնացված կառավարման համակարգը ցույց տվեց իր սահմանափակումները նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Նոր համակարգի գաղափարն այն է, որ ռազմավարական ուղղությունները որոշվում են վերևում, բայց տեղում գտնվող ստորաբաժանումները պետք է կարողանան արագ որոշումներ կայացնել»,- նշել է նա։
Ըստ Ներսիսյանի՝ հենց նման համակարգը կարող է լուծել նաև տարբեր արտադրողների զինատեսակների համատեղ օգտագործման խնդիրը։ «Եթե դուք ունեք դրոն կամ այլ թվային համակարգ, այն պետք է կարողանա տվյալներ փոխանցել ընդհանուր կառավարման համակարգին։ Այսինքն՝ տարբեր երկրների արտադրանքները պետք է կարողանան «խոսել» միմյանց հետ»,- ասել է նա։

