Կառավարությունը 6% տնտեսական աճ է ակնկալում․ Արդյո՞ք սա իրատեսական է

Հայաստանի կառավարության նոր հնգամյա ծրագրով առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է տարեկան միջինը 6% տնտեսական աճ։ Թեև նախորդ՝ 2021-2026 թվականների ծրագրով թիրախավորվում էր միջինում 7% աճ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 6%-անոց ցուցանիշը համարում է բավական հավակնոտ՝ հաշվի առնելով վերջին տարիների տնտեսական աճի բարձր բազան։

Նախորդ հնգամյա ծրագրի ընթացքում Հայաստանի տնտեսական աճը, ըստ նախարարի, միջինում կազմել է 7.9%՝ գերազանցելով 7%-անոց թիրախը։ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ արդյունքների վրա է կառուցվում առաջիկա տարիների տնտեսական քաղաքականությունը։

«Մեր բազան բավականին բարձր է։ Այն թվի վրա, որի նկատմամբ մենք պետք է ունենանք 6% աճ, նշանակում է, որ մենք ավելի արագ պետք է աճենք, քան նախորդ տարիներին։ Այսինքն՝ նոմինալ առումով մեր աճը բավականին արագ է լինելու»,– նշել է ֆինանսների նախարարը։

Հովհաննիսյանը կառավարության նոր կանխատեսումը հիմնավորում է նաև Հայաստանի տնտեսական ներուժի փոփոխությամբ։ Նրա խոսքով՝ եթե նախկինում տնտեսության պոտենցիալ աճը գնահատվում էր մոտ 4-4.5%, ապա այժմ այդ ցուցանիշը գնահատվում է շուրջ 5-5.5%։

Նախարարի գնահատմամբ՝ տնտեսական ներուժի աճի հիմքում վերջին տարիներին կատարված ներդրումներն են։ Խոսքը թե՛ տնտեսական ենթակառուցվածքների, թե՛ մասնավոր հատվածի արդիականացման, թե՛ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ կատարված ներդրումների մասին է։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր տնտեսության արտադրողականությունը բարելավվում։ Մենք մեծ ներդրումներ ենք անում մարդկային կապիտալի զարգացման մեջ։ Եվ սա ամենը չէ․ համալիր ներդրումներ են կատարվել տարբեր ուղղություններով, որոնց արդյունքները մենք տեսնելու ենք ապագայում»,– ասել է Հովհաննիսյանը։

Որպես օրինակ նա առանձնացրել է գյուղատնտեսությունը։ Կառավարությունը առաջիկա տարիներին ակնկալում է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների շուրջ 50% աճ։ Նախարարը դա կապում է հատկապես ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում կատարված ներդրումների հետ։

Ըստ նրա՝ պետության կողմից այդ ներդրումների մի մասի սուբսիդավորումը Հայաստանում հանգեցրել է հազարավոր հեկտարների ինտենսիվ այգիների ստեղծմանը։ Դրանց ծավալը, Հովհաննիսյանի խոսքով, նույնիսկ գերազանցել է կառավարության ռազմավարությամբ նախատեսված թիրախները, իսկ առաջիկայում այդ այգիները պետք է սկսեն լիարժեք բերք տալ։

Սակայն նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության կանխատեսած 6% աճը գնահատելիս ուշադրությունը տեղափոխում է ոչ թե միայն աճի չափի, այլ դրա կառուցվածքի վրա։

Արամյանը չի համարում, որ նոր թիրախը չափավոր է, սակայն հիշեցնում է, որ նախորդ ծրագրով նախատեսված 7% աճն ինքն ի սկզբանե բավական հավակնոտ էր համարում։ Նրա խոսքով՝ վերջին տարիների բարձր տնտեսական աճի վրա զգալի ազդեցություն են ունեցել բացառապես արտաքին գործոնները։

Մասնավորապես, 2022 թվականից հետո Հայաստան են փոխանցվել ռուս-ուկրաինական հակամարտության մի շարք դրական տնտեսական էֆեկտներ, որոնք խթանել են ներքին պահանջարկը, ֆինանսական հոսքերը և տնտեսության առանձին հատվածների ակտիվությունը։

Արամյանի հիմնական մտահոգությունը, սակայն, Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքն է։ Նրա խոսքով՝ ներկայում աճի հիմնական շարժիչը շարունակում է մնալ ոչ արտահանելի հատվածը։

«Ինձ միշտ անհանգստացնում է տնտեսական աճի կառուցվածքի խոցելիությունը»,– նշել է նախկին նախարարը՝ ուշադրություն հրավիրելով հատկապես առևտրի և շինարարության բարձր աճի վրա։

Ըստ նրա՝ հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%, սակայն դրա կառուցվածքում առաջատար են շարունակում մնալ ոչ արտահանելի ոլորտները։ Շինարարության աճը, մասնավորապես, հասել է մոտ 25%-ի։

Արամյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում իրականացվող բնակարանաշինությունը կարելի է ամբողջությամբ դիտարկել որպես արտադրողական ներդրում։

Նրա խոսքով՝ բնակարանաշինությունը հիմնականում երկարաժամկետ սպառման արտադրանք է, այլ ոչ թե այնպիսի ներդրումային կապիտալ, որը մեծացնում է տնտեսության արտահանման և արտադրողականության ներուժը։

Նախկին նախարարի գնահատմամբ՝ եթե տնտեսական աճը հիմնականում ձևավորվում է ոչ արտահանելի հատվածի՝ հատկապես անշարժ գույքի, շինարարության և առևտրի հաշվին, ապա դրա հիմքում պահանջարկով պայմանավորված աճի մոդել է։

Իսկ երկարաժամկետ և ավելի կայուն տնտեսական աճի համար, ըստ Արամյանի, անհրաժեշտ է, որպեսզի տնտեսության մեջ գերակշռեն արտահանելի ոլորտները՝ արդյունաբերությունը և այնպիսի ծառայությունները, որոնք հնարավոր է արտահանել։

Նա առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես այն ուղղություններից մեկը, որը կարող է ապահովել տնտեսության ավելի մեծ «խորություն» և արտաքին շուկաներից եկող եկամուտներ։

Այս համատեքստում Արամյանը նաև խնդրահարույց է համարում ներդրումների մակարդակը։ Նրա խոսքով՝ կառավարության նախորդ ծրագրով ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ում պետք է հասներ 25%-ի, սակայն փաստացի ցուցանիշը մնացել է 24%-ից ցածր։

Ավելի մտահոգիչ, նրա գնահատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշն է։ 2025 թվականին իրական տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ծավալը, ըստ Արամյանի ներկայացրած տվյալների, կազմել է մոտ 93 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 1%-ից պակաս։ Մինչդեռ նախորդ ծրագրով թիրախավորվել էր ՀՆԱ-ի նկատմամբ 6%-անոց ցուցանիշ։

Արամյանը նշում է, որ համադրելի երկրների դեպքում օտարերկրյա ուղղակի ներդրումների մակարդակը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։ Նրա խոսքով՝ Վրաստանում որոշ տարիներին այդ ցուցանիշը հասել է նույնիսկ 10-11%-ի։

Նախկին ֆինանսների նախարարի ներկայացմամբ՝ Հայաստանի ներդրումային ցուցանիշների խնդիրը նոր չէ։ 2024 թվականին, նրա խոսքով, նույնիսկ արձանագրվել է բացասական զուտ ներդրումային հոսք՝ շուրջ 45 մլրդ դրամի արտահոսքով։

Այսպիսով, կառավարության և նախկին ֆինանսների նախարարի գնահատականները տարբերվում են ոչ այնքան այն հարցում, թե արդյոք 6% տնտեսական աճը հնարավոր է, որքան այն հարցում, թե ինչի հաշվին պետք է ապահովվի այդ աճը։

Կառավարությունը շեշտը դնում է վերջին տարիներին կատարված ենթակառուցվածքային, մասնավոր և մարդկային կապիտալի ներդրումների վրա և ակնկալում է, որ դրանց արդյունքները առաջիկա տարիներին կբարձրացնեն տնտեսության արտադրողականությունը։

Մինչդեռ Արամյանը զգուշացնում է, որ բարձր տնտեսական ակտիվությունը դեռ ինքնին չի նշանակում կայուն և երկարաժամկետ տնտեսական աճ։ Նրա գնահատմամբ՝ առանց արտահանելի հատվածի, արտադրողական ներդրումների և օտարերկրյա ուղղակի ներդրումների էական աճի՝ տնտեսությունը կարող է պահպանել բարձր ցուցանիշներ կարճաժամկետ հեռանկարում, սակայն մնալ խոցելի արտաքին և ներքին պահանջարկի փոփոխությունների նկատմամբ։

Հետևաբար առաջիկա հինգ տարիների համար կառավարության սահմանած 6%-անոց թիրախի հիմնական հարցը ոչ միայն այն է, թե կհաջողվի՞ արդյոք ապահովել այդ աճը, այլև՝ ինչպիսի տնտեսություն կձևավորվի այդ 6%-ի արդյունքում։


👉 Տնտեսություն — Vectors.am

Scroll to Top