Ռուսական ռազմաբազայի ներկայությունը միայն ռազմական խնդրի լուծում  չէ

Ռուսական ռազմաբազայի ներկայությունը զուտ ռազմական խնդրի լուծում  չէ

Ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը հայ-ռուսական երկխոսության բովանդակության մեջ էական փոփոխություններ չեն արձանագրվել։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը որևէ սկզբունքային հարցում կողմերի դիրքորոշումների մերձեցման չհանգեցրեց։

«Մենք տեսանք ըստ էության նույն հռետորաբանությունը, նույն դիսկուրսը, որտեղ որևէ սկզբունքային հարցում դիրքորոշումների մերձեցում չի արձանագրվել»,– ասել է Սուրենյանցը։

ԵՄ, ԵԱՏՄ․ կողմերի դիրքորոշումները շարունակում են հակասել

Քաղաքագետի խոսքով՝ հատկապես ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հարցում արդեն ձևավորվել է ոչ միայն քաղաքական, այլև ինստիտուցիոնալ հակասություն։

Նիկոլ Փաշինյանը, Սուրենյանցի գնահատմամբ, փորձում է ժամանակ շահել՝ մի կողմից հայտարարելով Հայաստանի եվրոպական ուղղության մասին, մյուս կողմից՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ անդամակցության տնտեսական հնարավորություններից։ Միաժամանակ, ըստ նրա, Վլադիմիր Պուտինը ակնկալում է, որ Հայաստանը հնարավորինս արագ հանրաքվե կանցկացնի իր եվրոպական կողմնորոշման վերաբերյալ։

Քաղաքագետի համոզմամբ՝ Փաշինյանի համար Մոսկվա հրավերը կարելի է դիտարկել որպես մարտավարական հաջողություն, սակայն դրանից Հայաստանի համար ռազմավարական հարցերի լուծման տեսանկյունից փոփոխություններ չեն լինի։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Մոսկվայի հրավերը Փաշինյանին հնարավորություն է տվել չեզոքացնել Հայաստանի ընդդիմության այն պնդումը, թե Ռուսաստանի ղեկավարությունը նրան չի ընդունում։ Սակայն, ըստ քաղաքագետի, սա երկրի մակարդակով ռազմավարական նշանակություն ունեցող արդյունք չէ։

Ամենավտանգավորն այն է, որ դաշնակցային մոդելն այլևս չի գործում

Սուրենյանցի խոսքով՝ կողմերը, ամենայն հավանականությամբ, շարունակելու են իրենց ներկայիս քաղաքական կուրսը՝ յուրաքանչյուրն իր դիրքերից։ Նրա գնահատմամբ՝ ամենամեծ խնդիրը ոչ թե առանձին բանակցային հարցերի չլուծված լինելն է, այլ այն, որ հայ-ռուսական հարաբերությունների նախկին դաշնակցային մոդելն այլևս չի գործում։ 

Նրա խոսքով՝ այժմ հիմնական հարցն այն է, թե ինչ ճանապարհով կզարգանա այդ հարաբերությունների վերափոխումը։ Մի տարբերակն այն է, որ տեղի ունենա դաշնակցային հարաբերությունների ինստիտուցիոնալ ապամոնտաժում, ինչը կարող է ուղեկցվել Ռուսաստանի կոշտ հակազդեցությամբ։ Մյուս տարբերակն այն է, որ կողմերը փորձեն նախկին հարաբերությունները վերաձևակերպել ավելի նեղ շրջանակում։

102-րդ ռազմաբազան՝ որպես Ռուսաստանի ազդեցության գործիք

Սուրենյանցի գնահատմամբ՝ Պուտինի կողմից 102-րդ ռազմաբազայի հարցը բարձրացնելը հենց այդ հարաբերությունների վերաձևակերպման կարևոր ազդանշաններից է։ Ռուսաստանի նախագահը փաստացի ցույց է տվել, որ ռազմաբազայի ապագան կարող է դառնալ բանակցային առանձին հարց․ եթե Հայաստանը ցանկանա՝ Ռուսաստանը կարող է դուրս բերել այն, իսկ եթե չցանկանա՝ ներկայությունը կշարունակվի։

Քաղաքագետի կարծիքով՝ այս հայտարարությամբ Ռուսաստանը միաժամանակ երկու նպատակ է հետապնդում։ Մի կողմից՝ պատասխանատվությունը դրվում է Հայաստանի իշխանության վրա, մյուս կողմից՝ բարձրացվում է Հայաստանի կողմից հնարավոր քայլերի քաղաքական գինը։ «Պուտինը գինը բարձրացրել է միտումնավոր՝ Նիկոլ Փաշինյանի մանևրի հնարավորությունը սահմանափակելու համար»,– նշել է Սուրենյանցը։ Նրա գնահատմամբ՝ ռազմաբազայի հարցը կարող է Ռուսաստանի համար դառնալ նաև բանակցություններում լրացուցիչ լծակ։

Ռազմաբազայի դուրսբերման դեպքում՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը

Սուրենյանցը կարծում է, որ 102-րդ ռազմաբազայի հարցը միայն ռուս-հայկական հարաբերությունների խնդիր չէ։ Այն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի անվտանգային միջավայրին, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին։

Քաղաքագետը ընդգծում է հայ-թուրքական սահմանի առանձնահատկությունը․ Հայաստանը և Թուրքիան պետական սահմանի վերաբերյալ առանձին երկկողմ պայմանավորվածություն չունեն, իսկ ներկայիս սահմանը կապված է նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև ձևավորված իրավաքաղաքական համակարգի հետ։

Այս պատճառով, ըստ Սուրենյանցի, ռազմաբազայի ներկայությունը միայն ռազմական խնդիր չէ։ Այն նաև կապված է այն հարցի հետ, թե ինչպիսի երաշխիքներ ունի Հայաստանը Թուրքիայի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների ճանաչման առումով։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top