Հայաստանում արհեստական բանականության հաշվարկային կենտրոնների զարգացումը մեծացնում է էլեկտրաէներգիայի պահանջարկը և նոր գեներացնող հզորությունների անհրաժեշտություն առաջացնում։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր, միջուկային ֆիզիկոս Արեգ Դանագուլյանի խոսքով՝ նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար կարող է ճիշտ որոշում լինել, սակայն դրա տեխնոլոգիայի, ֆինանսավորման և գործընկերոջ ընտրությունը պահանջում է ռիսկերի մանրակրկիտ գնահատում։ Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանը միջուկային էներգետիկայի միջոցով ցանկանում է պահպանել իր էներգետիկ ինքնիշխանությունը, ապա պետք է հաշվի առնի նաև ռուսական տեխնոլոգիայից և ֆինանսավորումից կախվածության հնարավոր հետևանքները։
ԱԲ կենտրոնները փոխում են Հայաստանի էներգետիկ հաշվեկշիռը
Դանագուլյանի խոսքով՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է մոտ յոթ անգամ, մինչդեռ էլեկտրաէներգիայի սպառումն ավելացել է ընդամենը 50-80 տոկոսով։ Սա պայմանավորված է նաև տնտեսության կառուցվածքով․ Հայաստանում գերակշռում են համեմատաբար քիչ էներգատար ոլորտները, իսկ էներգիայի մեծ ծավալներ պահանջող արդյունաբերությունները զարգացած չեն այն չափով, ինչպես մի շարք այլ երկրներում։ Նրա գնահատմամբ՝ այս առանձնահատկությունը Հայաստանի առավելություններից է եղել, քանի որ երկրի էներգետիկ կախվածությունը համեմատաբար փոքր է մնացել իր տնտեսության չափերի համեմատ։
Իրավիճակը, սակայն, փոխվում է արհեստական բանականության համար նախատեսված հաշվողական կենտրոնների կառուցման պատճառով։ Դրանք մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են պահանջում՝ ինչպես տվյալների մշակման և մոդելների ուսուցման, այնպես էլ համակարգերի անընդհատ աշխատանքի համար։
Դանագուլյանը հիշեցնում է, որ Հայաստանում արդեն գործարկվել է Firebird-ի հաշվողական կենտրոնը, և քննարկվում են նոր նախագծեր։ Նա նաև նշում է, որ Հայաստանի վարչապետի հայտարարության համաձայն՝ Amazon-ը հետաքրքրություն է հայտնել երկրում կենտրոններ ստեղծելու հարցում՝ պայմանով, որ առկա լինեն լրացուցիչ էներգետիկ հնարավորություններ։
Պրոֆեսորի խոսքով՝ նման կենտրոնները սովորաբար կառուցվում են այն վայրերում, որտեղ էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է։ Հայաստանի գրավչությունը ևս մեծապես պայմանավորված է այդ հանգամանքով։
Էլեկտրաէներգիայի համեմատաբար ցածր գնի պատճառներից մեկը ռուսական գազի էժանությունն է, մյուսը՝ գործող ատոմակայանից ստացվող էներգիան։ Դանագուլյանը բացատրում է, որ Մեծամորի ատոմակայանի կառուցման կապիտալ ծախսերը կրել է Խորհրդային Միությունը, ուստի Հայաստանն այսօր չի վճարում դրա կառուցման համար վերցված վարկի տոկոսները։ Նոր ատոմակայանի դեպքում իրավիճակն այլ կլինի․ դրա կառուցման ֆինանսավորումը պետք է ապահովել, և վարկային պարտավորությունները կազդեն արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա։
Այդուհանդերձ, եթե սպառումն աճում է, նոր էներգետիկ հզորությունների ստեղծումն անհրաժեշտություն է դառնում։
Ինչո՞ւ է ռուսական ատոմակայանի ընտրությունը ռիսկային
Դանագուլյանը կարծում է, որ նոր ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանի համար վճռորոշը պետք է լինի էներգետիկ ինքնիշխանության պահպանումը։ Նրա խոսքով՝ եթե երկրին պարզապես լրացուցիչ էլեկտրաէներգիա էր անհրաժեշտ, կարելի էր ավելի արագ կառուցել նոր ջերմաէլեկտրակայաններ և ավելացնել ռուսական, ադրբեջանական կամ իրանական գազի ներկրումը։ Այդ տարբերակների կապիտալ ծախսերն ավելի փոքր կլինեին, իսկ իրականացումը՝ ավելի արագ։
Հայաստանը, սակայն, միջուկային էներգետիկայի զարգացման միջոցով ձգտում է պահպանել սեփական էներգետիկ հնարավորությունները և նվազեցնել արտաքին մատակարարներից կախվածությունը։ Դանագուլյանի գնահատմամբ՝ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ուշադիր ընտրել նաև ատոմակայանի տեխնոլոգիան և գործընկերոջը։
Նա ընդունում է, որ Ռուսաստանը վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում մեծ փորձ է կուտակել միջուկային ռեակտորների կառուցման ոլորտում։ Ռուսական կողմի առավելություններից մեկն այն է, որ հիմնականում աշխատում է մեկ կամ երկու տեսակի ռեակտորների հետ, ինչի շնորհիվ կարողացել է ստանդարտացնել շինարարական գործընթացները։ Պրոֆեսորի գնահատմամբ՝ ռուսական առաջարկները կարող են նաև ավելի էժան լինել արևմտյան տարբերակներից, և այդ հանգամանքը պետք է ազնվորեն հաշվի առնել։
Սակայն, նրա խոսքով, միայն գինը և տեխնիկական փորձը բավարար չեն որոշում կայացնելու համար։ «Տարօրինակ կլիներ, եթե մենք հանուն էներգետիկ ինքնիշխանության ընտրեինք միջուկային ճանապարհը, բայց կառուցեինք ռուսական ռեակտոր։ Այդ դեպքում ինքնիշխանության առավելությունները փաստորեն ջուրն ենք թափում»,– ասում է Դանագուլյանը։
Նրա մտահոգությունն այն է, որ ատոմակայանի կառուցման ընթացքում Ռուսաստանը կարող է քաղաքական ճնշում գործադրելու հնարավորություն ստանալ։ Օրինակ՝ շինարարության մեկնարկից չորս-հինգ տարի անց Մոսկվան կարող է Հայաստանից պահանջել ստորագրել նոր պայմանագրեր կամ հրաժարվել արևմտյան համագործակցության որևէ ծրագրից։
Եթե Հայաստանը մերժի պահանջները, Ռուսաստանը կարող է ձգձգել շինարարությունը։ Այդ դեպքում Հայաստանը կկանգնի էներգետիկ խնդրի առաջ, իսկ նոր հաշվողական կենտրոններ ստեղծելու ծրագրերը կարող են վտանգվել․ միջազգային ընկերությունները, այդ թվում՝ Amazon-ը և NVIDIA-ն, կարող են իրենց ներդրումները տեղափոխել այլ երկրներ՝ չսպասելով անհրաժեշտ էներգետիկ ենթակառուցվածքների կառուցմանը։
Դանագուլյանը հիշեցնում է, որ Հայաստանը նախկինում արդեն բախվել է Ռուսաստանի հետ հարաբերություններում նման ռիսկերի։ Նա որպես օրինակ նշում է 2011 թվականի իրադարձությունները և 2022 թվականին զենքի մատակարարումների ուշացումների հետ կապված խնդիրները։ «Եթե այդ ռիսկը չկա, թող ռուսները մեզ բացատրեն՝ ինչու այն չկա և ինչու դա այլևս երբեք չի կրկնվի»,– ասում է պրոֆեսորը։
Ատոմակայանի իրական արժեքը միայն ռեակտորի գինը չէ
Դանագուլյանի մյուս մտահոգությունը վերաբերում է ֆինանսավորմանը։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ռուսական առաջարկի առավելություններից ավանդաբար եղել է ոչ միայն ռեակտորի կառուցումը, այլև դրա ֆինանսավորումը։ Հետևաբար, եթե այժմ ռուսական կողմի առաջարկով քննարկվում է մի քանի ընկերություններից կամ երկրներից բաղկացած կոնսորցիումի ձևաչափը, անհրաժեշտ է հասկանալ՝ ով է տրամադրելու անհրաժեշտ միջոցները և ինչ պայմաններով։
Պրոֆեսորի խոսքով՝ ատոմակայանի գնահատման ժամանակ հաճախ կենտրոնանում են դրա կառուցման ընդհանուր գնի վրա, մինչդեռ երկարաժամկետ ծախսերի համար վճռորոշ նշանակություն ունեն նաև վարկի տոկոսադրույքը և մարման պայմանները։ Նա դա համեմատում է բնակարան գնելու հետ․ մեծ վարկը՝ ցածր տոկոսադրույքով, երկարաժամկետ հեռանկարում կարող է ավելի շահավետ լինել, քան փոքր վարկը՝ բարձր տոկոսադրույքով։
Դանագուլյանը նշում է, որ Ռուսաստանի առաջարկած կոնսորցիումային տարբերակը լրացուցիչ հարցեր է առաջացնում ֆինանսավորման շուրջ։ Եթե ռուսական կողմն այլևս պատրաստ չէ ապահովել շինարարության համար անհրաժեշտ ֆինանսավորումը, պետք է հասկանալ՝ ինչու է Հայաստանը շարունակում դիտարկել հենց այդ տարբերակը։
Որպես օրինակ՝ նա հիշատակում է Թուրքիայի ատոմակայանի նախագիծը։ Նրա խոսքով՝ 2022 թվականին ամերիկյան բանկերի կողմից վարկավորման սառեցումից հետո Թուրքիան ստիպված եղավ շինարարության ֆինանսավորումն ապահովել սեփական միջոցներով։ Թուրքիայի տնտեսական հնարավորությունները թույլ են տալիս նման բեռ վերցնել, մինչդեռ Հայաստանի դեպքում նույն լուծումը կարող է իրատեսական չլինել։
Ուստի նոր ատոմակայանի ընտրության ժամանակ անհրաժեշտ է նախապես պարզել ոչ միայն դրա կառուցման արժեքը, այլև ֆինանսավորման աղբյուրները, տոկոսադրույքները և այն պայմանները, որոնցից կախված կլինի ծրագրի անխափան իրականացումը։
Amazon-ի ներդրումների հեռանկարը և մեծ ատոմակայանի ռիսկերը
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե Amazon-ը պատրաստ կլինի Հայաստանում ներդրումներ կատարել, եթե երկիրն ունենա լրացուցիչ 1000 մեգավատտ էլեկտրաէներգիա, Դանագուլյանը զգուշացնում է, որ Amazon-ի հայտարարությունը դեռ չի նշանակում՝ Հայաստանը կարող է անմիջապես ապահովել այդ պահանջարկը։ Երկիրը ներկայումս չունի լրացուցիչ 1000 մեգավատտ էլեկտրաէներգիա, իսկ նոր ատոմակայանի կառուցման դեպքում անհրաժեշտ հզորությունները կարող են հասանելի դառնալ լավագույն դեպքում տասը տարի անց։
«Հարց է՝ արդյոք Amazon-ի առաջարկը ուժի մեջ կլինի տասը տարի հետո։ Գուցե լինի, գուցե՝ ոչ։ Երբ դու կառուցում ես 1000 մեգավատտ հզորությամբ ռեակտոր, մեծ ծախս ես կատարում՝ ակնկալելով, որ հետո այդ գումարը հետ կբերես էլեկտրաէներգիան այդ կենտրոններին վաճառելով։ Բայց տասը տարին երկար ժամանակ է։ Մենք չգիտենք՝ այդ ընթացքում աշխարհն ինչպես կփոխվի»,– ասում է Դանագուլյանը։
Նրա խոսքով՝ կա վտանգ, որ Հայաստանը կկառուցի մեծ ատոմակայան՝ հիմնվելով միջազգային ընկերությունների ապագա ներդրումների ակնկալիքի վրա, սակայն տարիներ անց այդ ընկերությունները կարող են փոխել իրենց ծրագրերը և կենտրոնները տեղակայել այլ երկրներում։ Այդ դեպքում Հայաստանը ստիպված կլինի փոխհատուցել կատարված մեծ ծախսերը՝ առանց նախապես ակնկալված պահանջարկի։
Որպես լուծում՝ Դանագուլյանն առաջարկում է դիտարկել փոքր մոդուլային ռեակտորների տարբերակը։ Դրանց միջոցով հնարավոր կլինի էներգետիկ հզորությունները մեծացնել փուլերով՝ սկզբում ապահովելով 300 մեգավատտ, այնուհետև՝ 600 և 900 մեգավատտ՝ պահանջարկի աճին համապատասխան։ Այս մոտեցումը, նրա կարծիքով, թույլ կտա նոր հզորություններ կառուցել՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի իրական սպառումը, այլ ոչ թե միայն ապագա ներդրումների վերաբերյալ կանխատեսումները։
Դանագուլյանն ընդգծում է, որ մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցումն ինքնին սխալ որոշում չէ։ Խնդիրն այն է, թե ինչ ռիսկերի է պատրաստ գնալ Հայաստանը՝ ապագայում ավելի մեծ տնտեսական օգուտներ ստանալու ակնկալիքով։ Եթե կառավարությունն ընտրի ավելի ռիսկային տարբերակը, ապա պետք է համոզված լինի, որ հնարավոր առավելություններն արդարացնում են այդ ռիսկերը։

