Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Անկարայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։ Բաքուն նրա բացակայությունը բացատրել է մինչև 15 տարեկան երեխաների ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին մասնակցելու անհրաժեշտությամբ։ Քաղաքական մեկնաբան Արտյոմ Երնկանյանի գնահատմամբ՝ Ալիևի բացակայությունը ակնհայտ քաղաքական դեմարշ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։
Երնկանյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գագաթնաժողովին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է ներկայացնելու երկիրը, մինչդեռ կազմակերպության մյուս անդամ պետությունները մասնակցելու են պետությունների ղեկավարների մակարդակով։ Առաջին դեմքերով են ներկայացված լինելու նաև դիտորդ պետությունները՝ Թուրքմենստանն ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը։
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունն արդեն ներկայացրել է Ալիևի չմասնակցելու պատճառները։ Պարզվել է, որ հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահը նախատեսում է ներկա գտնվել մինչև 15 տարեկան երեխաների ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին։
«Պարզաբանում է, որ նախապես համաձայնեցված է եղել, որ Իլհամ Ալիևն անձամբ պետք է պարգևներ հանձնի հաղթողներին, և այդ պատճառով չի կարող մասնակցել Անկարայում գումարվող գագաթնաժողովին», — նշել է Երնկանյանը։
Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի անցկացման որոշումն ընդունվել էր դեռևս կես տարի առաջ, ընդ որում՝ վերջերս Էրդողանն անձամբ էր զանգահարել Ալիևին և հրավիրել մասնակցելու միջոցառմանը։
«Բացակայության հիմնավորումը ոչ միայն ծիծաղելի է, այն քաղաքական ապտակ է։ Եթե Բաքվում չցանկանային վիրավորել Անկարային, կարող էին, օրինակ, ասել, որ նախագահ Ալիևը հիվանդ է, ջերմություն ունի։ Իսկ այսպիսի պատճառաբանությունը, երբ մինչև 15 տարեկան երեխաների ֆուտբոլային խաղն ավելի կարևոր են համարում, քան Անկարայում նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ և նրա անձնական հրավերով անցկացվող միջոցառումը, սա դառնում է բաց քաղաքական դեմարշ», — ասել է քաղաքական մեկնաբանը։
Երնկանյանը, սակայն, հիշեցրել է, որ Էրդողանն էլ նախորդ օրերին նմանատիպ քայլ էր արել Ալիևի նկատմամբ։ Երեք շաբաթ առաջ Բաքվում անցկացվել էր Ասիայում համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին Թուրքիայի նախագահը չէր մասնակցել։ «Այսպիսով, Ալիևը հակադարձ ապտակ է հասցնում Անկարային», — նշել է նա։
Այդուհանդերձ, նրա խոսքով՝ վերջին շրջանում Էրդողանը մի շարք քայլեր է ձեռնարկել Ալիևին ընդառաջ գնալու համար, սակայն Ադրբեջանի նախագահը դրանք բավարար չի համարել։ Երնկանյանը նշել է, որ Էրդողանի համար չափազանց կարևոր էր Ալիևի մասնակցությունը Անկարայի գագաթնաժողովին, և այդ նպատակով Թուրքիայի նախագահը նույնիսկ այնպիսի զիջումների է գնացել, որոնք, քաղաքական մեկնաբանի գնահատմամբ, հարվածել են նրա ինքնասիրությանը։
Մասնավորապես, Ալիևի պահանջով պաշտոնից ազատվել է Էրդողանի գլխավոր քաղաքական խորհրդական Օքթայ Սարալը։ Բաքվում նրան մեղադրում էին Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ։ «Նախ Ալիևի պահանջով պաշտոնից հանեց իր գլխավոր քաղաքական խորհրդական Օքթայ Սարալին, որին Բաքվում մեղադրում էին Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ», — ասել է Երնկանյանը։
Դրանով, սակայն, Անկարայի զիջումները չեն սահմանափակվել։ Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ դրանից հետո Թուրքիայում բերման են ենթարկվել նաև ազդեցիկ հասարակական գործիչներ, որոնց դեմ Ադրբեջանում քրեական գործեր էին հարուցվել, և որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Երնկանյանի գնահատմամբ՝ Էրդողանը հույս ուներ, որ այս քայլերից հետո Ալիևը գոնե որոշակի հարգանք կդրսևորի իր նկատմամբ և կընդունի Անկարայի հրավերը։ Սակայն դա նույնպես արդյունք չի տվել։
«Ալիևը փաստորեն արհամարհեց Էրդողանի հրավերը։ Մինչդեռ Էրդողանն ընդամենը առաջարկում էր գալ Անկարա և երկխոսության միջոցով լուծում տալ կուտակված բոլոր խնդիրներին», — նշել է նա։
Երնկանյանը վկայակոչել է նաև թուրք հայտնի լրագրող Իսմայիլ Սայմազի հրապարակումը։ Վերջինս օրերս գրել էր, որ իր տեղեկություններով՝ Էրդողանի և Ալիևի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը չափազանց կոշտ է եղել և որևէ դրական արդյունք չի տվել։
«Ավելին, Սայմազը խոսել է ադրբեջանցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք ասել են, որ տեղի ունեցածից հետո Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններն այլևս երբեք չեն լինի այնպիսին, ինչպիսին սեպտեմբերին էին և դրանից առաջ», — ասել է քաղաքական մեկնաբանը։
Միևնույն ժամանակ, Երնկանյանը նշել է, որ Ալիևն այսօր շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Նրա խոսքով՝ շնորհավորական ուղերձը բավական ջերմ էր, թեև միաժամանակ զուսպ և տեղավորվում էր դիվանագիտական ընդունված արարողակարգի շրջանակում։
«Բնական է, որ Էրդողանին անվանել է եղբայր և հավաստիացրել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները դարերի փորձություն են անցել և դեռ կշարունակեն զարգանալ։ Բայց գործերը ապացուցում են, որ խոսքերը միայն խոսք են մնում, երբ պետությունների իրական շահերը երբեմն հակասում են իրար», — եզրափակել է քաղաքական մեկնաբանը։

