2027 թվականի պետական բյուջեի պակասուրդն ու ծախսերի աճը կմեծացնեն պարտքային բեռը

Հայաստանի պետական պարտքի աճն ինքնին դեռ չի նշանակում, որ երկիրը կանգնած է պարտքային ճգնաժամի առաջ։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանի գնահատմամբ՝ պարտքի իրական ռիսկերը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ոչ միայն դրա և ՀՆԱ-ի հարաբերակցությունը, այլև ներգրավված միջոցների օգտագործման նպատակը և պետության՝ պարտքը սպասարկելու կարողությունը։ Եթե փոխառու միջոցներն ուղղվում են ընթացիկ ծախսերին և հավելյալ արժեք չեն ստեղծում, պետական բյուջեի վրա պարտքի սպասարկման բեռը մեծանում է։ Իսկ եթե դրանք ներդրվում են տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման մեջ, կարող են հետագայում եկամուտներ ապահովել և նպաստել պարտքի մարմանը։

Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն աճում է

Սարգսյանի ներկայացմամբ՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին պարտքի ցուցանիշը 2026 թվականի համեմատ աճելու է շուրջ 0.7 տոկոսային կետով։ Արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը, նրա խոսքով, 2026 թվականի մոտ 46.5 տոկոսի դիմաց 2027 թվականին կկազմի շուրջ 47.2 տոկոս։

Տնտեսագետը նշում է, որ արտաքին պարտքի գնահատման հիմնական ցուցիչներից մեկը հենց դրա և ՀՆԱ-ի հարաբերակցությունն է։ Սակայն միայն այդ ցուցանիշը բավարար չէ եզրակացնելու համար՝ պարտքային իրավիճակը լավ է, թե վատ։ Կարևոր է նաև, թե ինչպես է կառավարվում պարտքը, ինչ նպատակներով են ներգրավվում փոխառու միջոցները և որքանով է երկիրը կարողանում սպասարկել իր պարտավորությունները։

Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին բազմաթիվ պետությունների պարտքային բեռը մեծացել է։ Դրա պատճառներից մեկը COVID-19 համավարակն էր, որի հետևանքով կառավարությունները ստիպված եղան իրականացնել չնախատեսված և մեծածավալ ծախսեր, որոնք հիմնականում ֆինանսավորվեցին արտաքին միջոցներով։ Պարտքի ավելացմանը նպաստել են նաև կապիտալ ներդրումները, տարբեր ծրագրերին պետության մասնակցությունն ու այլ ֆինանսական պարտավորություններ։

Տնտեսագետի գնահատմամբ՝ այս համաշխարհային միտման համատեքստում Հայաստանի պարտքի ցուցանիշը պետք է դիտարկել ավելի լայն շրջանակում՝ հաշվի առնելով երկրի տնտեսական հնարավորություններն ու պարտքի կառավարման արդյունավետությունը։

Փոխառու միջոցները չպետք է ուղղվեն ընթացիկ ծախսերին

Սարգսյանն առանձնացնում է պետական պարտքի ավելացման հետ կապված հիմնական հարցը՝ ինչի՞ վրա են ծախսվում ներգրավված միջոցները։

Նրա խոսքով՝ եթե փոխառու գումարներն ուղղվում են ընթացիկ ծախսերին, դրանք սպառվում են՝ առանց տնտեսության համար հավելյալ արժեք ստեղծելու։ Այդ դեպքում պետությունը շարունակում է կրել պարտքի սպասարկման բեռը, սակայն ներգրավված միջոցներից եկամուտ ստանալու կամ դրանք փոխհատուցելու նոր հնարավորություններ չեն առաջանում։

Մինչդեռ տնտեսական հզորությունների և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները կարող են նոր արժեք ստեղծել։ Այդ ներդրումներից ակնկալվող տնտեսական արդյունքը հետագայում կարող է նպաստել նաև պարտքերի մարմանը։

Տնտեսագետը, սակայն, չի պնդում, որ բյուջեի դեֆիցիտի պայմաններում փոխառու միջոցների ուղղությունը միշտ կարելի է առանձնացնել և գնահատել առանձին։ Նրա խոսքով՝ եկամուտները չեն բավարարում բոլոր նախատեսված ծախսերը, ուստի պետությունները հաճախ ստիպված են լինում փոխառություններ ներգրավել։ Հետևաբար անհրաժեշտ է դիտարկել բյուջեի ամբողջ կառուցվածքը և հասկանալ, թե ընդհանուր ծախսերն ինչ ուղղություններով են բաշխվում։

Սարգսյանը նաև ուշադրություն է հրավիրում հարկային եկամուտների կանխատեսումների իրատեսականության վրա։ Բյուջեի նախագծում եկամուտների աճ նախատեսելը դեռ չի նշանակում, որ այդ եկամուտներն ամբողջությամբ կհավաքագրվեն։ Սա ևս կարևոր գործոն է՝ գնահատելու համար, թե ինչպես է ձևավորվում դեֆիցիտը և ինչ ֆինանսական աղբյուրներով է այն ծածկվելու։

Գնաճը կարող է թանկացնել պարտքի սպասարկումը

Սարգսյանը Հայաստանի պետական պարտքի համար մի շարք արտաքին ռիսկեր է առանձնացնում։ Դրանցից մեկը աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված գնաճային ճնշումների ուժեղացումն է։

Նրա խոսքով՝ եթե գնաճն աճի, կենտրոնական բանկերը, այդ թվում՝ ԱՄՆ-ի և այլ խոշոր տնտեսությունների կենտրոնական բանկերը, կարող են բարձրացնել տոկոսադրույքները։ Դա կհանգեցնի փոխառությունների թանկացմանը, և պետությունները ստիպված կլինեն ավելի մեծ գումարներ ուղղել պարտքի սպասարկմանը։ Արդյունքում բյուջեի այն միջոցները, որոնք նախատեսված էին այլ ուղղություններով ծախսելու համար, կարող են ուղղվել տոկոսավճարներին։

Տնտեսագետը հնարավոր ռիսկերից մեկի օրինակ է բերում նաև գազի գնի բարձրացումը։ Նրա խոսքով՝ գազի թանկացումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ՝ բարձրացնելով ապրանքների և ծառայությունների գները, ինչպես նաև ազդելով մյուս էներգակիրների արժեքի վրա։

Նման իրավիճակում Կենտրոնական բանկը կարող է բարձրացնել տոկոսադրույքը՝ գնաճը զսպելու նպատակով։ Սակայն Սարգսյանն ընդգծում է, որ այդ քայլը չի նվազեցնի արդեն թանկացած գազի կամ դրա հետևանքով թանկացած ապրանքների գները։ Այն կարող է միայն սահմանափակել հետագա գնաճը՝ նվազեցնելով վարկավորման և սպառման խթանները։

Տնտեսագետի խոսքով՝ տոկոսադրույքի բարձրացումը հատկապես չի լուծի այն քաղաքացիների խնդիրը, որոնց համար ջեռուցման ծախսերի 20-30 տոկոս աճն արդեն լուրջ ֆինանսական բեռ է։ Խոցելի են ոչ միայն անապահով ընտանիքները, այլև բնակչության ավելի լայն շրջանակներ։

Նման պայմաններում, Սարգսյանի գնահատմամբ, պետությունը ստիպված կլինի քննարկել քաղաքացիների լրացուցիչ ծախսերի փոխհատուցման տարբերակները։ Դրանցից մեկը կարող է լինել գազի սպառման հետ կապված ավելացված արժեքի հարկի ժամանակավոր չգանձումը, մյուսը՝ սուբսիդավորումը։ Երկու դեպքում էլ առաջանալու է բյուջետային լրացուցիչ բեռ՝ կամ եկամուտների նվազման, կամ ծախսերի ավելացման տեսքով։

Արդյունքում պետությունը կարող է ստիպված լինել նոր պարտք ներգրավել կամ կրճատել այլ ծախսեր։ Այսինքն՝ գազի գնի բարձրացումը կարող է միաժամանակ մեծացնել գնաճային ճնշումը, սոցիալական աջակցության անհրաժեշտությունը և պետական պարտքի սպասարկման հետ կապված ռիսկերը։


👉 Տնտեսություն

Scroll to Top