Իրանը վերանայում է ռազմական զսպման ռազմավարությունը․ Ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար

Իրանը վերանայում է ռազմական զսպման ռազմավարությունը․ Ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար

Մերձավոր Արևելքում ձևավորվում է աշխարհաքաղաքական նոր իրողություն, որը կարող է էապես փոխել ոչ միայն տարածաշրջանի, այլև Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը։  Նման կարծիքի է Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը։ 

Ըստ նրա՝ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն ու ռազմական պատրաստության վերանայումը վկայում են Թեհրանի՝ զսպման նախկին մոտեցումներից ավելի կոշտ ռազմավարության անցնելու մասին։ Այս պայմաններում նոր ռիսկեր են առաջանում ԱՄՆ-ի և Իսրայելի, Պարսից ծոցի արաբական երկրների, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի համար։

Շահնազարյանի գնահատմամբ՝ Իրանը փաստացի անցում է կատարում պասիվ կամ համաչափ զսպման մոդելից դեպի «առավելագույն զսպման» և նախահարձակ պատրաստության դոկտրին։ Այդ մասին է վկայում Իրանի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարների հանդիպումը Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի հետ և դրա արդյունքում հնչած ցուցումները։

Փորձագետի համոզմամբ՝ Թեհրանի հայտարարությունը՝ հնարավոր սպառնալիքներին «առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» վերաբերյալ, պարզապես հերթական քաղաքական հռետորաբանություն չէ։ Այն նշանակում է, որ Իրանը վերանայում է հակամարտությունների վարման նախկին կանոնները և այլևս մտադիր չէ սահմանափակվել միայն իրեն հասցված հարվածներին պատասխանելով կամ հակազդեցությունը տեղայնացնելով։

Շահնազարյանի գնահատմամբ՝ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշելու հնարավոր ռազմական կամ ահաբեկչական էսկալացիայի ավարտի պայմաններն ու ժամանակը։ Սա, նրա համոզմամբ, վկայում է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգի աննախադեպ աճի մասին։

Փորձագետը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Իրանը, ըստ էության, արդեն անցել է հնարավոր էսկալացիայի գործնական նախապատրաստության փուլ։ Զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտական պատրաստության բարձրացումը, թիրախների բազայի արդիականացումը և ռազմական հետախուզության համակարգի խորացումը, նրա գնահատմամբ, ցույց են տալիս, որ Թեհրանը պատրաստվում է հնարավոր լայնածավալ բախման։

Իրանի նոր դոկտրինը՝ սպառնալիք ոչ միայն Մերձավոր Արևելքի համար

Շահնազարյանի գնահատմամբ՝ ամերիկյան և իսրայելական ուժերի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական բոլոր ակտիվները հնարավոր հարվածների թիրախ հայտարարելու Իրանի մոտեցումը փոխում է արևմտյան կոալիցիայի ռազմավարական հաշվարկները։

«Առանց աշխարհագրական սահմանափակումների» արձագանքի սկզբունքը, ըստ փորձագետի, նշանակում է, որ հնարավոր հակամարտության աշխարհագրությունը կարող է դուրս գալ Մերձավոր Արևելքի սահմաններից։ Այդ պարագայում խոցելի են դառնում նաև Եվրոպայում տեղակայված ամերիկյան և դաշնակցային ռազմավարական ենթակառուցվածքները, ՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցներն ու հաղորդակցության կենտրոնները։

Այսպիսով, Թեհրանը, ըստ Շահնազարյանի, փորձում է չեզոքացնել հակամարտությունը Մերձավոր Արևելքի սահմաններում տեղայնացնելու և սեփական տարածքից հեռու պատերազմ վարելու արևմտյան ռազմավարությունը՝ Վաշինգտոնին և եվրոպական երկրներին կանգնեցնելով գլոբալ ճգնաժամի հեռանկարի առջև։

Փորձագետի գնահատմամբ՝ Իրանի դիրքորոշման կոշտացումը Մոսկվայում դիտարկվում է նաև որպես Արևմուտքի գլոբալ գերիշխանության դեմ պայքարի բաղադրիչ։ Ռուսաստանի համար Թեհրանի նոր մոտեցումը հնարավորություն է ստեղծում մարտահրավեր նետելու ուժի կիրառման արևմտյան մենաշնորհին և ամրապնդելու բազմաբևեռ աշխարհակարգի գաղափարը։

Այդուհանդերձ, Շահնազարյանի կարծիքով՝ Իրանի հետ ռազմավարական գործընկերությունը Մոսկվայից պահանջում է զգուշավոր քաղաքականություն։ Մերձավոր Արևելքում անվերահսկելի էսկալացիան կարող է վնասել նաև Ռուսաստանի տարածաշրջանային և աշխարհատնտեսական շահերին։ Հետևաբար, Կրեմլը ստիպված է հավասարակշռել Թեհրանի հետ հարաբերությունները և ռազմական դիմակայության զսպման անհրաժեշտությունը։

Պարսից ծոցի երկրները՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև

Իրանի նոր ռազմական ռազմավարությունը, ըստ փորձագետի, բարդ անվտանգային երկընտրանքի առաջ է կանգնեցնում Պարսից ծոցի արաբական երկրներին։ Նրանց տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններն ու նավթագազային ենթակառուցվածքները Իրանի նոր դոկտրինի պայմաններում կարող են վերածվել հնարավոր հարվածների թիրախների։

Շահնազարյանի գնահատմամբ՝ արաբական միապետությունները գիտակցում են, որ Իրանի դեմ ռազմական բախման դեպքում հենց իրենց տարածքները կարող են հայտնվել առաջին հարվածների տակ։ Սա նրանց ստիպում է վերանայել Վաշինգտոնի հետ անվտանգային դաշինքների իրական գինը և զգուշավորություն ցուցաբերել հակաիրանական ռազմական կոալիցիաներին կամ իսրայելական նախաձեռնություններին աջակցելու հարցում։

Փորձագետի համոզմամբ՝ ստեղծված պայմաններում Պարսից ծոցի երկրները նախապատվությունը տալիս են Թեհրանի հետ դիվանագիտական կապերի պահպանմանը և տարածաշրջանային լարվածության թուլացմանը։ Նրանց տնտեսական անվտանգությունը մեծապես կախված է Իրանի հետ ուղղակի հակադրությունից խուսափելու հնարավորությունից, այլ ոչ միայն արևմտյան անվտանգության երաշխիքներից։

Առանձին մարտահրավերի առաջ է կանգնում նաև Պակիստանը։ Շահնազարյանի գնահատմամբ՝ Իսլամաբադը ստիպված է հավասարակշռել հարաբերությունները Վաշինգտոնի, արաբական միապետությունների և Թեհրանի հետ։ Իրանի նոր ռազմավարությունը կարող է ապակայունացնել նաև Պակիստանի արևմտյան սահմանների անվտանգությունը, իսկ Իրանի դեմ արևմտյան ռազմական գործողություններին նույնիսկ անուղղակի աջակցությունը կարող է սեփական տարածքը դարձնել իրանական հակազդեցության թիրախ։

Այս հանգամանքը, փորձագետի կարծիքով, Պակիստանին մղում է ավելի ակտիվ դեր ստանձնելու տարածաշրջանային միջնորդության և բազմակողմ անվտանգային մեխանիզմների ձևավորման գործում՝ կանխելու համար այնպիսի էսկալացիա, որը Իսլամաբադին կստիպի ընտրություն կատարել հակադիր ուժային կենտրոնների միջև։

Թուրքիայի և Ադրբեջանի համար առաջացող ռիսկերը

Շահնազարյանի գնահատմամբ՝ Իրանի դիրքորոշման կոշտացումը բարդացնում է նաև Թուրքիայի ռազմավարական հաշվարկները։ Անկարան միաժամանակ ՆԱՏՕ-ի առանցքային անդամ է և Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում սեփական ազդեցությունն ընդլայնելու հավակնություններ ունեցող տարածաշրջանային խաղացող։

Իրանի կողմից ամերիկյան ակտիվների՝ առանց աշխարհագրական սահմանափակումների թիրախավորման սկզբունքի հռչակումը Թուրքիայի համար ստեղծում է անմիջական անվտանգային ռիսկեր՝ հաշվի առնելով նրա տարածքում դաշնակցային ռազմական և հետախուզական ենթակառուցվածքների առկայությունը։

Փորձագետի կարծիքով՝ թուրքական ղեկավարությունը ստիպված է լինելու զգուշավոր մանևրել՝ մի կողմից թույլ չտալով Իրանի չափազանց հզորացումը և տարածաշրջանում խաղի կանոնները միանձնյա թելադրելու հնարավորությունը, մյուս կողմից՝ խուսափելով Արևմուտքի հակաիրանական ռազմական սցենարներին ուղղակիորեն միանալուց։ Վերջինս կարող է ապակայունացնել Թուրքիայի հարավային և արևելյան սահմանների անվտանգությունը։

Հատուկ ուշադրության է արժանի նաև Ադրբեջանի գործոնը։ Շահնազարյանի գնահատմամբ՝ Բաքուն հայտնվել է լուրջ ռազմավարական հակասության առջև։ Մի կողմից՝ Ադրբեջանի համար կարևոր է պահպանել սահմանային կայունությունը և խուսափել Իրանի հետ ուղղակի առճակատումից, մյուս կողմից՝ երկիրը խորքային ռազմավարական և հետախուզական համագործակցություն ունի Իսրայելի հետ։

Իրանի նոր դոկտրինի համաձայն՝ հակառակորդի նյութական և ոչ նյութական ակտիվները կարող են դիտարկվել որպես հարվածների թիրախ։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքում իսրայելական ցանկացած բացահայտ կամ գաղտնի ներկայություն, հետախուզական կայան կամ լոգիստիկ հանգույց, ըստ փորձագետի, կարող է Թեհրանի կողմից ընկալվել որպես հնարավոր հարվածի օբյեկտ։

Շահնազարյանի համոզմամբ՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» սկզբունքը Բաքվի համար զգալիորեն բարձրացնում է սեփական տարածքը հակաիրանական գործողությունների հարթակ դարձնելու գինը՝ սահմանափակելով Ադրբեջանի մանևրի հնարավորությունները։

TRIPP-ը և Հայաստանի անվտանգային երկընտրանքը

Իրանի նոր ռազմական ռազմավարության հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա փորձագետը դիտարկում է նաև Հայաստանի անվտանգային միջավայրի համատեքստում։ Նրա գնահատմամբ՝ Երևանի կողմից վավերացված TRIPP ռազմավարական համաձայնագիրը կառուցվածքային անհամատեղելիության միտումներ է դրսևորում Իրանի նոր դոկտրինալ մոտեցման հետ։

Շահնազարյանի կարծիքով՝ իրանական նոր ռազմավարության պայմաններում Սյունիքով անցնող երթուղիներում կամ Հայաստանի տարածքում արևմտյան երկարաժամկետ լոգիստիկ և ենթակառուցվածքային ներկայությունը Թեհրանի կողմից կարող է ընկալվել ոչ թե պարզապես որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում, այլ որպես ամերիկյան հակաիրանական անվտանգային ակտիվ։

Սա, ըստ փորձագետի, նշանակում է, որ Մերձավոր Արևելքում ռազմական իրավիճակի ծայրահեղ սրման դեպքում Հայաստանի տարածքում այդպիսի ենթակառուցվածքները կարող են հայտնվել իրանական հակազդեցության հնարավոր թիրախների շարքում։

Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակում արտաքին անվտանգության երաշխիքների վերաբերյալ ակնկալիքները կարող են չարդարանալ։ Ավելին՝ փորձելով դիվերսիֆիկացնել սեփական անվտանգությունը՝ Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ իր սահմանային ենթակառուցվածքները կդադարեն դիտարկվել միայն որպես տարածաշրջանային հաղորդակցության ուղիներ և կներառվեն գլոբալ ռազմական դիմակայության պլանավորման համակարգում։

Շահնազարյանի համոզմամբ՝ նման պայմաններում արևմտյան ուղղությամբ շտապողականությունը կարող է ոչ թե լրացուցիչ պաշտպանություն ապահովել, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքը վերածել ուժային կենտրոնների հնարավոր բախման առաջնագծի՝ վտանգելով նաև Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները։

Ամփոփելով՝ փորձագետը շեշտում է, որ ձևավորվող աշխարհաքաղաքական իրողությունները փոքր պետություններից պահանջում են սեփական տարածաշրջանային միջավայրի իրատեսական գնահատում և հարևանների կենսական շահերի հաշվառում։

Նրա գնահատմամբ՝ նոր ուժային հավասարակշռության պայմաններում արտաքին ուժային կենտրոնների շահերի սպասարկման հարթակ դառնալը չի կարող անվտանգության կայուն երաշխիք լինել։ Ընդհակառակը՝ անմիջական հարևանների ռազմավարական կարմիր գծերի անտեսումը կարող է վերածվել պետականության համար գոյաբանական սպառնալիքի։

Շահնազարյանի համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության քաղաքականությունը պետք է հիմնված լինի տարածաշրջանային իրողությունների սառնասիրտ գնահատման վրա, քանի որ գլոբալ ուժային բախումների էպիկենտրոնում հայտնվելու դեպքում դրա ամենաբարձր գինը վճարում են փոքր պետությունները։

Scroll to Top