ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակը չի նշանակի Վաշինգտոնի՝ Հարավային Կովկասում իրականացվող քաղաքականության էական փոփոխություն։ Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության մեջ առկա է երկկուսակցական կոնսենսուս, իսկ տարածաշրջանային նախագծերը բխում են Միացյալ Նահանգների երկարաժամկետ ռազմավարական շահերից։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած Կոնգրեսի ընտրություններից հետո Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականության հնարավոր զարգացումներին։
Կոնգրեսի ընտրությունները չէ, որ ի զորու են փոխել Հայաստանի նկատմամբ մոտեցումը
Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանային նախագծերի իրականացման վրա ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ Իրանի և Ռուսաստանի գործոնները։ Մասնավորապես, նախագծերի առաջընթացը կարող է պայմանավորված լինել Իրանի հետ կապված խնդիրներով, ինչպես նաև ռուսական երկաթուղային ենթակառուցվածքների օգտագործման հարցերով։
«Հայաստանի նկատմամբ կոնսենսուսային մոտեցում կա, որ այս նախագծերը պետք է իրականացվեն։ Դեմոկրատները գուցե չեն սիրում «Թրամփի ուղի» անվանումը, բայց գաղափարն իրենցն էլ է՝ ամերիկյան շահերն առաջ մղելու գաղափար»,- նշել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ նույնիսկ 2028 թվականին ԱՄՆ-ում իշխանության փոփոխության դեպքում նախագիծը կպահպանվի՝ պարզապես այլ անվանումով կամ նոր վարչակազմի քաղաքական բրենդավորմամբ։ Քաղաքագետը շեշտել է, որ «Թրամփի ուղին» պետք է դիտարկել որպես ավելի լայն տարածաշրջանային նախագծի մի հատված, որի շուրջ Միացյալ Նահանգները մտածում է դեռևս Խորհրդային Միության փլուզումից հետո։
«Թրամփի ուղին»՝ 90-ականներից եկող գաղափար
Սարգսյանի խոսքով՝ ամերիկյան վարչակազմերի քաղաքականությունը Հարավային Կովկասում պետք է դիտարկել տասնամյակների ընթացքում ձևավորված ռազմավարության համատեքստում։ Նա ընդգծել է, որ «Թրամփի ուղի» անվանումը կրող նախագիծը նոր գաղափար չէ։ Դրա հիմքում ընկած մոտեցումները քննարկվել են դեռևս 1990-ականներից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ «Թրամփի ուղին» այն նույն երևույթն է, որի մասին 90-ականներից սկսած խոսել է Բուշի վարչակազմը։ Այդ գաղափարի մասին կան հստակ արձանագրություններ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման սղագրություն, որտեղ քննարկվել է Սյունիքը Ադրբեջանին և Արցախը փոխանակելու հարցը»,- նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմավարական նպատակներից մեկն է Կենտրոնական Ասիայի էներգետիկ և այլ ռեսուրսները Հարավային Կովկասով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, հասցնել Եվրոպա՝ թույլ չտալով, որ դրանք հայտնվեն Չինաստանի, Ռուսաստանի կամ Իրանի վերահսկողության տակ։ Սարգսյանը հիշեցրել է, որ 1990-ականներից ի վեր Վաշինգտոնը հետևողականորեն աշխատել է Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում՝ Ղազախստանի և Թուրքմենստանի հետ՝ առաջ մղելով տարածաշրջանային կապուղիների զարգացման գաղափարը։ Այդ համատեքստում նա հիշատակել է նաև Գոբլի ծրագիրը, որը, նրա գնահատմամբ, նույն ռազմավարական տրամաբանության մաս էր։
«Սա ամերիկյան պետական շահ է, որը տարիներ շարունակ փորձել են իրականացնել։ Խոսքը ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականության մասին է»,- ասել է քաղաքագետը։ Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը պարզապես ստեղծված իրավիճակում փորձել է առաջ մղել վաղուց գոյություն ունեցող գաղափարները։ Նմանատիպ առաջարկներ նախկինում ներկայացվել են ոչ միայն քաղաքական վերնախավի, այլև փորձագիտական շրջանակների և այլ դերակատարների կողմից։
Վաշինգտոնի պատկերացումները Հարավային Կովկասի մասին
Անդրադառնալով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նախընտրած քաղաքական ու տնտեսական միջավայրին՝ Սարգսյանը նշել է, որ Վաշինգտոնի համար ցանկալի կլիներ ունենալ միասնական արտաքին քաղաքականություն և ընդհանուր ռազմավարական նպատակներ ունեցող տարածաշրջան։ Որպես օրինակ նա բերել է Բալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք 1990-ականներին միասին էին դիմում ԱՄՆ-ին՝ հայտարարելով ՆԱՏՕ-ին և Եվրոպական միությանը ինտեգրվելու իրենց ընդհանուր նպատակի մասին։
Սակայն Հարավային Կովկասում նման միասնական մոտեցում ձևավորելն ավելի բարդ է։ Տարածաշրջանի երկրներն ունեն տարբեր շահեր, իսկ դրանց վրա ազդում են մի շարք խոշոր արտաքին դերակատարներ՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Սարգսյանի խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, Իրանը՝ հակառակորդը, իսկ Ռուսաստանի կարգավիճակը ներկայումս ավելի բարդ է՝ մրցակցությունից մինչև հակադրություն։Բացի այդ, տարածաշրջանի ամբողջական ընկալումը բարդացնում է նաև Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական առանձնահատկությունը։
«Հարավային Կովկասը որպես ամբողջական տարածաշրջան դիտարկելն այսօր հնարավոր չէ։ Երկրներն ունեն տարբեր շահեր, և նրանց շրջապատող խոշոր խաղացողները նույնպես բազմաթիվ են»,- ասել է նա։ Քաղաքագետի գնահատմամբ՝ ԱՄՆ-ը ստիպված է հաշվի առնել այս բարդությունները և տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով ինչպես առանձին երկրների շահերը, այնպես էլ արտաքին ուժերի ազդեցությունը։

