Եթե Հայաստանը իսկապես մտադիր է 2027-2028 թվականներին Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, ապա այդ ժամանակահատվածում ստիպված կլինի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Այս մասին նշել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը 2027-2028 թվականներին կարող է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնել։
Մելքոնյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայտ ներկայացնելը դեռևս չի նշանակում անդամակցություն։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է տարիներ տևել, և նույնիսկ հայտի ընդունումը չի երաշխավորում, որ երկիրը կդառնա միության անդամ առաջիկա հինգ կամ տասը տարիներին։
Քաղաքագետի համոզմամբ՝ Փաշինյանի հայտարարության իրական քաղաքական նշանակությունը պետք է դիտարկել ոչ թե ԵՄ անդամակցության հեռանկարի, այլ հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ նախապայմանների համատեքստում։
«Դու կարող ես հայտ ներկայացնել՝ լինելով պայմանականորեն ԵԱՏՄ անդամ, բայց այդ հայտը մոտ վեց ամսվա ընթացքում կմերժվի։ Հետևաբար, եթե ցանկանում ես, որ հայտդ ընդհանրապես դիտարկվի և չմերժվի, ներկայացման պահի արդեն պետք է ԵԱՏՄ անդամ չլինես»,– նշել է նա։
Այս տրամաբանությամբ՝ եթե Հայաստանը նախատեսում է 2027-2028 թվականներին ներկայացնել հայտը և գիտակցում է, որ ԵԱՏՄ անդամակցությունը կարող է խոչընդոտ դառնալ դրա ընդունման համար, ապա այդ ժամկետը ենթադրում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական որոշում։
ԵԱՏՄ-ից դուրս գալու իրավական և տնտեսական հետևանքները
Անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը Ռուսաստանի հնարավոր արձագանքին և Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից հեռացնելու հեռանկարին՝ Մելքոնյանը նշել է, որ իրավական տեսանկյունից որևէ երկիր չի կարող հեռացվել ԵԱՏՄ-ից իր կամքին հակառակ։
Նրա գնահատմամբ՝ արդյունքում ըստ ամենայնի կձևավորվի մի իրավիճակ, որն արդեն առկա է ՀԱՊԿ-ի պարագայում, երբ Հայաստանը իրավաբանորեն մնում է կազմակերպության անդամ, սակայն փաստացի չի մասնակցում դրա աշխատանքներին և չի օգտվում անդամակցությունից բխող հնարավորություններից։ Քաղաքագետի խոսքով՝ նույն սցենարը, ըստ ամենայնի, կկրկնվի նաև ԵԱՏՄ-ի դեպքում։ Հայաստանը դե յուրե կպահպանի անդամակցությունը, բայց դե ֆակտո կզրկվի միության ընձեռած առավելություններից։ Դրանից հետո արդեն կարող է առաջանալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու անհրաժեշտության մասին հայտարարելու հարցը։
Մելքոնյանի գնահատմամբ՝ այս գործընթացում Հայաստանի համար առանցքային խնդիրը լինելու է տնտեսական բացասական հետևանքները հնարավորինս սահմանափակելը։ Մասնավորապես, նա կարևորել է ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում ԱՊՀ շրջանակում գործող ազատ առևտրի պայմանագրային հարաբերությունները պահպանելու հնարավորությունը, առնվազն երկկողմ մակարդակով։
«Հիմնական խնդիրն այն է՝ արդյոք Հայաստանը կկարողանա պահպանել ԱՊՀ ազատ առևտրի գոտու պայմանագրերը, գոնե երկկողմ մակարդակով, որպեսզի բացասական տնտեսական հետևանքները մեզ վրա շատ ուժեղ չազդեն»,– ասել է քաղաքագետը։
Նրա խոսքով՝ հնարավոր է այնպիսի քաղաքական լուծում, որի դեպքում Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից, սակայն ԱՊՀ շրջանակում գործող ազատ առևտրի մասին պայմանավորվածությունները կշարունակեն կիրառվել Հայաստանի նկատմամբ՝ որոշակի տնտեսական հնարավորություններ պահպանելով։
Մելքոնյանը, սակայն, ընդգծել է, որ եթե այդ պայմանավորվածությունները ևս չգործեն Հայաստանի համար, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքներն ավելի ծանր կլինեն։

