Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վերջին տարիներին ձևավորել է երկկողմ հարաբերությունների կարևոր հիմքերից մեկը, սակայն հաջորդ փուլում այն պետք է դուրս գա սպառազինության առքուվաճառքի շրջանակներից և զարգանա համատեղ արտադրության, հետազոտական ծրագրերի ու ռազմավարական գործընկերության ուղղություններով։ Նման կարծիքի է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանը։
Հայաստանը զգալի տեղ է զբաղեցնում Հնդկաստանի օրակարգում
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հնդկաստանն արդեն դարձել է Հայաստանի մասին լավ տեղեկացված երկիր, իսկ երկկողմ համագործակցության փորձը դրական հիմք է ստեղծել երկարաժամկետ հարաբերությունների համար։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի թեման Հնդկաստանի պաշտպանական օրակարգում բավականին բարձր տեղ է զբաղեցնում։ Նա ընդգծեց, որ Հնդկաստանի ռազմական արտահանման ոլորտի զարգացումը որոշակի առումով սկսվել է հենց Հայաստանի հետ առաջին գործարքներից։ Մինչ այդ երկրի ռազմական արտահանման ցուցանիշները բավականին փոքր էին։
Հնդկաստանը մինչև 2047 թվականը տարբեր ոլորտներում ինքնաբավության հասնելու ռազմավարություն է իրականացնում։ Այդ գործընթացի կարևոր ուղղություններից մեկը ռազմական արդյունաբերության զարգացումն ու սպառազինության արտահանման ընդլայնումն է։ Գրիգորյանի խոսքով՝ հնդկական կողմն արդեն արձանագրում է այդ ուղղությամբ առաջին արդյունքները, և Հայաստանը զգալի տեղ է զբաղեցնում այդ գործընթացում, այդ թվում՝ արտահանման ծավալների տեսանկյունից։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանին վաճառված որոշ զինատեսակներ ժամանակին դեռ չէին կիրառվում անգամ Հնդկաստանի զինված ուժերում։ Այսինքն՝ Հայաստանը դրանց ձեռքբերման և կիրառման առաջին փորձն իրականացրած երկրներից էր։ Քաղաքագետի գնահատմամբ՝ դա ևս մեծացրել է Հնդկաստանի ռազմական և փորձագիտական շրջանակների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
Ռազմատեխնիկական համագործակցությունից մինչև ռազմավարական գործընկերություն
Գրիգորյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստում են նաև հասարակությունների միջև դրական վերաբերմունքը, մշակութային և մարդկային կապերը։ Բացի այդ, կան որոշակի աշխարհաքաղաքական գործոններ, որոնք կարող են նշանակություն ունենալ համագործակցության հետագա խորացման համար։
Նա, մասնավորապես, հիշեցրել է Հնդկաստանի և Պակիստանի հակասությունները՝ նշելով, որ Պակիստանը սերտ հարաբերություններ և ռազմատեխնիկական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ։ Այս հանգամանքը ևս կարող է դեր խաղալ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման հարցում։
Միևնույն ժամանակ, քաղաքագետի համոզմամբ, երկկողմ հարաբերությունների բովանդակությունն արդեն բավականին հարուստ է, սակայն անհրաժեշտ է այն ամրապնդել նաև ինստիտուցիոնալ և իրավական մակարդակներում։ Որպես օրինակ՝ նա նշել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա է ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ, մինչդեռ Հնդկաստանի հետ նման փաստաթուղթ դեռևս չկա։
«Կարծում եմ՝ մոտակա տարիներին շեշտը պետք է դրվի համագործակցության այլ գործոնների վրա։ Խոսքը ոչ միայն նոր սպառազինությունների ձեռքբերման, այլև ավելի խոր համագործակցության մասին է»,– նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սպառազինության ձեռքբերումը շարունակում է մնալ համագործակցության կարևոր ուղղություն։ Մասնավորապես, Հնդկաստանը կարող է Հայաստանի համար հետաքրքիր գործընկեր լինել տարբեր հեռահար հրթիռային համակարգերի ձեռքբերման հարցում։ Քաղաքագետի գնահատմամբ՝ հեռահար հրթիռները կարևոր նշանակություն ունեն նաև զսպման քաղաքականության տեսանկյունից։ Այս մոտեցումն ընդգրկված է եղել նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերջերս հրապարակած վերլուծական փաստաթղթերից մեկում։
Սակայն Գրիգորյանը կարծում է, որ այժմ անհրաժեշտ է մտածել համագործակցության հաջորդ փուլի մասին՝ հաշվի առնելով նաև առկա լոգիստիկ դժվարությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հնդկաստանից ձեռք բերված սպառազինության որոշ տեսակների տեղափոխումը Հայաստան լուրջ խնդիրների հետ է կապված եղել։ Այդ պատճառով Հայաստանում որոշ զինատեսակների համատեղ արտադրությունը կարող է դառնալ հեռանկարային ուղղություն։
Քաղաքագետը նշել է, որ համատեղ արտադրության հնարավորություններն արդեն քննարկվում են երկու երկրների միջև։ Նա հիշեցրել է նաև հնդկական պատվիրակության վերջին այցի ընթացքում համապատասխան փաստաթղթերի ստորագրման մասին՝ ընդգծելով, որ այժմ կարևոր է դրանցում ամրագրված պայմանավորվածությունները կյանքի կոչելը։ «Խոսքը ոչ միայն գործարքային՝ գնորդ-վաճառող հարաբերությունների մասին է, այլև ավելի խոր համագործակցության՝ համատեղ արտադրության, հետազոտական ոլորտում համագործակցության մասին»,– ասել է նա։
Հնդկաստանը՝ երկարաժամկետ գործընկեր
Գրիգորյանի համոզմամբ՝ Հնդկաստանը վերջին տարիներին մի շարք ուղղություններով զգալի կարողություններ է զարգացրել, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի հետ համագործակցության համար։ Հաջորդ փուլում անհրաժեշտ է ոչ միայն ընդլայնել ռազմական ոլորտում գործնական կապերը, այլև հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի՝ այդ թվում՝ համապատասխան պաշտոնական փաստաթղթերի միջոցով։
Անդրադառնալով Հնդկաստանի՝ Հայաստանի համար հուսալի և երկարաժամկետ գործընկեր լինելու հարցին՝ քաղաքագետը նշել է, որ մինչ այժմ երկու երկրների համագործակցության փորձը բավականին դրական է եղել, և կողմերը, ըստ նրա, գոհ են միմյանցից։
Նրա գնահատմամբ՝ հենց այդ դրական փորձը հիմք է տալիս դիտարկելու երկիրը որպես Հայաստանի հեռանկարային երկարաժամկետ գործընկեր։ Քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանը 2022-2023 թվականներին ընտրել է հնդկական ուղղությունը՝ հաշվի առնելով այդ երկրի հետ համագործակցության հնարավորությունները։
Գրիգորյանի խոսքով՝ երկու հասարակությունների միջև ձևավորված դրական մթնոլորտը ևս նպաստում է հարաբերությունների շարունակական զարգացմանը։ Այժմ առանցքային խնդիրը ձեռք բերված արդյունքները նոր մակարդակի հասցնելն ու առկա պայմանավորվածությունները կոնկրետ ծրագրերի վերածելն է։

