Հայաստանի նման փոքր ներքին շուկա ունեցող երկրի տնտեսական զարգացումը մեծապես կախված է խոշոր տնտեսությունների հետ ինտեգրումից և դրանց շուկաներում հայկական արտադրանքի ու ծառայությունների իրացման հնարավորություններից։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտադրողները չեն կարող ապահովել կայուն աճ, բարձր շահութաբերություն և աշխատավարձերի բարձրացում՝ սահմանափակվելով միայն ներքին սպառման շուկայով։ Հետևաբար, երկրի տնտեսական քաղաքականության առանցքում պետք է լինի արտաքին շուկաների հետ կապերի ընդլայնումը։
Տնտեսագետը կարևորում է ոչ միայն ապրանքների արտահանումը, այլև ծառայությունների ոլորտի զարգացումն ու ներդրումների ներգրավումը։ Սակայն, նրա խոսքով՝ միջազգային առևտուրը երկրի ճանաչելիությունը բարձրացնելու և այլ ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հիմնական միջոցներից է։
«Առևտուրը կարող ենք ասել՝ այն հիմնական այցեքարտն է, որ պետությունը ճանաչելի է դարձնում միջազգային շուկայում, և դրանից հետո գալիս են ներդրումներ, գալիս են տարբեր կրթական ծրագրեր, մշակութային, գիտական և այլն։ Այսինքն՝ երկրները դեռ վաղուց առևտրով են իրար հետ ծանոթացել, և այս ծանոթությունը առևտրի միջոցով, կարծում եմ, ներկայումս էական նշանակություն ունի», — նշել է Պարսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է զարգացնի առևտրային կապերը բոլոր ուղղություններով։
ԵԱՏՄ և ԵՄ. խոսքը շուկաների, ոչ թե քաղաքական ընտրության մասին է
Անդրադառնալով Հայաստանի տնտեսական հարաբերություններին ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ՝ Պարսյանը շեշտել է, որ այդ հարցը հաճախ հանրային քննարկումներում ներկայացվում է բացառապես քաղաքական ընտրության համատեքստում, մինչդեռ առաջնայինը շուկաների հասանելիությունն է։
Տնտեսագետի խոսքով՝ անհրաժեշտ է տարբերակել քաղաքական նախապատվությունները և տնտեսական շահերը։ Հայաստանի համար կարևոր է ունենալ հնարավորություններ երկու խոշոր շուկաներում էլ՝ հաշվի առնելով դրանցում գործող առևտրային կապերը, հայկական արտադրանքի պահանջարկը և արտահանման կառուցվածքը։
«Այս պահին մեր հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, բայց միևնույն ժամանակ մենք ունենք ԵՄ շուկան, և վերջին մեկ տարվա ընթացքում բավականին հետաքրքիր փոփոխություններ են եղել երկու ուղղություններով նույնպես», — ասել է նա։
ԵԱՏՄ-ի հետ առևտրի կառուցվածքն ավելի նպաստավոր է հայկական արտադրության համար
Տնտեսական անվտանգության տեսանկյունից Հայաստանի համար կարևոր է խուսափել որևէ մեկ ուղղությունից չափազանց մեծ կախվածությունից։ Պարսյանի գնահատմամբ՝ տնտեսական կախվածությունը կարող է վերածվել նաև քաղաքական և ռազմական որոշումների վրա ազդեցության գործիքի, ուստի Հայաստանը դեռ մեծ աշխատանք ունի անելու արտաքին տնտեսական հարաբերությունների հավասարակշռման ուղղությամբ։
Տնտեսագետը նկատել է, որ վերջին տասը տարիներին Հայաստանի կախվածությունը ԵԱՏՄ-ից, մասնավորապես՝ Ռուսաստանից, էապես աճել է։ «Անցած տարի մենք ունեինք ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր մեր առևտրաշրջանառության մոտավորապես 35-36 տոկոսը։ Այս տարի մի քիչ նվազել է՝ հասնելով 29 տոկոսի», — նշել է Պարսյանը։
Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կարևոր առանձնահատկությունն արտահանվող ապրանքների կառուցվածքն է։ Այդ շուկա են արտահանվում հիմնականում վերջնական սպառման ապրանքներ, այդ թվում՝ պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, հյութեր և հայկական վերամշակող արդյունաբերության այլ արտադրանք։
Սա, տնտեսագետի կարծիքով, կարևոր հանգամանք է, քանի որ վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումը երկրի տնտեսության զարգացման և արտադրական կարողությունների ընդլայնման առանցքային պայմաններից է։
Փաստորեն, ԵԱՏՄ շուկան հայկական արտադրողների համար ոչ միայն իրացման ուղղություն է, այլև հնարավորություն՝ արտաքին պահանջարկի միջոցով զարգացնելու տեղական արտադրությունը և մեծացնելու դրա ծավալները։
ԵՄ-ի հետ առևտրի աճը դեռ չի նշանակում արտահանման կառուցվածքի բարելավում
Եվրամիության հետ Հայաստանի առևտրային հարաբերությունների վերաբերյալ Պարսյանը ներկայացրել է այլ պատկեր։ Նրա խոսքով՝ վերջին ութ տարիներին ԵՄ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ նվազման միտում է ունեցել, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը որոշակիորեն փոխվել է։
Եթե նախորդ տարի ԵՄ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ կազմել է 13 տոկոս, ապա այս տարի այն հասել է 19 տոկոսի։
Այնուամենայնիվ, տնտեսագետի մտահոգությունը վերաբերում է ոչ այնքան առևտրաշրջանառության ծավալին, որքան արտահանման ապրանքային կառուցվածքին։ Հայաստանից ԵՄ հիմնականում արտահանվում են հանքահումքային ապրանքներ՝ սև պղինձ, մոլիբդեն և այլ հումքային արտադրանք։
Պարսյանի գնահատմամբ՝ այս կառուցվածքը վկայում է, որ Հայաստանի արտահանումը դեպի եվրոպական շուկա հիմնականում հումքային բնույթ ունի, ինչը չի կարելի համարել տնտեսության զարգացման համար առողջ մոդել։ «Սա խոսում է այն բանի մասին, որ Հայաստանի արտահանումը հումքային է։ Հայաստանը հումքային կցորդ է դառնում այս առումով, որը այնքան էլ առողջ տնտեսության մասին չի խոսում կամ առողջ առևտրային գործընկերության մասին չի խոսում։ Մենք պետք է փորձենք այդ ուղղությամբ ևս արտահանել վերջնական սպառման արտադրանք», — ընդգծել է տնտեսագետը։
Այսպիսով, նրա դիտարկմամբ, ԵՄ-ի հետ առևտրի ընդլայնումը պետք է ուղեկցվի արտահանվող ապրանքների կառուցվածքի փոփոխությամբ։ Հումքի արտահանումից դեպի պատրաստի արտադրանքի արտահանում անցումը հնարավորություն կտա ավելի մեծ տնտեսական արժեք ստեղծել Հայաստանի ներսում՝ զարգացնելով վերամշակող արդյունաբերությունը։
Ֆինանսական ծառայությունների արտահանման աճը՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով
Անդրադառնալով ծառայությունների ոլորտին՝ Պարսյանը նշել է, որ այս ուղղությամբ վիճակագրությունը բավականին բարդ է, սակայն վերջին տարիներին հատկապես նկատելի է եղել դեպի Ռուսաստան ծառայությունների արտահանման աճը։ Դրա հիմնական պատճառներից մեկը ֆինանսաբանկային ոլորտում ստեղծված նոր իրավիճակն է։
2022 թվականից հետո ռուսական ընկերությունների և բանկային հատվածի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պայմաններում հայկական բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները սկսել են սպասարկել ռուսական ֆինանսական հոսքերը։ Տնտեսագետի խոսքով՝ այս գործընթացը զգալիորեն նպաստել է Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության աճին։
Նա նաև նշել է, որ հայկական ֆինանսական համակարգի միջոցով ռուսական միջոցները փոխանցվում են Եվրոպա և ԱՄՆ՝ ընդգծելով, որ այդ գումարների ծագումը միջազգային ֆինանսական կառույցներին հայտնի է։
«Հայաստանը դարձել է ԵՄ, ԱՄՆ գումարներ հասցնելու միջոց Ռուսաստանից։ Սա փոխշահավետ է, սա պետք է և՛ ԵՄ-ին, և՛ Ռուսաստանին», — ասել է Պարսյանը։
Միաժամանակ, տնտեսագետը հակադարձել է այն տեսակետին, թե Հայաստանի տնտեսությունը մեծ շահույթներ է ստացել ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական վերադասավորումների հաշվին։
Նրա գնահատմամբ՝ ֆինանսական միջնորդության արդյունքում Հայաստանի ստացած եկամուտները սահմանափակ են, քանի որ երկրի դերը հիմնականում միջնորդավճարների ստացումն է, մինչդեռ ֆինանսական հոսքերի հիմնական շահառուները այլ կողմեր են։
«Շատ հաճախ մարդիկ կարծում են, որ այսպես ուկրաինական դժբախտության վրա Հայաստանը փող է աշխատում։ Հայաստանի փող աշխատելը կարող է 1-2 տոկոս լինել։ Այս ամբողջ պրոցեսի գումարների շահառուները և Ռուսաստանը, Հայաստանը ընդամենը մի քանի տոկոս միջնորդավճարի վրա է աշխատում։ Այնպես չէ, որ Հայաստանը մեծ շահույթներ ունեցավ կամ աղքատության հարցը ամբողջությամբ լուծեց, կամ երկիրը երկնիշ տնտեսական զարգացում ապահովեց», — նշել է նա։
Այդուհանդերձ, Պարսյանը ֆինանսաբանկային ծառայությունների արտահանման աճը համարում է Հայաստանի համար առաջացած տնտեսական հնարավորություններից մեկը։ Նրա կարծիքով՝ այս փորձը կարող է հետագայում նոր հեռանկարներ բացել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար։
Հայաստանը՝ ապրանքների և ծառայությունների միջանկյալ հարթակ
Տնտեսագետի գնահատմամբ՝ 2022 թվականից հետո ռուսաստանյան ՏՏ մասնագետների և ընկերությունների զգալի ներհոսքը Հայաստան ևս նպաստել է ծառայությունների արտահանման նոր ուղղությունների ձևավորմանը։ Այդ մասնագետները Հայաստանում հիմնել են ՏՏ ընկերություններ և սկսել իրենց արտադրանքը արտահանել ԱՄՆ, ԵՄ և այլ շուկաներ։
Այս համատեքստում Հայաստանը կարող է միջանկյալ տնտեսական հարթակի դեր կատարել ոչ միայն ապրանքների, այլև ֆինանսական և տեխնոլոգիական ծառայությունների շրջանառության մեջ։
Պարսյանի ներկայացմամբ՝ ապրանքների առևտրի դեպքում հիմնականում նկատվում է հոսք դեպի Ռուսաստան, իսկ ծառայությունների և ֆինանսական ոլորտում՝ հակառակ ուղղությամբ շարժ։ Մասնավորապես, ԵՄ-ից և ԱՄՆ-ից Հայաստան ներմուծվող ապրանքները կարող են վերաարտահանվել դեպի Ռուսաստան, մինչդեռ ռուսական ֆինանսական և տեխնոլոգիական գործունեության հետ կապված ծառայությունները Հայաստանի միջոցով կարող են հասնել արևմտյան շուկաներ։
«Հայաստանը ոչ միայն ապրանքների մասով միջնորդ է, օրինակ՝ մեծ քանակությամբ հեռախոսներ, տարբեր սարքավորումներ Հայաստանի միջոցով է արտահանվում Ռուսաստան, այլ նաև ՏՏ ծառայությունների, ֆինանսական ոլորտի համար միջնորդ։ Այսինքն՝ եթե ապրանքները ԵՄ-ից, ԱՄՆ-ից գալիս են, գնում են Ռուսաստան, իսկ ծառայությունները հակառակ ուղղությամբ են գնում», — նշել է տնտեսագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է գնահատել և պահպանել այս երկու ուղղություններով ձևավորված տնտեսական հնարավորությունները։
ԵԱՏՄ-ից հրաժարվելը կարող է հանգեցնել երկու ուղղությամբ առևտրային հնարավորությունների կորստի
Պարսյանի համոզմամբ՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար առանցքային է միաժամանակ պահպանել կապերը և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Նա զգուշացրել է, որ այդ հարաբերությունները հակադրելու և դրանցից մեկը ընտրելու պահանջը կարող է Հայաստանի համար տնտեսական կորուստների հանգեցնել երկու ուղղությամբ։
Մասնավորապես, ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի խզման դեպքում Հայաստանը կարող է կորցնել ինչպես արևմտյան երկրներից դեպի Ռուսաստան ապրանքների վերաարտահանման հնարավորությունները, այնպես էլ Ռուսաստանից դեպի ԵՄ ծառայությունների և ֆինանսական հոսքերի սպասարկման հետ կապված հնարավորությունները։
Տնտեսագետի գնահատմամբ՝ այս երկու ուղղությունները Հայաստանի տնտեսության համար փոխկապակցված նշանակություն ունեն, և դրանցից մեկից հրաժարվելը կարող է սահմանափակել նաև մյուսի հետ կապված տնտեսական գործունեությունը։
«Հայաստանի զարգացման, Հայաստանի ձեռքբերման գրավականը այս երկուսի հետ կապը պահելն է միաժամանակ։ Եվ Հայաստանի առջև, երբ որ դրվում է կամ-կամ, սա նշանակում է զրկվել երկուսից միաժամանակ», — եզրափակել է Սուրեն Պարսյանը։

