Իրանի և ԱՄՆ-ի միջև երկակի խաղ խաղալը Հայաստանի համար ռիսկային է

“Թրամփի ուղի” նախագծի վերաբերյալ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի վերջին հայտարարությունը մի շարք հարցեր է առաջացնում Հայաստանի և Իրանի միջև հաղորդակցության, ինչպես նաև հենց Իրանում ծրագրի նկատմամբ տարբեր քաղաքական շրջանակների դիրքորոշումների վերաբերյալ։ Այս մասին նշել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա հիշեցրեց, որ Բաղային պնդմամբ՝ Երևանը հավաստիացրել է Թեհրանին՝ Թրամփի ուղու իրականացումը չի փոխի սահմանները կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, շինարարությունն իրականացնելու են հայկական ընկերությունները, իսկ ամերիկացի զինվորականներ չեն լինելու։

Այս հայտարարությունն առանձնակի ուշադրության է արժանանում հատկապես նոյեմբերի 6-ին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիիհրապարակված հոդվածի ֆոնի։ 

Ի՞նչ հավաստիացում է ստացել Թեհրանը և ե՞րբ

Բադալյանը հիշեցրեց, որ Վելայաթին իր հոդվածում ոչ միայն կրկնել էր TRIPP-ի վերաբերյալ Իրանի մտահոգությունները, այլև նշել, որ դրանք ամիսներ առաջ հստակ փոխանցվել էին պաշտոնական Երևանին՝ Հայաստանի փոխարտգործնախարարի և Իրանում Հայաստանի դեսպանի միջոցով։ Նա ավելի հանգամանալից ներկայացրել էր Թեհրանի տարածաշրջանային ռազմավարական ընկալումները՝ բացատրելով, թե ինչից են բխում ծրագրի վերաբերյալ իրանական մտահոգությունները։

Վելայաթին տարակուսանք էր հայտնել, որ իր զգուշացումներից և Իրանի ռազմավարական մտահոգությունները բարձրաձայնելուց հետո Հայաստանի խորհրդարանում վավերացվել է  TRIPP ծրագիրը։ Հոդվածում, որն իր վերնագրով անմիջականորեն հասցեագրված էր Հայաստանի վարչապետին, նա հարց էր բարձրացրել՝ ի՞նչ է նշանակում այդ վավերացումը։

Այս համատեքստում Բադալյանի համար առանցքային է հասկանալ, թե երբ է Երևանը Թեհրանին փոխանցել այն հավաստիացումը, որի մասին խոսում է Իրանի արտգործնախարարության խոսնակը՝ Վելայաթիի հոդվածի՞ց առաջ, թե՞ հետո։

Եթե հավաստիացումը եղել է հոդվածից առաջ, ապա հարց է առաջանում, թե ինչու է Իրանի առանցքային գործիչը դրանից հետո նման նշանակալի և որոշակի առումով բացառիկ հրապարակային անդրադարձ արել։ Արդյոք նա չի՞ ստացել Երևանի հավաստիացումը, կամ  Իրանի ո՞ր իշխանական շրջանակին է այն փոխանցվել։

Բադալյանը չի բացառում, որ գործ ունենք Իրանի ներսում տարբեր քաղաքական թևերի մոտեցումների հետ։ Հնարավոր է՝ Իրանի գործադիր իշխանությունը, որը ներկայացնում է, այսպես ասած, բարեփոխական թևը,  TRIPP-ի վերաբերյալ մեկ պատկերացում ունի, իսկ պահպանողականները, որոնց ներկայացուցիչն է Վելայաթին և որոնք կապված են գերագույն հոգևոր առաջնորդի շրջապատի հետ, բոլորովին այլ մոտեցում ունեն։ Հնարավոր է նաև, որ նրանք տարբեր կերպ են ընկալում Երևանից ստացվող հավաստիացումները։

«Իսկապես հետաքրքիր պատկեր է ստեղծվում։ Այն, որ Երևանը պետք է ականջալուր լինի Իրանից՝ ընդ որում բավականին բարձր մակարդակով հնչող մտահոգություններին, կասկածից վեր է։ Բայց պետք է նաև հասկանալ՝ արդյոք Իրանում կա՞ միասնական պատկերացում, թե՞ գործ ունենք տարբեր քաղաքական թևերի մոտեցումների հետ, ինչը կարող է բարդացնել նաև Երևանի կողմնորոշումը»,- նշում է քաղաքական մեկնաբանը։

Իրանի կառավարման համակարգի առանձնահատկությունները

Բադալյանի դիտարկմամբ՝ Իրանում ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել նաև երկրի կառավարման համակարգում տեղի ունեցող հնարավոր փոփոխությունների համատեքստում։

Նա հիշեցնում է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի սանձազերծումից հետո նույնիսկ փորձագիտական շրջանակների մի մասը գնահատում է, որ երկրի կառավարման համակարգն այսօր ոչ այնքան կենտրոնացված է, որքան ունի որոշակի կենտրոնախույս բնույթ։

Մեկնաբանի խոսքով՝ դա Թեհրանին թույլ է տալիս բարդ իրավիճակում բավականին հմտորեն մանևրել և ասիմետրիկ տրամաբանությամբ ընթացող պատերազմում, մեծ հաշվով, օրակարգ թելադրել նույնիսկ Միացյալ Նահանգներին։

Եթե ուժերի հարաբերակցությունը դիտարկենք զուտ ծավալային կամ վիճակագրական առումով, այն ակնհայտորեն Իրանի օգտին չէ։ Այդուհանդերձ, Իրանը կարողանում է իրեն պարտադրված պատերազմը վարել ասիմետրիկ տրամաբանությամբ՝ ձևավորելով իրավիճակ և մթնոլորտ համաշխարհային մասշտաբով։

Սակայն այս ամենը չի վերացնում հիմնական հարցը՝ արդյոք  TRIPP-ի վերաբերյալ Իրանում առկա են տարբեր ընկալումներ, և եթե այո, ապա Հայաստանի համար ո՞ր դիրքորոշումն է որոշիչ։

Բադալյանի համոզմամբ՝ նույնիսկ կենտրոնախույս կառավարման պայմաններում Իրանում որոշումների կայացման ծանրության կենտրոնն այսօր պահպանողական թևում է։ Հետևաբար, եթե գործադիր իշխանությունը բավարարված է Երևանի հավաստիացումներով, իսկ պահպանողական շրջանակները՝ ոչ, ապա Հայաստանը չի կարող անտեսել այդ հանգամանքը։

«Իրանը, նույնիսկ կենտրոնախույս կառավարման պայմաններում, գործում է որպես մեկ ամբողջական համակարգ։ Եթե այդ համակարգի առանցքային թևը դժգոհություն և մտահոգություն ունի, պետք է ուշադրություն դարձնել հենց դրան, այլ ոչ թե բավարարվել գործադիր իշխանության արձագանքով և այն դարձնել փաստարկ»,- ընդգծում է նա։

Այսինքն՝ եթե Հայաստանի հավաստիացումները բավարար են եղել Իրանի գործադիր իշխանության համար, դա դեռ չի նշանակում, որ դրանք ընդունելի են նաև երկրի ռազմավարական որոշումների կայացման առանցքային կենտրոնի համար։

Երևանի արձագանքը Վելայաթիի հոդվածին և ամերիկացի դիվանագետի ներկայությունը

Բադալյանն առանձին ուշադրություն է հրավիրում նաև պաշտոնական Երևանի արձագանքի վրա։

Վելայաթիի բավականին աղմկոտ հոդվածից հետո Հայաստանի տեսանելի և հանրային մակարդակով առաջին ու առայժմ միակ արձագանքը եղել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, թե որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանի հարևանները, բացասական վերաբերմունք չունի  TRIPP ծրագրի նկատմամբ։ Հատկանշական է, որ այդ հայտարարությունն արվել է Վելայաթիի հոդվածից երկու օր անց՝ միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաև ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Այս հանգամանքը հիմք է տալիս հարցադրման՝ արդյոք պաշտոնական Երևանը Թեհրանի դիրքորոշումը գնահատելիս հիմնականում ապավինում է Իրանի գործադիր իշխանության արձագանքներին։ Եթե այդպես է, ապա դա կարող է էական վրիպում լինել, քանի որ պահպանողական շրջանակներից հնչող մտահոգությունները փաստացի անտեսվում են կամ փորձ է արվում դրանք չեզոքացնել գործադիր իշխանության արձագանքով։

Մյուս կողմից, եթե Հայաստանի հավաստիացումը փոխանցվել է Վելայաթիի հոդվածից հետո, ապա անհրաժեշտ է պարզել, թե ինչ մակարդակով և ինչ խողովակով է այն արվել։ Բադալյանը չի բացառում, որ Երևանը կարող էր ոչ պաշտոնական ուղիներով որոշակի հավաստիացումներ փոխանցել Իրանին։ 

Այդ դեպքում, սակայն, առաջանում է մեկ այլ հարց. հնարավո՞ր է՝ ամերիկացի դիվանագետի ներկայությամբ Հայաստանը հրապարակայնորեն արձանագրել է մի դիրքորոշում, իսկ Իրանի համար ոչ հրապարակային խողովակով փոխանցել այլ հավաստիացումներ։

Այս տարբերակը նույնպես խնդրահարույց է, քանի որ կարող է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը փորձում է տարբեր ուղերձներ փոխանցել երկու երկրներին։

Հայաստանի համար վտանգավոր է Իրանի և ԱՄՆ-ի միջև երկակի խաղը

Բադալյանի գնահատմամբ՝ եթե Երևանը մի կողմից փորձում է բավարարել Իրանի մտահոգությունները, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ներկայացնում է այլ մոտեցում, ապա դա կարող է վերածվել երկակի խաղի, որի հետևանքով Հայաստանի ռիսկերը ոչ թե կնվազեն, այլ կբազմապատկվեն։

Նա հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումը, թե Հայաստանի անկախության մակարդակը բարձրացվել է կախվածության ուղղությունների ավելացման միջոցով։ Սակայն, եթե նույն տրամաբանությունը փորձ արվի կիրառել նաև Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում, ապա արդյունքը կարող է լինել ոչ թե անկախության ամրապնդումը, այլ ռիսկերի և վտանգների ավելացումը։

«Հայաստանի Հանրապետության «այո»-ն պետք է լինի Հայաստանի Հանրապետության «այո»-ն, իսկ «ոչ»-ը՝ «ոչ»-ը։ Աշխարհում պետություններից չեն ակնկալում միայն համաձայնություն, բայց ակնկալում են, որ նրանց համաձայնությունն ու մերժումը սեփականը լինեն և հիմնավորված լինեն։ Դրանց փոխարեն երկիմաստ գործելակերպ ընտրելը պետական սուբյեկտության դրսևորում չէ»,- ասում է նա։

Մեկնաբանի կարծիքով՝ անհրաժեշտ է հստակ հասկանալ նաև, թե ինչով է պայմանավորված Հայաստանի իշխանությունների նման գործելակերպը։ Դրա հիմքում կարող է լինել իշխանությունը պահպանելու մտահոգությունը, սակայն Հայաստանի պետական սուբյեկտության հաշվին իշխանություն պահպանելը ռիսկային է անգամ հենց իշխանության համար։

Եթե այդ տրամաբանությունը շարունակվի, Հայաստանի սուբյեկտությունը կարող է մի օր ամբողջությամբ զրոյանալ, և այդ պայմաններում հնարավոր չի լինի պահպանել նաև իշխանությունը։

Ռազմավարական երկխոսության անհրաժեշտությունը

Բադալյանի կարծիքով՝ Վելայաթիի հրապարակային հոդվածն ինքնին վկայում է, որ Իրանի որոշումներ կայացնող կենտրոնը TRIPP-ի հարցում այլևս չի ցանկանում սահմանափակվել միջնորդավորված հաղորդակցության խողովակներով։

Երբ գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդականը՝ իրանական քաղաքականության վաղեմի և առանցքային գործիչներից մեկը, անմիջականորեն դիմում է Հայաստանի վարչապետին, դա, ըստ մեկնաբանի, պետք է դիտարկել որպես լուրջ քաղաքական ազդակ։

Բադալյանի համոզմամբ՝ Երևանը պետք է պարզի, թե երբ, ինչ մակարդակով և ինչ խողովակով է Իրանի հետ հաղորդակցվել TRIPP-ի վերաբերյալ, ինչպես նաև հստակ հասկանա, թե ինչ դիրքորոշում ունեն Թեհրանի որոշումների կայացման առանցքային շրջանակները։

Նա ընդգծում է, որ այս հարցը պետք է մտահոգի ոչ միայն իշխանության ներկայացուցիչներին, այլև նրանց աջակիցներին ու սոցիալական հենարանին, եթե նրանց գլխավոր մտահոգությունն իսկապես Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե իշխանության պահպանումը։


👉 Տարածաշրջան

Scroll to Top