Իրանի ներսում Հայաստանի նկատմամբ տարբեր մոտեցումներ կան

Իրանի ներսում Հայաստանի նկատմամբ տարբեր մոտեցումներ կան

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունը քաղաքական ուղերձ է։ Այս մասին ասել է իրանագետ Տիգրան Դավուդյանը։

Նրա խոսքով՝  Իրանի քաղաքական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ երկրում զուգահեռ գործում են պետական կառավարման երկու կենտրոններ՝ նախագահի և գերագույն առաջնորդի ինստիտուտները։ Դրանց լիազորություններն ու ազդեցության ոլորտները երբեմն հատվում են։

«Պատկերացրեք՝ Իրանն ունի արտաքին գործերի նախարար,դրան զուգահեռ Գերագույն առաջնորդն ունի արտաքին հարցերով խորհրդական։ Իրանը մշակույթի նախարար ունի, առաջնորդն էլ՝ մշակույթի գծով խորհրդական։ Կարծես երկու կառավարություն կա․ մեկը՝ պարոն Փեզեշքիանի, մյուսը՝ Գերագույն առաջնորդի»,- նշել է իրանագետը։

Նրա դիտարկմամբ՝ այս տարբերությունը նկատելի է նաև Հայաստանի նկատմամբ Թեհրանի մոտեցումներում։ Մասնավորապես, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարում է, որ վստահում են հայաստանյան գործընկերներին, մինչդեռ Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը կոշտ քննադատության է ենթարկում Հայաստանի վարչապետին և նրա վարած քաղաքականությունը։

Դավուդյանը հիշեցրել է, որ Արաղչին նոյեմբերի 17-ին ևս վերահաստատել է Հայաստանի գործընկերների հայտարարություններին վստահելու Իրանի դիրքորոշումը։

Իրանագետի խոսքով՝ ուշագրավ է նաև իրադարձությունների ժամանակագրությունը․ Վելայաթիի կոշտ հայտարարություններից ընդամենը երկու օր անց Երևան է ժամանել իրանական բարձրաստիճան պատվիրակություն՝ նախագահի տեղակալի մակարդակով՝ մասնակցելու Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին։

«Տեսեք, դրանք զուգահեռ են ընթանում։ Մի կողմից տեսնում ենք Իրանի պաշտոնական տեսակետները՝ նախագահ Փեզեշքիանի և արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, մյուս կողմից՝ պարոն Վելայաթիի հայտարարությունները, որոնք առաջին անգամը չէ, որ հնչում են»,- ասել է նա։

Դավուդյանը Վելայաթիի քննադատական ուղերձի հրապարակման ժամանակը ևս պատահական չի համարում։ Նրա խոսքով՝ այն հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դոնալդ Թրամփի կուսակցության պարտությունից և դեմոկրատների հաղթանակից մոտ 24 ժամ անց։

Իրանագետն ուշադրություն է հրավիրել նաև  Հայաստանի վարչապետին ուղղված 25 կետից բաղկացած բաց նամակի բովանդակության վրա։ Դավուդյան նշեց, որ, ծանոթանալով նամակի բովանդակությանը տպավորություն է ստեղծվում, որ նամակը հապճեպ է կազմվել։ Ըստ նրա՝  նամակի որոշ դրույթներում հակասություններ կան, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն ամբողջությամբ Վելայաթիի հեղինակածը չէ, և տեքստի մշակմանը մասնակցել են նաև նրա օգնականները։

Որպես օրինակ՝ իրանագետը նշել է, որ նամակի մի հատվածում քննադատվում է «Զանգեզուրի միջանցքը» Թրամփի ուղով վերանվանելու հանգամանքը, ինչը կարող է տպավորություն ստեղծել, թե իրանական կողմն ընդունում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Մինչդեռ մեկ այլ հատվածում հիշատակվում է Իրանի Գերագույն առաջնորդի դիրքորոշումը, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցք» գոյություն ունենալ չի կարող։

Անդրադառնալով Իրանի մտահոգություններին՝ Դավուդյանն ընդգծել է, որ Թեհրանը պատմականորեն խիստ կասկածամիտ է ԱՄՆ-ի հետ կապված ցանկացած նախագծի նկատմամբ։

Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ հակասություններ ունի հիմնադրման առաջին օրից, ինչն էլ պայմանավորում է հարևան երկրներում ամերիկյան ազդեցության նկատմամբ նրա զգայունությունը։

«Իրենք գիտեն, որ իրենց 16 հարևաններից որոշները պաշտոնապես Միացյալ Նահանգների դաշնակիցներն են։ Օրինակ՝ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, Պակիստանը, որը Միացյալ Նահանգների լավագույն բարեկամներից է, ինչպես նաև հարավի արաբական երկրները։ Ադրբեջանից էլ շատ են մտահոգված, որովհետև ասում են՝ այնտեղ իսրայելական բազաներ կան»,- նշել է իրանագետը։

Դավուդյանի խոսքով՝ Թեհրանը չի ցանկանում, որ Հայաստանի հետ հարաբերություններում ևս առաջանան անվտանգության նոր մտահոգություններ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Իրանի միակ քրիստոնյա հարևանն է, և երկու երկրները մշտապես լավ հարաբերություններ են ունեցել։

«Դրա համար ոչ մի կերպ չեն ուզում իրենց համար մտահոգության նոր առիթ ստեղծվի հյուսիսային մեկ այլ հարևանի՝ Հայաստանի հետ, որի հետ, ի դեպ, միշտ շատ լավ հարաբերություններ են ունեցել և ցանկանում են պահպանել այդ հարաբերությունները»,- նշեց  Դավուդյանը։

Դավուդյանը նաև անդրադարձել է Թրամփի ուղուց իրանական բեռնափոխադրողների օգտվելու հնարավորությանը՝ նշելով, որ այդ ճանապարհից իրանցի գործարարների օգտվելն արգելող որևէ դրույթ նախատեսված չէ։

«Հարցը դնենք այսպես․ որևէ տեղ գրվա՞ծ է, որ իրանական բեռնատարը կամ իրանցի գործարարը իրավունք չունի օգտվելու Թրամփի ուղուց։ Նման կետ չկա»,- ասել է նա։

Իրանագետի խոսքով՝ Իրանը Եվրոպայի հետ ակտիվ բեռնափոխադրումներ է իրականացնում, օրական հազարավոր բեռնատարներ ուղարկում տարբեր ուղղություններով՝ արտահանելով և ներմուծելով ապրանքներ։ Ներկայումս այդ բեռնատարները հիմնականում Եվրոպա են հասնում Թուրքիայի տարածքով՝ անցնելով նաև Իրանի Մակու պատմական շրջանից, կամ Ջուլֆայից մուտք գործելով Նախիջևան, ապա՝ Թուրքիա։ Հյուսիսային Եվրոպա մեկնող բեռնափոխադրումների մի մասն էլ իրականացվում է Ադրբեջանի տարածքով, իսկ Հայաստանի ճանապարհից իրանական բեռնատարները համեմատաբար հազվադեպ են օգտվում։

Դավուդյանի խոսքով՝ իրանցի որոշ գործարարներ արդեն հետաքրքրված են Թրամփի ուղով և դիտարկում են այն օգտագործելու հնարավորությունը, քանի որ Իրանի և Թուրքիայի սահմանային անցակետերում բեռնափոխադրումները բավականին ծանրաբեռնված են։

Նրա գնահատմամբ՝ սա ևս մեկ գործոն է, որը պետք է հաշվի առնել Իրանի դիրքորոշումը գնահատելիս․ Թեհրանի քաղաքական մտահոգությունները չեն նշանակում, որ իրանական կողմը չի կարող տնտեսական հետաքրքրություն ունենալ այդ ճանապարհի նկատմամբ։


👉 Տարածաշրջան

Scroll to Top