Ադրբեջանը նոր արշավ սկսել Հայաստանի դեմ․ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է

Ադրբեջանը նոր արշավ է սկսել Հայաստանի դեմ․ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է

Ադրբեջանը նոր արշավ է սկսել Հայաստանի դեմ՝ ցույց տալով, որ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է։ Նման կարծիք է հայտնել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ 

«”Ադրբեջանի հետքերը Երևանի փողոցներում. Ահա թե ինչպես են հայերը կեղծել պատմությունը, փաստերը բացահայտվել են”։ Այս վերնագրով տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը։ Սա արվել է Ալիևի վերջին «խաղաղասիրական» ելույթից հետո։ Այսինքն՝ հրահանգվել է նոր արշավ սկսել՝ ցույց տալով, որ Հայաստանի դեմ զավթողական հայեցակարգը ուժի մեջ է», — նշում է փորձագետը։

Ըստ նրա՝ Արցախի դեմ պատերազմ սանձազերծած, Արցախի հայերի դեմ էթնիկ զտում իրականացրած, Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծած, ՀՀ տարածքները բռնազավթած երկիրը անթաքույց ցույցադրում է  իր ծրագրերը։

«Սա մի կողմից ապշեցնում է, բայց մյուս կողմից էլ հասկանալի է՝ ՀՀ իշխանությունները մաքրում են ադրբեջանանկան կողմին բոլոր պատերազմական հանցագործություններից, անհարկի զուգահեռներով «նորմալ» դարձնում իրենց զավթողական պահանջները։ ՀՀ ղեկավարը ի լուր աշխարհի հայտարարում է՝ խաղաղությունը եկել է, բանակի հետ կապված էլ «ֆանտաստիկ» ռեֆորմներ են անում։ Այս ֆոնին պետք չէ զարմանալ որ, զավթողական կոնցեպտը նոր թափ է հավաքում Ադրբեջանում» ,- նշել է նա։

Հայրապետյանր տեսակետը կիսում է նաև իրանագետ Վարդան Ոսկանյանը․ 

«Սևանա լճի տխրահռչակ «Գյոքչա» անվանման վերաբերյալ Բաքվի բռնապետի բարբաջանքը մեզանում իր լայն արձագանքով ուշադրությունից դուրս թողեց, ըստ իս, ավելի կարևոր մի հանգամանք։ Բանն այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր վերջին ելույթում ոչ թե պարզապես «մտքեր» էր կիսում հավաքվածների հետ, այլ ուղղակի հանձնարարական էր տալիս արհեստածին Ադրբեջանի պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և, այսպես կոչված, գիտնականներին ծավալել «իրենց պատմական հողեր՝ այժմյան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունեություն»։

Փորձագետի պնդմամբ՝ սա ուղիղ ցուցիչ է առ այն, որ Բաքուն շարունակում և շարունակելու է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը, որովհետև նրա իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի պետության՝ որպես քաղաքական գործոն ամբողջական թուլացումն ու ապամոնտաժումը։ 

Scroll to Top