Առևտրային ռեժիմները գլոբալ մակարդակով կարող են խստանալ

Առևտրային ռեժիմները գլոբալ մակարդակով կարող են խստանալ

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային և տնտեսական պայքարը վերջին շրջանում մտել է նոր, ավելի լարված փուլ։ Չինաստանը սահմանափակել է հազվագյուտ հանքանյութերի արտահանումը, ինչին ի պատասխան Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է մաքսատուրքերը չինական ապրանքների վրա մինչև 100 տոկոսով։ 

Այս հակադրվող քայլերի հետևանքով խոշոր ցնցումներ են գրանցվել գլոբալ շուկաներում։ Մասնագետների խոսքով՝ կրիպտոարժույթների շուկան գրեթե փլուզվել է, և աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ կրել են միլիարդավոր դոլարների կորուստներ։ Թվում է, թե այս գործընթացները մեզանից շատ հեռու են, բայց Հայաստանը ևս աշխարհի տնտեսության մասն է և չի կարող ամբողջությամբ մեկուսացած մնալ։ Ինչ ազդեցություն կարող են ունենալ այս զարգացումները մեր երկրի վրա նկարագրեց Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Նրա  կարծիքով, անմիջական տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա մեծ չի լինի։ Ըստ Գաբրիելյանի, եթե նայենք Հայաստանի տնտեսական հարաբերություններին ԱՄՆ-ի և Չինաստանի հետ, ապա հազվագյուտ մետաղների ոլորտում մենք էական սպառող չենք։ «Մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն գրեթե չունենք, որտեղ այդ մետաղները լայնորեն օգտագործվում են, հետևաբար այդ ուղղությամբ լուրջ խնդիրներ չենք ունենա»,– ասում է նա։ Սակայն, ըստ Գաբրիելյանի, ազդեցությունը կարող է զգացվել այլ հարթությունում։ 

ԱՄՆ-ը արդեն պահանջում է, որ երկրները հետևեն իր սահմանած սանկցիաներին, օրինակ՝ Ռուսաստանի նկատմամբ, և թույլ չտան վերաարտահանումներ։ «Նույն մոտեցումը կարող է կիրառել նաև Չինաստանը»,– ընդգծում է նա՝ նշելով, որ ապագայում հնարավոր է խստացվեն վերահսկողական մեխանիզմները, որպեսզի երկրները չկարողանան Չինաստանից գնել մեծ քանակությամբ հումք և այն վերավաճառել ԱՄՆ-ին կամ այլ երկրներին։ Այսինքն՝ առևտրային ռեժիմները գլոբալ մակարդակով կարող են խստանալ։

Միևնույն ժամանակ Գաբրիելյանը շեշտում է, որ Հայաստանի նման փոքր շուկայի համար ծավալները այդ ոլորտներում այնքան մեծ չեն, որպեսզի առաջացնեն համակարգային վտանգ։ Որոշակի ազդեցություններ հնարավոր են, բայց դրանք չեն լինի ճակատագրական։ Նա դիմում է նաև արժութային հարցին՝ նշելով, որ տնտեսական պատերազմի պայմաններում դոլարը տեսականորեն պետք է թուլանար, բայց դա չի կատարվում այն արագությամբ, ինչպես կանխատեսում էին մասնագետները։ Սա ցույց է տալիս, որ գլոբալ տնտեսության տրամաբանությունը երբեմն չի ենթարկվում դասական կանխատեսումներին։

Վաչե Գաբրիելյանի համոզմամբ, Հայաստանի համար առաջիկայում հիմնական երկու մարտահրավերներն են մրցունակության ապահովումը և հաղորդակցման հնարավորությունների զարգացումը։ «Պետք է կարողանանք արտադրել և արտահանել էժան, արդյունավետ և մրցունակ ապրանքներ և ծառայություններ»,– ասում է նա։ Նա հիշեցնում է, որ Հայաստանը ոչ միայն ավանդական արտադրող, այլ նաև ծառայություններ արտահանող երկիր է, և այստեղ մրցունակությունը դառնում է կենսական։ Հաջորդ կարևոր ուղղությունը հաղորդակցությունն է։ Խոսքը միայն երկաթուղու կառուցման կամ չկառուցման մասին չէ։ Գաբրիելյանը կարևորում է նաև մտավոր և թվային ենթակառուցվածքների ստեղծումը։ Նա հարց է բարձրացնում՝ արդյոք Հայաստանը կարող է ստեղծել թվային միջանցքներ Վրաստանի, Իրանի, ապագայում Թուրքիայի, Ադրբեջանի հետ, ապահովել բեռների տեղափոխություն, թվայնացված գործարկումներ և ընդհանուր տրամաբանության համաձայնեցում։ Սա պահանջում է ոչ միայն տեխնոլոգիա, այլ նաև քաղաքական և վարչարարական համակարգերի հստակեցում։

Գաբրիելյանը բերում է բժշկական օրինակ՝ ասելով, որ ինչպես մարզանքի միջոցով զարգացնում ենք մկանները, այնպես էլ պետությունը պետք է զարգացնի իր տնտեսական «մկանները»՝ ներքին կարողությունները, ենթակառուցվածքները և կառավարման որակը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է դառնալ ավելի կենսունակ, դիմակայել գլոբալ փոփոխություններին և օգտագործել նոր հնարավորությունները։

Scroll to Top