Արծվաշենի վերադարձի պատմությունը նման է այդ հայտնի արտահայտությանը՝ բաժակը կիսով չափ դատա՞րկ է, թե՞ կիսով չափ լի։ Այս մասին նշել է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
«Մեզ հրամցվում է այն հանգամանքը, որ շատ շուտով մեր սուվերեն տարածք՝ Արծվաշենը, կվերադարձվի, սակայն չի խոսվում հարցի մյուն կողմի մասին՝ դրան զուգահեռ «վերադարձվելու» են նաև Ադրբեջանի այսպես կոչված «անկլավները», որոնք իրականում ունեն շատ անորոշ կարգավիճակ։ Ադրբեջանը ունի որոշակի փաստարկներ, թեկուզ այն, որ Խորհրդային միության վերջին շրջանում այդ տարածքները համարվում են ադրբեջանական ԽՍՀ տարածքներ, բայց պատմությունը, թե ինչպես այդ տարածքները հանձնվեցին, թե ինչ ընթացք դա ունեցավ և այլն, կասկածի տակ է դնում Ադրբեջանի սուվերեն իրավունքը այդ տարածքների վրա», — ասաց Միրզոյանը:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս Արծվաշենի վերադարձի պատմությունը զուգորդվելու է այսպես կոչված ադրբեջանական «անկլավների» հանձնմամբ, իսկ դա բավականին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հենց անվտանգության համար, հաշվի առնելով նրանց աշխարհագրական դիրքը:
«Ամենահայտնի օրինակը՝ Տիգրանաշենն է։ Այն գտնվում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մայրուղու վրա, որով իրականացվում են հիմնական բեռնափոխադրումները, և որոնց շնորհիվ ի վերջո մենք այսօր գոյատևում ենք», — ասաց նա:
Միրզոյանը ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ անկլավների վերադարձի մասին խոսակցությունները համընկան նաև վերջերս Փաշինյանի կողմից հնչեցված այդ առաջարկի հետ, որ կարելի է ապահովել մի նոր տրանսպորտային ուղի, որը պետք է անցներ հենց այդ ճանապարհով: Այս պարագայում հարց է առաջանում․ հանձնելով Տիգրանաշենը՝ ինչպե՞ս է Փաշինյանը ապահովելու այդ տրանսպորտային մայրուղու անվտանգությունը, նշեց նա:
«Բազմաթիվ հարցեր կան այս հայտարարությունների հետ կապված։ Սակայն իրականում խնդիրը նրանում է, որ մենքայսօր ապրում ենք տեղեկատվական պայքարի պայմաններում, ընդ որում այդ տեղեկատվական պայքարը ընթանում է ոչ միայն Հայաստանի և արտաքին ուժերի միջև, այլ նաև երկրի ներսում: Իշխանական, ընդդիմադիր, բազմաթիվ այլ խմբավորումների միջև, և այդ ամենի թիրախում հասարակ քաղաքացին է։ Այս ուժերը օգտվում են մեր քաղաքացիների իրավական որոշ գիտելիքների պակասից և ոչ այնքան մեդիագրագետ լինելու հանգամանքից», — ասաց նա:

