Արծվաշենի թեմայի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը նոր փուլ է բացում Հայաստանի ներքաղաքական քննարկումներում։ Վարչապետը հայտարարում է, որ զբաղվելու է Արծվաշենի և այլ բռնազավթված տարածքների վերադարձով սահմանազատման և սահմանագծման շրջանակներում։ Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ դա կտա Հայաստանին մեկնաբանեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Ըստ նրա՝ Արծվաշենի հարցը կապված է անկլավների օրակարգը հանրային դիսկուրսի դաշտ բերելու հետ։
«Եթե Հայաստանը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ շրջանակներում, ապա ենթադրելի է, որ այսպես կոչված ադրբեջանական երեք «անկլավները» ենթակա են վերադարձի», — ասաց Ղևոնդյանը:
Այս առումով «վերադարձի» առարկա է դառնում Տիգրանաշենը, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։
«Ռազմավարական տեսանկյունից պետք է արձանագրենք մի բան, որ աշխարհագրորեն Արծվաշենի նշանակությունը զիջում է Տիգրանաշենին, որովհետև Արծվաշենը Հայաստանի համար կենսական ուղու վրա չի գտնվում։ Տիգրանաշենով անցնում է Հյուսիս-Հարավ գնացող ավտոմայրուղին, որը Հայաստանի համար կենսական զարկերակ է», — հայտարարեց քաղաքագետը։
Նրա պնդմամբ՝ Տիգրանաշենի վերադարձի գործընթացը արդեն ընթացքի մեջ է․
«Տիգրանաշենում մարդկանց հաշվարկ է արվել, գյուղում բնակվող ընտանիքների չափով հարևան գյուղում, հավանաբար Պարույր Սևակում, արդեն տներ են կառուցված, որպեսզի այդ մարդկանց տեղափոխեն այդտեղ»։
Ղևոնդյանը համոզված է՝ Տիգրանաշենի Ադրբեջանին տրամադրման դեպքում այդտեղ տեղակայվելու են ադրբեջանական զինված ստորաբաժանումները այդ տարածքը պաշտպանելու համարՒ Այնուհետև այնտեղ կուղարկվեն մաքսային և հարկային ծառայողներ, այդ տարածքում գործելու է Ադրբեջան պետության իրավական համակարգը։
«Այսինքն դուք Հայաստանի հարավ՝ Վայոց Ձոր, Սյունիք, գնալուց, ինչպես նաև այնտեղից գալուց, պետք է անցնեք ադրբեջանական տարածքով, և դա դեռ հարց է՝ ձեզ կթողեն անցնել, թե ոչ, որովհետև դա իրենց տարածքն է: Հայաստանը Բաքվի քմահաճույքի պատանդ է դառնում ու իրենք կարողանալու են դա շատ բարձր արդյունավետությամբ իրենց համար օգտագործել։ Նրանք կարող են խնդիրներ առաջացնել մուտքի-ելքի հնարավորության առումով, դրա ապահովման պայմանների առումով, միգուցե կլինեն տրանսպորտային միջոցների խուզարկություններ։ Մեծ հաշվով, Հայաստանի ցանկացած քաղաքացու կեղծ կասկածով նրանք կարող են մեքենայից հանել, տանել անհայտ ուղղությամբ, եթե, իհարկե, չլինի շրջանցող ճանապարհ», — ասաց նա:
Տիգրանաշենը հանձնելով՝ Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է երկու մասի, որոնք իրար հետ կապ չունեին, համոզված է նա։ Ըստ Ղևոնդյանի՝ եթե գործող իշխանությունը 2026 թվականին վերարտադրվեց, ապա Տիգրանաշենը երաշխավորված կհանձնվի, եթե, իհարկե, տարածաշրջանում մեծ պատերազմ չլինի։
«Այդ տարածքների փոխանակումը տեղի է ունենալու 2026-ի ընտրություններից հետո, որովհետև ակնհայտ է, որ գործող վարչապետի համար դա ոչ շահեկան իրավիճակ կստեղծի, եթե դա իրականություն դառնա մինչև ընտրությունները», — եզրափակեց քաղաքագետը:

