Դավիթ Անանյան. Կարճաժամկետում՝ շանտաժային ռեսուրս, երկարաժամկետում՝ ռազմավարական մեծ սխալ

VECTORS-ի հարցերին պատասխանում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

— Ըստ Ձեզ, ինչո՞ւ մինչ այս պահը տեղի չի ունեցել Փաշինյան-Փեզեշքիան հեռախոսազրույց, արդյոք այս կերպ իշխանությունը ի ցույց է դնում իր դիրքորոշումը:

— Սա, բնականաբար, դատողությունների հարց է, և այդպիսի շփման բացակայությունը, փաստացի հատկապես այն պարագայում, երբ Իրանը մինչև վերջերս տարածաշրջանային բացահայտ կերպով հայտարարել էր Սյունիքի անքակտելիության կարևորությունը, վկայում է մի քանի բանի մասին: Առաջինը. արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ներկա վարչակարգը բացահայտ պրոյեկտ է վարում, ուղղված դեպի Արևմուտք` Իրանի հանդեպ զուսպ վստահության կամ անգամ նսեմացման ուղեգծով: Այդ չկայացած հեռախոսազրույցը կարելի է ընկալել նաև որպես ցուցադրական «հավասարակշռում» Արևմուտքի և Իսրայելի շահերի առաջ, ինչը, իհարկե, կարճաժամկետ շանտաժային ռեսուրս է,  բայց երկարաժամկետում ռազմավարական մեծ սխալ: Եթե իշխանությունը նպատակ ունի սառեցնել կամ նվազեցնել Իրանի հետ ուղիղ դիվանագիտական շփումները հանուն այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի», ապա դա փաստացի ինքնաբացառում է տարածարջանի այն միակ գործընկերոջից, ով կարող էր հանդես գալ որպես հակակշիռ Թուրքիայի և Ադրբեջանի հավակնություններին: Այսպիսով կարելի է ասել, որ հեռախոսազրույցի բացակայությունը ոչ թե պատահականություն է, այլ հավաստի նշան Հայաստանի ներկայիս իշխանության աշխարհաքաղաքականության կողմնորոշման մասին , որի հետևանքները կարող են մեզ թողնել առանց տարածաշրջանային դաշնակիցների, առանց միջանցք և առանց դիմադրության միջոցների:

Scroll to Top