Հայաստանը կանգնած է լուրջ տնտեսական և քաղաքական ճգնաժամի առաջ, որը հնարավոր էր կանխել

Հայաստանը կանգնած է լուրջ տնտեսական և քաղաքական ճգնաժամի առաջ, որը հնարավոր էր կանխել

Հայաստանին այս փուլում, ամենայն հավանականությամբ, չեն հեռացնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), սակայն կառույցի ներսում Երևանին շտապեցնում են՝  ակնկալելով, որ Հայաստանը  հստակեցնի իր հետագա արտաքին-տնտեսական կողմնորոշումը։ Այս տեսակետն է հայտնել միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությանը։

Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակից հնարավոր էր խուսափել, եթե Հայաստանի իշխանությունները ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեին և չընդունեին Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

«Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական կառույց է, և հնարավոր էր հանգիստ բացատրել գործընկերներին, որ Հայաստանը տնտեսական առումով որևէ խնդիր չունի, պարզապես ցանկանում է որոշ ոլորտներում կիրառել եվրոպական փորձը՝ երկիրը ավելի ժամանակակից և մրցունակ դարձնելու համար», — նշել է Բալասանյանը։

Նրա կարծիքով՝ իրավիճակը սրվեց հենց այն բանից հետո, երբ ընդունվեց ԵՄ անդամակցության վերաբերյալ օրենքը, և դրան զուգահեռ հնչեցին հայտարարություններ այն մասին, թե Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, մինչև Եվրամիությունը պատրաստ չլինի ընդունել երկիրը իր կազմ։

Միջազգայնագետի խոսքով՝ միջազգային հարաբերությունների պրակտիկայում նման մոտեցուման նախադեպը չկար։ Որպես օրինակ նա նշել է Բրազիլիան, որը լինելով ԲՐԻԿՍ-ի անդամ, շարունակում է բնականոն տնտեսական հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների և ամերիկյան մայրցամաքի մյուս երկրների հետ՝ առանց իր անդամակցությունը տարբեր միջազգային միավորումներում հակադրելու։

Բալասանյանի համոզմամբ՝ պետք չէր սրել իրավիճակը և ստեղծել տպավորություն, թե Հայաստանը կանգնած է «կամ-կամ» ընտրության առաջ։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հեռացվել ԵԱՏՄ-ից, նա նշել է, որ նման որոշում կարող է ընդունվել միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմինների մակարդակով։ Սակայն նրա գնահատմամբ՝ այս փուլում գործընկերները նախընտրել են չգնալ հարաբերությունների հետագա սրման ճանապարհով և սահմանափակվել են քաղաքական զգուշացումներով։

«Հայաստանին ժամանակ տրվեց, բայց միաժամանակ հասկացվեց, որ այդ ժամանակը անսահման չէ և վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի հստակ որոշում կայացնել», — նշել է նա։

Միջազգայնագետը ընդգծել է, որ քաղաքական ցանկացած որոշման արդյունավետությունը պետք է գնահատվի քաղաքացիների շահերի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ եթե իրականացվող քաղաքականության արդյունքում տուժում են Հայաստանի քաղաքացիները, գյուղատնտեսությամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսվարողները, ապա անհրաժեշտ է վերանայել այդ քաղաքականության նպատակահարմարությունը։

Բալասանյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը հատկապես զգայուն է դարձել այն պատճառով, որ համընկել է նախընտրական շրջանի և հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման ամենաակտիվ սեզոնի հետ։

Նրա խոսքով՝ եթե նման զարգացումները տեղի ունենային տարվա այլ ժամանակահատվածում, հասարակական արձագանքը գուցե այդքան սուր չլիներ, սակայն այժմ խնդիրը անմիջականորեն անդրադառնում է հազարավոր գյուղացիական տնտեսությունների և արտահանողների վրա։

Scroll to Top