ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած այցի շրջանակներում ստորագրվեց երեք կարևորագույն փաստաթուղթ, որոնք ուրվագծում են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները: Դրանց թվում առանձնահատուկ ուշադրության է արժանի «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրիտիկական նշանակության միներալների և հազվագյուտ օգտակար հանածոների արդյունահանման ու վերամշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը»:
Բովանդակային տեսանկյունից փաստաթուղթն ինքնին պարունակում է տարրեր, որոնք դիվերսիֆիկացման մասին խոսակցությունները «դատարկ զրույցների» կարգավիճակից փոխադրում են «չոր դիվանագիտության» դաշտ: Արդյո՞ք արժե այս փաստաթուղթը դիտարկել որպես իրական քայլ դիվերսիֆիկման ուղղությամբ, թե՞ այն միայն ռիսկեր է պարունակում Հայաստանի համար:
Ազդակ՝ առանց պարտավորությունների
Հուշագիրը վերլուծելիս կարևոր է խուսափել էյֆորիայից: II բաժնի 5-րդ կետն ուղղակիորեն նշում է, որ փաստաթուղթը «չի ստեղծում կամ չի հաստատում որևէ իրավունք կամ պարտավորություն ներքին կամ միջազգային իրավունքի ներքո, չի առաջացնում որևէ իրավական վարույթ և չի ստեղծում որևէ իրավաբանորեն պարտադիր կամ կիրառելի պարտավորություն՝ բացահայտ կամ ենթադրյալ»: Ըստ էության, մեր առջև ամերիկյան «փափուկ ուժի» դասական գործիք է` երկկողմ քաղաքական մանիֆեստ, որն ուղղված է երկու կենտրոններին՝ Պեկին և Մոսկվա:
Վաշինգտոնի համար այս փաստաթուղթը ցուցադրումն է ԱՄՆ-ի պատրաստակամության ագրեսիվորեն ընդլայնել մատակարարումների աշխարհագրությունը՝ տեխնոլոգիական պատերազմում ռեսուրսների դեֆիցիտը հաղթահարելու համար: Եվ Հայաստանն այստեղ հերթական փազլն է այլընտրանքային մատակարարումների մեծ պատկերում: Իսկ Երևանի համար, որը վերջին շրջանում բախվում է Մոսկվայի ճնշումներին և աղետալի տնտեսական հետևանքների մասին «նախազգուշացումներին», այս հուշագիրը ՝ փորձ է ցույց տալու, թե Հայաստանն ունի ռեսուրս պատասխանելու ռուսական տնտեսական շանտաժին:
Պարզ ասած՝ Վաշինգտոնն ու Երևանն այս փուլում ընդհամենը ազդակ են հղում առ այն. որ ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես մատակարարումների համաշխարհային շղթայի պոտենցիալ այլընտրանքային տարր:
Հնարավորություններ. տեխնոլոգիական թռիչք և ֆինանսական մոբիլիզացիա
Այդուհանդերձ, եթե Հուշագրի կետերը սկսեն իրացվել պայմանագրերով և իրական քայլերով, Հայաստանը տնտեսության արդիականացման հզոր խթաններ կստանա, որոնք ամրագրված են այս փաստաթղթի չորս առանցքային դրույթներում.
Այսպես, I բաժնի 2-րդ կետի «ա» ենթակետում հստակ սահմանված է, որ առաջնահերթությունը տրվելու է այնպիսի նախագծերին, որոնք ստեղծում են «տարանջատման, վերամշակման և ավելացված արժեքի ստեղծման» կարողություններ հենց Հայաստանի ներսում: Երկրի համար սա հնարավորություն է հեռանալու չմշակված պղնձի կամ մոլիբդենի խտանյութի արտահանման մոդելից և անցնելու մաքուր մետաղների արտադրությանը:
Բացի այդ, փաստաթուղթը սահմանում է հստակ վերջնաժամկետ. ստորագրման պահից վեց ամսվա ընթացքում կողմերը խոստանում են ուսումնասիրել ֆինանսավորման մեխանիզմները, ներառյալ պետական երաշխիքները, վարկերը և մասնակցությունը (Բաժին I, կետ 2, «բ», «գ»): Սա հայկական նախագծերի համար ճանապարհ է բացում դեպի ԱՄՆ Միջազգային ֆինանսական զարգացման կորպորացիայի (DFC) հնարավորությունները:
Թերևս ամենահիմնարար դրույթը I բաժնի 8-րդ կետի «ա» ենթակետն է: ԱՄՆ-ը խոստանում է գործարկել տեխնիկական գործընկերություն՝ Հայաստանի ժամանակակից երկրաբանական ծառայություն ստեղծելու համար, ներառյալ գնահատման առաջատար մեթոդների փոխանցումը և տվյալների հավաքագրման ստանդարտների արդիականացումը: Սա թույլ կտա թվայնացնել և համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցնել երկրի ընդերքի մասին տվյալները:
I բաժնի 9-րդ կետը նախատեսում է փոխանակման ծրագրերի գործարկում հայ ինժեներների, մետալուրգների և բնապահպանական կառավարման մասնագետների վերապատրաստման համար, ինչը պետք է լուծի բարձր տեխնոլոգիական արդյունահանման համար որակյալ կադրերի դեֆիցիտի խնդիրը:
Ռիսկեր. մենաշնորհ և կարգավորող ճնշում
Հուշագիրն ունի և հակառակ կողմ, որը ՀՀ-ից պահանջում է առավելագույն զգուշավորություն, քանի որ պարունակում է կետեր, որոնք կարող են սահմանափակել մեր երկրի մանևրելու հնարավորությունները:
Այսպես, I բաժնի 5-րդ կետով կողմերը հայտարարում են դիվանագիտական գործիքներ մշակելու մտադրության մասին՝ «ազգային անվտանգության հիմքով կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ակտիվների վաճառքները վերանայելու, կանխարգելելու կամ թույլատրելու նպատակով»: Դիվանագիտական լեզվից թարգմանաբար սա կարող է նշանակել, որ Երևանը պարտավորված կլինի Վաշինգտոնի հետ համաձայնեցնել իր հանքավայրերի շահագործման իրավունքի տրամադրումը երրորդ երկրներին (առաջին հերթին՝ Չինաստանին կամ Ռուսաստանին):
Համաձայն I բաժնի 2-րդ կետի «դ» ենթակետի՝ ամերիկյան ընկերություններն ակնկալում են ստանալ «առաջնահերթ հնարավորություն ներդրումներ իրականացնելու համար» Հայաստանի կրիտիկական միներալների ակտիվներում: Սա արդեն նմանվում է ոչ թե դիվերսիֆիկացմանը, այլ ամերիկյան կապիտալին ոլորտի մենաշնորհի տրամադրմանը:
I բաժնի 3-րդ կետը հռչակում է արդյունահանման և վերամշակման թույլտվությունների տրամադրման ժամկետները «արագացնելու, պարզեցնելու կամ արդիականացնելու» մտադրությունը: Հայաստանի բնապահպանական ինստիտուտների թուլության պայմաններում՝ ԱՄՆ արդյունաբերական պահանջարկի արագացված բավարարումը կարող է հանգեցնել լուրջ բնապահպանական ճգնաժամերի:
Թեև I բաժնի 8-րդ կետի «բ» ենթակետը վերապահում է հարգանքը ազգային անվտանգության նկատմամբ, երկրաբանական տվյալների փոխանակման մասին կետը Հայաստանից կպահանջի զգայուն տեղեկատվության փոխանցում իր ընդերքի մասին, ինչը միշտ հանդիսանում է բարձր ռիսկայնության գոտի:
Ամերիկյան շահը. ինչո՞ւ հենց Հայաստանը
Վաշինգտոնի տրամաբանությունը սպառիչ կերպով բացատրեց ԱՄՆ խաղաղարար առաքելությունների հատուկ բանագնացի գրասենյակի տնօրեն Վինեյ Չալվան՝ Yerevan Dialogue 2026-ի շրջանակներում: Նրա հայտարարություններում նկատվում են Հայաստանի գրավչության երեք առանցքային գործոններ՝ ինստիտուցիոնալ հարմարավետություն, տեխնոլոգիական բեքգրաունդ և ԱՄՆ-ի ներգրավվածությունը ենթակառուցվածքային աշխարհաքաղաքականության մեջ:
Այսպես, Չալվան առանձնահատուկ ընդգծեց տարածաշրջանի համար եզակի օրենսդրական առավելությունը՝ Հայաստանում ընկերությունների 100-տոկոսանոց օտարերկրյա սեփականատիրության հնարավորությունը, ինչը նվազագույնի է հասցնում ամերիկյան ներդրողների մտավախությունները: Չալվան ուղղակիորեն կապեց հումքի արդյունահանումը կիսահաղորդիչների արտադրության հետ՝ հիշեցնելով Հայաստանում Synopsys-ի մակարդակի ՏՏ հսկաների բազմամյա հաջողված փորձը և Firebird նախագծի մեկնարկը: Հայ ինժեներները, ըստ նրա, դիտարկվում են որպես պատրաստի օղակ բարձր տեխնոլոգիական շղթայի համար:
Եվ վերջապես, Չալվան միներալների արդյունահանման մասով համագործակցությունը կապեց TRIPP («Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարօրության») նախագծի հետ: Չալվայի կարծիքով՝ առանց հայկական միներալների TRIPP-ը կարող է դառնալ «ոչ էֆեկտիվ ակտիվ», իսկ առանց TRIPP-ի՝ հայաստանյան միներալները կմնան «չպահանջված ռեսուրս»:
Ռուսական գործոնը. անխուսափելի հակամարտություն լեռնահանքային ոլորտում
Հուշագրի գործնական իրականացման գլխավոր մարտահրավերը Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության մեջ ռուսական կապիտալի զգալի ներկայությունն է: Այսօրվա դրությամբ երկրի հիմնական արդյունահանող ակտիվները կա՛մ ուղղակիորեն կապված են ռուսական ընկերությունների հետ, կա՛մ լրջորեն կախված են նրանցից:
Վաշինգտոնը, դատելով ամեն ինչից, իր առջև խնդիր չի դնում Հայաստանից սովորական հանքաքարի մեծ ծավալներ ստանալ: Մատակարարումների դիվերսիֆիկացման գլոբալ ռազմավարության մեջ Հայաստանը դիտարկվում է ավելի շուտ որպես խճանկարի տարրերից մեկը: Ամերիկյան տեխնոլոգիական հսկաներինառաջին հերթին հետաքրքրում են ուղեկցող հազվագյուտ տարրերը ՝ ռենիում, գալիում, ինդիում, սելեն, տելուր և բիսմութ:
Հենց այստեղ կողմերի շահերը կարող են մտնել հակասության մեջ: Այս արժեքավոր տարրերը ֆիզիկապես գտնվում են այն հանքավայրերում, որտեղ արդեն առկա է ռուսական կապիտալը:
Ռուսական ընկերությունների, և ամենից առաջ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի համար, ամերիկյան ներկայության ընդլայնումը կրիտիկական միներալների ոլորտում կարող է լրացուցիչ բարդություններ ստեղծել: Ռուսական խաղացողները չեն տիրապետում խորը վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների ամբողջական փաթեթին: Ավանդաբար նման հումքն ուղարկվում էր վերամշակման ԵՄ երկրներ կամ Չինաստան: Այն դեպքում, եթե արևմտյան տեխնոլոգիական շղթաները դառնան պակաս հասանելի, ռուսական ձեռնարկությունները ռիսկի են դիմում մնալ խտանյութի արտադրության փուլում՝ կորցնելով ավելացված արժեքի զգալի մասը:
Բացի այդ, Երևանի ավելի սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, ներառյալ երկրաբանական տվյալների հնարավոր փոխանակումը կամ ռուսական մասնակցությամբ հանքավայրերում աուդիտի անցկացումը, կարող է ռուսական հոլդինգներին բարդ դրության մեջ դնել երկրորդային պատժամիջոցների տեսանկյունից: Ամերիկյան կողմը, հավանաբար, ակնկալելու է մատակարարումների շղթաների «մաքրում» սահմանափակումների տակ հայտնված անձանցից և կազմակերպություններից:
Հուշագրի անցումը գործնական հարթություն ընդունակ է հարուցել որոշակի դիմադրություն: Մասնավորապես, ոչ շուկայական պրակտիկաներից պաշտպանելու մասին դրույթների կիրառումը (I բաժնի 4-րդ կետ) կամ ակտիվների վաճառքի հետ կապված մեխանիզմները (I բաժնի 2-րդ կետի «դ» ենթակետ) Մոսկվայում կարող են ընկալվել որպես միջամտություն ձևավորված տնտեսական շահերին: Ի պատասխան՝ ռուսական ընկերությունները կարող են գնալ նոր ներդրումների սառեցման, աշխատանքի պայմանների վերանայման կամ այլ քայլերի, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծել հայկական տնտեսության համար:
Կարևորագույն նրբությունն այն է, որ Կրեմլի կողմից պատասխան խիստ միջոցների ողջ համալիրը կարող է գործարկվել ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների իրական գործարկումից շատ առաջ: Ըստ էության, Երևանի կողմից արդեն իսկ արվել է բարձր քաղաքական հայտ, որը գրգռում է Մոսկվային: Սակայն դրա հետ մեկտեղ հայկական կողմի ձեռքին չկան որևէ փաստաթղթային հիմքեր, որոնք ենթադրում են իրական քայլեր և երկաթյա երաշխիքներ Վաշինգտոնի կողմից, իսկ ամերիկյան նախագծերի իրականացումն ինքնին մնում է մեծ հարցականի տակ: Այսինքն՝ Հայաստանը կարող է ստանալ միանգամայն շոշափելի տնտեսական հարվածներ Ռուսաստանից մի փաստաթղթիպատճառով, որն այս պահին գոյություն ունի միայն դեկլարատիվ մակարդակում:
Հռչակագրի և իրականության միջև. արժե՞ հավատալ Վաշինգտոնին
Գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյո՞ք այս փաստաթուղթը կվերածվի իրական պայմանագրերի, թե՞ կմնա «կատարման համար ոչ պարտադիր թղթի կտոր»: ԱՄՆ ներկայիս վարչակազմի հուսալիության գնահատումը պահանջում է Սպիտակ տան քաղաքական հռետորաբանության և կոշտ պրագմատիզմի հստակ տարանջատում:
Ամերիկյան դիվանագիտական պրակտիկայում փոխըմբռնման հուշագիրը մտադրությունների ֆիքսման գործիք է: Այն միտումնավոր կազմված է այնպես, որ իրավիճակի փոփոխության դեպքում հնարավոր լինի անխոչընդոտ չեղարկել բոլոր նախնական պայմանավորվածությունները: Ավելին, կապը TRIPP նախաձեռնության հետ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հարցին մոտենում է որպես ամբողջակոն բիզնես նախագծի: Եթե ծախսերը գերազանցեն օգուտները, Վաշինգտոնը շատ արագ կկորցնի հետաքրքրությունը: Բացի այդ, չմոռանանք, ամերիկյան կառավարությունն ինքը հանքեր չի փորում, այն միայն երաշխիքներ է տալիս: Իրական փողերը պետք է բերի մասնավոր կապիտալը, որը չափազանց զգայուն է անվտանգության ռիսկերի նկատմամբ, իսկ մեր տարածաշրջանը, գոնե այսօրվա դրությամբ անվտանգության տեսանկյունից դժվար է կայուն համարել:

