Հունիսի 24-ին իշխանամետ լրատվամիջոցներից մեկում հրապարակվեց այսպես կոչված «հեղաշրջման պլան», և արդեն հաջորդ օրը իրավապահ մարմինները սկսեցին լայնածավալ գործողություններ՝ խուզարկությունների, և ձերբակալությունների տեսքով։ Ընդամենը մեկ օրում իրականացվել է շուրջ 90 խուզարկություն, կալանավորվել է 15 քաղաքացի, որոնց թվում է նաև Սրբազան Պայքարի առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը համոզված է՝ ներկայիս ներքաղաքական սրացումների և ընդդիմության նկատմամբ տարվող ճնշումների ետևում կանգնած են ինչպես Փաշինյանի արտաքին քաղաքական ձախողումները, այնպես էլ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական շահերը։
Պատգամավորի գնահատմամբ՝ վարչապետի ձախողումը ռազմավարական պայմանավորվածությունների հասնելու հարցում հանգեցրել է ներքին ճնշումների աճի, ինչի վկայությունն են նաև եկեղեցու դեմ սկսված քարոզարշավը և դրան հաջորդած ճնշման գործողությունները։ Ըստ Վարդանյանի՝ այս հռետորաբանությունը շատ նման է ադրբեջանական գործիչների օգտագործած բառապաշարին, ինչը խոսում է գաղափարական մոտության մասին։ Նա ընդգծում է, որ Փաշինյանի Թուրքիա այցին զուգահեռ սկսվել են խուզարկություններ, իսկ դրանից առաջ տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը։
Էլինար Վարդանյանը մատնանշում է, որ Փաշինյանը չունի միջազգային լուրջ հեղինակություն, և նույնիսկ Ադրբեջանը նրան լուրջ չի ընդունում։ Արևմտյան կառույցներն էլ պարզապես օգտագործում են նրան որպես քաղաքական գործիք։ Այս պայմաններում, ըստ նրա, վարկանիշի անկման պայմաններում սկսվել է ընտանեկան շահագործման մի նոր փուլ՝ որտեղ իշխանության ներկայացուցիչների զավակները ներգրավված են սցենարացված քաղաքական արշավներում։
Վարդանյանը նաև զգուշացնում է, որ շարունակվող հակաեկեղեցական հռետորաբանությունը և մայր աթոռի ուղղությամբ հնարավոր գործողությունները կարող են լրջորեն սրել իրավիճակը և հրահրել քաղաքացիական բախումներ։ Նա վստահ է, որ այս ամենը արվում է մեկ նպատակի համար՝ ստեղծել կառավարելի քաոս երկրում, որի պայմաններում հնարավոր լինի հայտարարել արտակարգ դրություն և ընտրությունները կամ հետաձգել, կամ ընդհանրապես չանցկացնել։
Պատգամավորը եզրափակում է՝ այն ինչ տեղի է ունենում այսօր, արդեն դուրս է սովորական քաղաքական պայքարի շրջանակից․ իշխանությունների գործողություններն ուղղակի վտանգում են երկրի կայունությունն ու ժողովրդավարությունը։

