Իրանի ապագան որոշվելու է ներսում, բայց սպառնալիքները արտաքինից են գալիս

Իրանը կանգնած է աննախադեպ մարտահրավերների առաջ․ միջուկային ծրագրի, տարածաշրջանային ճնշումների ու աշխարհաքաղաքական ցնցումների ֆոնին Իրանի ներքին ու արտաքին անվտանգային օրակարգը դարձել է առաջին հերթի խնդիր։ Այս մասին նշում է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Բեգլարյանի դիտարկմամբ՝ Իսրայելի նպատակն է Իրանը հասցնել ռազմավարական պարտության, հնարավոր է՝ իշխանափոխության, կամ առնվազն ստիպել հրաժարվել միջուկային ծրագրից ԱՄՆ-ի աջակցությամբ։ «Եթե Արևմուտքը համարի, որ Իրանը իսկապես թուլացած է, նրանք կփորձեն առավելագույնս օգտվել դրանից», — կարծում է նա։

Նա համոզված է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը գործում են միասին. «Իսրայելը որևէ բան չի անում առանց Ամերիկայի համաձայնության։ Նաթանյահուն ոչ մի հոխորտանք չի կարող իրականացնել առանց Թրամփի կամ ԱՄՆ-ի թիկունքի»։ Իրանն ու Իսրայելը տարածքով ու ռեսուրսներով անհամեմատելի են, ասում է Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ Իսրայելը 26 հազար քառակուսի կմ տարածք ունի, մինչդեռ Իրանը՝ 1,5 միլիոն։ «Իսկ վճռորոշը լինելու է ԱՄՆ-ի՝ միջամտելու կամ չմիջամտելու որոշումը»։ Նա ընդգծում է, որ Թրամփն ունի որոշակի շահեր՝ պահելու Իրանին մշտապես պատերազմական վիճակում՝ Մերձավոր Արևելքի մյուս երկրներից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով։

Ըստ նրա՝ Իրանի հյուսիս–արևմուտքի ապակայունացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ «Եթե հյուսիս–արևմուտքը անջատվի Իրանից, Հայաստանը կարող է հայտնվել լիակատար շրջափակման մեջ, ոչ միայն արևմուտքից ու արևելքից, այլև հարավից», — ասում է նա։ Նրա համոզմամբ, այդպիսի զարգացման պարագայում Զանգեզուրի միջանցքի գաղափարը կարող է իրականանալ ինքնաբերաբար։ «Կարելի է ասել՝ Զանգեզուրյան միջանցքը ինքնստինքյան կստեղծվի, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»։

Scroll to Top