ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական դիմակայության սրացումը նախապես չհաշվարկված քայլ էր, քանի որ Վաշինգտոնը գերագնահատեց ռազմական առավելության դերը և թերագնահատեց Իրանի պետական ու ռազմական համակարգի առանձնահատկությունները։ Այս կարծիքն է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները և Իսրայելը, ունենալով ռազմական զգալի առավելություն Իրանի նկատմամբ, համոզված էին, որ ուժային մեթոդներով հնարավոր կլինի արագ հասնել ցանկալի արդյունքի։ Սակայն, ըստ քաղաքագետի, այդ մոտեցումը հիմնված չէր տարածաշրջանի իրողությունների լիարժեք գնահատման վրա։
Գրիգորյանը նշեց, որ Դոնալդ Թրամփի քաղաքական մտածողությունը տարբերվում է ԱՄՆ նախորդ նախագահներից։ Նրա խոսքով՝ Թրամփը հակված է հավատալու, որ նույնիսկ ամենաբարդ խնդիրները հնարավոր է լուծել մեկ վճռական հարվածով՝ հիմնվելով ԱՄՆ-ի ռազմական գերազանցության վրա։ Քաղաքագետը դա կապում է նաև Թրամփի բիզնես միջավայրից եկած մտածողության հետ, որի շրջանակում երկրների նկատմամբ մոտեցումը հաճախ չափազանց պարզեցված է լինում։
Նա հիշեցրել է, որ ռազմական գործողությունների սկզբնական փուլում Թրամփը հայտարարել էր, թե Իրանի ռազմական ներուժի մեծ մասը ոչնչացվել է։ Սակայն, ըստ Գրիգորյանի, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Իրանը շարունակում է ունենալ գործող բանակ, ոստիկանություն, հատուկ ստորաբաժանումներ և շարունակում է արդյունավետ դիմադրություն ցուցաբերել։ Գրիգորյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի սխալ հաշվարկների պատճառներից մեկն էլ այն է, որ նա բավարար չափով չի վստահում ամերիկյան հետախուզական և անվտանգության կառույցներին՝ հաճախ անտեսելով դրանց գնահատականները։ Նրա համոզմամբ՝ հենց այդ պատճառով Վաշինգտոնը հայտնվել է ավելի բարդ իրավիճակում, քան ակնկալում էր։
Այս համատեքտում Գրիգորյանը անդրադարձավ էներգետիկ գործոնին՝ նշելով, որ Թրամփը հույս ուներ վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավթային հոսքերի նկատմամբ՝ ինչպես նախկինում փորձել էր անել այլ ուղղություններով։ Սակայն Իրանի պարագայում այդ հաշվարկը նույնպես չարդարացավ, քանի որ տարածաշրջանի առանձնահատկությունները և քաղաքական իրողությունները բոլորովին այլ են։
Քաղաքագետը ներկայիս լայնածավալ ռազմական գործողությունները բնութագրել է որպես Իրանի դեմ արդեն երրորդ պատերազմ՝ ընդգծելով, որ նման քայլերով միևնույնն է հնարավոր չի լինի հասնել այն նպատակներին, որոնք իր առջև դրել է Վաշինգտոնը։
Նրա խոսքով՝ Իրանի պետական և ռազմական կառավարման համակարգը կառուցված է այնպես, որ նույնիսկ ամենածանր հարվածների դեպքում շարունակում է գործել։ Որպես օրինակ նա նշել է, որ երկրի սահմանադրական մեխանիզմները նախատեսում են կառավարման արագ ապակենտրոնացում, ինչի շնորհիվ ռազմական հրամանատարությունը կարող է անմիջապես փոխանցվել նահանգային մակարդակին։
Գրիգորյանը համոզված է, որ հենց այդ համակարգն է Իրանի գլխավոր առավելություններից մեկը, ինչի պատճառով ցամաքային ռազմական գործողությունների իրականացումը չափազանց բարդ և ծախսատար կլինի։ Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ ԱՄՆ-ը փորձի սահմանափակ գործողություններ իրականացնել Հորմուզի նեղուցի որոշ կղզիներում, դա չի փոխի ընդհանուր ռազմաքաղաքական պատկերը։ «Ամերիկան այսօր էլ ունի ռազմական մեծ առավելություն, բայց դա չի նշանակում, որ հնարավոր է ուժով պարտադրել սեփական կամքը։ Թրամփը կարծես փորձում է ձեռքի ուժով մրցել շախմատիստի հետ, իսկ շախմատիստը խաղում է իր կանոններով»,– նշել է քաղաքագետը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել տնտեսական հետևանքների վրա՝ հիշեցնելով, որ Թրամփը խոստանում էր, թե ռազմական գործողությունների արդյունքում էներգակիրների գները կնվազեն։ Սակայն, ըստ նրա, իրականությունն ամբողջովին հակառակն է եղել․ նավթի գները շարունակել են աճել ոչ միայն Եվրոպայում, այլև Միացյալ Նահանգներում։
Գրիգորյանը նշեց, որ Դոնալդ Թրամփի քաղաքական աշխարհընկալումը մեծապես հիմնված է բիզնես տրամաբանության վրա, որտեղ միջազգային հարաբերությունները հաճախ ընկալվում են որպես գործարքներ։ Նրա խոսքով՝ հենց այդ մտածողությունն էլ խոչընդոտում է ճիշտ գնահատել բարդ աշխարհաքաղաքական գործընթացները և հանգեցնում է սխալ ռազմավարական որոշումների։ Դրա հետ մեկտեղ, քաղաքագետը համաձայն է այն գնահատականների հետ, որ Իրանի հետ բանակցելը չափազանց բարդ գործընթաց է եղել։ «Թեհրանը սովորաբար չի գնում իրական զիջումների։Կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանը պատրաստ է փոխզիջումների, սակայն գործնականում նման զիջումներ երբեք չեն իրականացվում», — եզրափակեց նա։

