Հայաստանի կառավարությունը կրկին ընտրում է փորձված ճանապարհը՝ ներկայացնելով լայնածավալ օրենսդրական նախագծեր արագացված կարգով և արտահերթ ընթացակարգով: Տասնամյակներ շարունակ չլուծված խնդիրները կառավարությունը առաջարկում է լուծել առանց լուրջ քննարկումների և վերլուծությունների: Արդյունքում՝ բարեփոխումները հաճախ վերածվում են գլխացավանքի՝ ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ քաղաքացիների համար: Այս անգամ խնդրո առարկա դարձավ հանրային տրանսպորտի հարցը:
Ներկայացված բարեփոխումների փաթեթը նախատեսում է վերանայումներ երեք օրենքներում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում։ Առաջարկած փոփոխությունների նպատակն է, ըստ հեղինակների, կարգավորել ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների համակարգը։ Աիսպես՝ նախատեսվում է ներդնել միասնական տոմսային համակարգ, փոխել տրանսպորտային օպերատորների ընտրության և գործունեության սկզբունքները, ինչպես նաև սահմանել նոր տեղական վճարներ՝ որպես համայնքների եկամուտների աղբյուր։
Ըստ հեղինակների՝ առանց այս կարգավորումների հնարավոր չէ ապահովել վերահսկելի և արդարացի տրանսպորտային ծառայություններ։ Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ Երեւանում տարբեր տրանսպորտային միջոցներից (ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն) մեկ միասնական վճարով օգտվելու հնարավորությունը թույլ կտա քաղաքացիներին շարժվել ավելի արագ և հարմարավետ։ Միաժամանակ, առանց վճարի ծառայությունից օգտվելու համար սահմանվում են վարչական տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի մինչև 15-ապատիկի չափով։
🚩🚩🚩Չնայած բարեփոխումները պաշտոնապես ներկայացվում են որպես արդյունավետության և վերահսկելիության բարձրացման քայլ, նախագիծն ունի մի շարք վիճահարույց կողմեր։ Այսպես, օպերատորների ընտրության նոր մոդելը՝ առանց մրցույթի և ուղղակի գնումների միջոցով, մեծացնում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը՝ համայնքի ղեկավարի անհատական որոշմամբ։ Նոր ձևաչափով վերահսկողությունն ապահովելու նպատակով թույլատրվում է ուղևորներին լուսանկարել, տեսանկարահանել և նույնականացնել, ինչը իրականում կարող է գնահատվել որպես անհամաչափ միջամտություն անձնական կյանքին։ Նախատեսված պատժամիջոցներն աննախադեպ խիստ են՝ հաշվի առնելով, որ տրանսպորտային ծառայությունների որակը դեռևս բազմաթիվ համայնքներում մնում է ցածր։

